HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Երբ Սերժ Սարգսյանը ոչ ստանդարտ վիճակում է հայտնվում, այ էդ ժամանակ Նժդեհի մասին մեկ-մեկ հիշում է»

Ըստ Սուրենյանցի` Լևոն Տեր-Պետրոսյանը հաճախ ասում է աքսիոմատիկ ճշմարտություններ

«Ես շատ ուրախ կլինեի, որ այս բոլոր չափանիշերը Թուրքիան բավարարած լիներ և Եվրամիության անդամ լիներ, որովհետև ինձ համար հաճելի կլինի, որ իմ հարևան երկիրը լինի Եվրամիության անդամ»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանցը:

Նրա կարծիքով` եթե Թուրքիան լինի ԵՄ անդամ, ապա դա կմեծացնի Հայաստանի անվտանգության երաշխիքները: Միաժամանակ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ Թուրքիան առաջընթաց չի արձանագրել այն 3 խնդրում, որոնց լուծումն անհրաժեշտ է ԵՄ անդամ դառնալու համար: Քրդական խնդրում վիճակն անմխիթար է, Կիպրական հարցում բանակցությունները շատ դանդաղ են առաջ ընթանում, սահմանադրական բարեփոխումներն էլ, որոնք տեղի ունեցան վերջերս, կիսատ-պռատ էին և հանգեցրին ոչ թե արմատական, այլ կոսմետիկ փոփոխությունների: Իսկ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում հայկական գործոնը, ըստ Սուրեն Սուրենյանցի, շատ ավելի պակաս կարևորություն ունի: Այնուամենայնիվ, ըստ բանախոսի, Էրդողանի կառավարությունն ակնհայտորեն ջանքեր է գործադրում Թուրքիայում առաջընթաց ապահովելու համար, և այսօրվա Թուրքիան 5-10 տարի առաջվա Թուրքիան չէ: «Թուրքիան փոխվում է: Ձևի համար են անում, Եվրոպային սիրաշահելու համար են անում, չգիտեմինչի համար են անում, բայց այնուամենայնիվ էդ երկրում տեղի են ունենում շատ կարևոր իրադարձություններ, էդ թվում` օրինակ մեր եկեղեցու բացման արարողությունը: Բոլորը ասում են, որ թատրոն էր: Լավ, բայց այդ թատրոնների հետևանքով որակապես վիճակ է փոխվում Թուրքիայում դրական: Այ, թող մեզ մոտ էլ թատրոն անեն, քաղկալանավորներին բաց թողնեն: Կփոխվի արմատապես վիճակ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը զուգահեռ թուրքերը ոչնչացրին մոտակայքում գտնվեղ մեկ այլ հայկական եկեղեցի` Սուրեն Սուրենյանցն ասաց. «Տարիներ առաջ բոլորն էին ոչնչացնում: Հիմա գոնե մեկը բացվել է»: Երբ նշեցինք, որ այժմ այնքան շատ չեն ոչնչացնում, որքան տարիներ առաջ, որովհետև այլև ոչնչացնելու բան չի մնացել` Սուրենյանցը պատասխանեց. «Թուրքիայով ես հիացած չեմ: Ես ՀՀ քաղաքացի եմ և սպասարկում եմ միայն ՀՀ շահերը ու իմ ընտանիքի շահերը»: Սուրեն Սուրենյանցը հայ-թուրքական հարցում մոտ ապագայում մեծ առաջընթաց չի ակնկալում: «Էս հարցում աքսիոմատիկ ճշմարտություն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը. «Քանի առաջընթաց չգրանցվի ԼՂ խնդրում, բեկումնային շրջադարձ չի լինելու նաև հայ-թուրքական հարաբերություններում»: Մեկ-մեկ Լևոն Տեր-Պետրոսյանը բաներ է ասում, քաղաքական ուժերը հետո զարմացած արձագանքում են: Ուղղակի ի տարբերություն շատ-շատ այլ գործիչների` Լևոն Տեր-Պետրոսյանը հաճախ ասում է աքսիոմատիկ ճշմարտություններ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Երբ նրան հարցրին, թե արդյոք նաև ճշմարտությո՞ւն է Լևոն Տեր-Պետորսյանի այն հայտարարությունը, որ ցեղակրոնությունը ռասիզմ է, նա պատասխանեց, որ այո: Սուրեն Սուրենյանցի խոսքերով` Գարեգին Նժդեհը շատ հայրենանվեր գործունեություն է ծավալել 18-21 թվերին Սյունիքում, ինչը հնարավոր չէ ուրանել, բայց միևնույն ժամանակ անհասկանալի վարքագիծ է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: «Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը պրիմիտիվ, էդ ժամանակների նացիոնալ սոցիալիզմից վերցված ինչ-որ բառակապակցություններ են, որոնք իհարկե, ֆաշիզմ չեն, բայց պրիմիտիվ ազգայնականություն է, որի մեջ զարգացման որևէ ռեսուրս չկա: Պրիմիտիվ ազգայնականությունը նման է հաշիշի. մի քանի ժամ մարդուն կարող է կտրել իրականությունից»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: «Այսինքն` հանրապետականների գաղափարական հիմքը շատ պարզամիտ, պրիմիտի՞վ է»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Իհարկե, որևէ լուրջ հանրապետական էդ գաղափարներին լուրջ չի վերաբերվում: Կարող է` Ռազմիկ Զոհրաբյանն է լուրջ վերաբերվում, այլ գիրք չի կարդացել էդ մարդը, Նժդեհի գիրքն է կարդացել: Ես Նժդեհի բոլոր ստեղծագործությունները կարդացել եմ: Հլը մի հատ գնացեք ԱԺ, տեսեք` քանի հանրապետական է Նժդեհից ինչ-որ բան կարդացել: Էլ դարդ ու ցավ չունեն. 21-րդ դար, ինտերնետ, գլոբալիզացիա, ի~՞նչ Նժդեհ: Իրենք էլ դրան լուրջ չեն վերաբերվում: Դուք լուրջ Սերժ Սարգսյանին նժդեհակա՞ն եք համարում: Երբ Սերժ Սարգսյանը ոչ ստանդարտ վիճակում է հայտնվում, օրինակ` պիտի Ալիևին մի հատ կոշտ պատախան տա, այ էդ վախտ Նժդեհի մասին մեկ-մեկ հիշում է»,- պատասխանեց Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա` լուրջ քաղաքական գործիչը ցեղակրոն լինել չի կարող: Հակառակ դեպքում կլինի ռասիստ, ինչպես ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter