HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ավելի շուտ իշխանությունների լեգիտիմության հարցը կարգավորվեց, և ոչ թե անպայման Հայաստանի վարկը բարձրացվեց»

Կիրո Մանոյանն արձանագրությունների նոր նախագիծ է առաջարկում

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` Հայաստանն այսօր ևեթ պետք է իր ստորագրությունը հետ կանչի Հայաստան-Թուրքիա արձանագրություններից և պատրաստի 3 պարբերությունից բաղկացած, կես էջանոց արձանագրության նախագիծ:

Նախագծում պետք է հստակ նշված լինի հետևյալ 3 կետը. 1. Երկու կողմերը որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ: 2. Երկու կողմերը որոշել են բացել ճանապարհները: 3. Երկու կողմերը որոշել են իրենց միջև առկա բոլոր խնդիրները կարգավորել միջազգային իրավունքի համաձայն` խաղաղ բանակցություններով կամ խաղաղ այլ միջոցներով: «Այն օրը, որ Թուրքիայում պատրաստ կլինեն այս 3 պարբերությամբ արձանագրությունը ստորագրելու, Հայաստանը պատրաստ կլինի: Բայց այսօրվա վիճակով Հայաստանը ինքն իրեն դրել է ճնշման տակ, որովհետև Թուրքիայի ձեռքը տվել ենք լծակ, որ ամեն անգամ սկսի խոսել, որ «ինքն ուզում է ամբողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատել» և այլն»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Կիրո Մանոյանը: Եթե Թուրքիայի նպատակն է «ամբողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատելը», ապա Կիրո Մանոյանը տարակուսում է, թե ի՞նչ կարիք չկար Հայաստան-Թուրքիա բանակցությունները սկսել Արցախի հարցը կարգավելուց առաջ և ոչ թե հետո: «Հիմա այս վիճակով մենք, փաստորեն, զրկվել ենք որևէ ձևով հարց բարձրացնելու հնարավորությունից, որովհետև ասում են, որ «վերջիվերջո, դուք ստորագրել եք, և դուք եք ասում, որ սպասում եք: Է, սպասեք»: Միացյալ Նահանգներն էլ այլևս չի ասում, որ «պետք է խելամիտ ժամկետներում, առանց նախապայմանի կվավերացվեն», ասում է. «Կսպասենք»: Այս «սպասելը»` Թուրքիայի կամակատարությունից կախված, մի քիչ շատ է»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ` Թուրքիան այս արձանագրություններով (թեկուզ չվավերացված) արդեն ստացել է վավերացման դեպքում իր ստանալիքի ավելի քան 80 %-ը: «Թուրքիան ոչինչ չի տվել, միայն ստացել է, իսկ Հայաստանը ոչինչ չի ստացել, միայն տվել է հնարավորություններ»,- ասաց Կիրո Մանոյանը: Անդրադառնալով իշխանությունների այն տեսակետին, թե արձանագրությունների ստորագրումը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը` Կիրո Մանոյանն ասաց, որ իշխանությունները պետք է հենց առաջին օրվանից հայտարարեին, որ բանակցությունները սկսելու նապատակը Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելն էր և ոչ թե Հայաստան-Թուրքիա հարցը կարգավորելը: «Ես կասեի` ավելի շուտ իշխանությունների լեգիտիմության հարցը կարգավորվեց, և ոչ թե անպայման Հայաստանի վարկը բարձրացվեց, որովհետև երբ Հայաստանը ասում է, որ «ես սպասում եմ Թուրքիային», նշանակում է, որ ինքը չէ քաղաքականություն որոշողը, իր անելիքը որոշողը, այլ սպասում է Թուրքիային»,- ասաց Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց, որ երբ նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց հայ-թուրքական արձագարությունների գործընթացը, ասաց, որ «առայժմ հետ չենք վերցնում ստորագրությունը»: Կիրո Մանոյանի կարծիքով` այդ «առայժմ»-ը արդեն սպառվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter