HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կիրո Մանոյան. «Աստանայում կկրկնվի այն, ինչ մինչ այսօր ասվել է»

Աստանայում անկացվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Արցախի հարցում առաջընթաց ակնկալելու հիմք չկա: Գագաթնաժողովից առաջ Ադրբեջանի հայտարարությունները, թե դրական մեծ ակնկալիքներ ունեն, ճանապարհային քարտեզ կարող է ստորագրվել և այլն, իրականում քարոզչություն է, որի նպատակն է ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Այսօրվա մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Ադրբեջանը մերժելով մերժում է ընդունել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս: Այն օրը, որ Ադրբեջանը ընդունի, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս, կարող ենք ակնկալել լուրջ առաջընթաց: Այլապես, կարծում եմ, Աստանայում կկրկնվի այն, ինչ մինչ այսօր ասվել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից»,- ասաց Կիրո Մանոյանը: Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին` նա նշեց, որ դրանք ընդունելի են որպես սկզբունքներ` բռնի ուժ, բռնի ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունք, ինչպես նաև տարաքային ամբողջականություն: «Այս սկզբունքներն ընդունելի են, որովհետև տարաքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանի խորհրդային սահմաններին, քանի որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս է եկել ճիշտ այն օրենքի համաձայն, ինչ Ադրբեջանն է Խորհրդային Միությունից դուրս եկել: Բայց դրանից բխող մնացյալ քայլերին մենք համաձայն չենք»,- ասաց Կիրո Մանոյանը: Մադրիդյան մնացյալ առաջարկները, նրա խոսքերով, ոչ թե սկզբունք են, այլ այս սկզբունքների հիման վրա միջնորդների պատկերացրած քայլեր, որոնք ընդունելի չեն, քանի որ այնպիսին են, կարծես թե 1988-ից հետո ոչինչ չի եղել: Եթե ներկայումս առաջարկվող սահմանները հայկական կողմին առաջարկվեին 1988-ին, ապա Կիրո Մանոյանի խոսքերով, առաջարկը կարելի էր ընդունել: Բայց հիմա, երբ Ադրբեջանը պարտվել է իր իսկ սանձազերծած պատերազմում, ԼՂԻՄ-ի մասին խոսելն ավելորդ է: «Իրենք, Լեռնային Ղարաբաղ ասելով, ԼՂԻՄ նկատի ունեն, ինչը ոչ մի ձևով իրականության չի համապատասխանում: Ոչ քաղաքականորեն, ոչ աշխարհագրականորեն ԼՂԻՄ չէ ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Հատկապես որ այդ տարածքները նույնքան հայկական են, որքան միջնորդների ասած Լեռնային Ղարաբաղի ցանկացած տարածք»,- աաաց Կիրո Մանոյանը: Խոսելով ժողովրդի անորոշ կամարտահայտության մասին` Մինսկի խմբի միջնորդներն անտեսում են այն փաստը, որ արցախահայությունն արդեն առնվազն 2 անգամ (1991 և 2006 թթ.) հանրաքվեներով իր կամքն արտահայտել է` Ադրբեջանից անկախ ապրելու օգտին: Կիրո Մանոյանի խոսքերով` ՀՀ-ն բավարար քայլեր չի անում Մինսկի խմբի վերոնշյալ առաջարկներին դիմագրավելու համար: «Մյուս կողմից ԼՂՀ-ն անելիք ունի, որ ԼՂՀ-ն պետք է ուղղակի մասնակից դառնա այս բանակցություններին, և այդ ձևով կարելի է իսկապես հասնել ի վերջո արդար և կայուն խաղաղության»,- ասաց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter