HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մուշուրբան` Գյումրու խորհրդանիշ

Մուշուրբան կամ «կլկլանն» այսօր Գյումրու խորհրդանիշներից մեկն է: Պղնձից, լատունից, արծաթից եւ հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակի ձայնային էֆեկտի` կլկլոցի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդիկին` գյումրեցի Էդուրդ Ժամակոչյանին: Ազգանունն արհեստի հետ կապ չունի, ինչպես հաճախ պատահում է: Ժամակոչյանները, որ հիմնականում զբաղվել են պղնձագործությամբ, գաղթել են Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից` 1895-96 թթ.:

Տոհմում եկեղեցական զանգերը խփող` ժամհար են ունեցել, վարպետ Էդիկի պատմելով` այդտեղից էլ Ժամակոչյան ազգանունը: «Իհարկե, մի փոքր տարօրինակ է, որ իրանք, էղնելով պղնձագործներ, էդ ազգանունն են վերցրել, բայց դե ըդիկ էնքան վաղուցվա բան է, որ հմի հեչ մարդ էլ չի կրնա ըսե, թե ինչի,- պարզաբանում է վարպետ Էդիկը,- փաստն էն է, որ վախտին մերոնք գաղթել են Էրզրումից: Էդ վախտ երկու ախպերով, ընտանիքները վերցրած սաղ Հայաստան ման են եկել, վերջն էկել Ալեքսանդրապոլ են հաստատվել: Ըստեղ էլ 1906 թ. ծնվել է իմ հայրը` Սուրեն Ժամակոչյանը: Ու մյուս փաստն էլ էն է, որ մշտապես իրանց արհեստով են զբաղվել` պղնձագործությամբ»: Հաստատվելով Ալեքպոլում` Միլիտոս ու Վահան Ժամակոչյանները բավական արագ կարողանում են ապրուստի, տան ու խանութների տեր դառնալ: Խորհրդային տարիներին նրանց կուլակաթափ են արել, թեպետ մարդիկ հասարակ արհեստավորներ էին, պարզապես մեկ-երկու խանութ ունեին, որտեղ իրենց պատրաստած ապրանքն էին վաճառում:

«Ուղղակի ըստեղ մե ուրիշ բանմ էլ կա,- պատմում է վարպետ Էդիկը,-Էրզրումից գաղթած վախտերը հետները Նիկոլայի ու թուրքական ոսկի բերած կեղնին Վահանն ու Միլիտոսը: Էն վախտը մարդկանց համար ամենահեշտը ոսկին տեղափոխելն է եղել, ըդքան ճամփեն սելով էկողն ի՞նչ պիտի բերեր` տեղաշոր, աման-չաման ու փող, որպեսզի ուր էլ հասնին, կըրնանան իրանց հետագա կյանքը կարգավորեն: Ըշտը հենց էդ ոսկու պատճառով էլ մերոնց կուլակ են հանել էն վախտն ու կուլակաթափ էրել»: 1937-39 թթ. համատարած կուլակաթափության ու աքսորի տարիներին Աեւմտյան Հայաստանից գաղթածների տները չեկիստներն այցելում էին ոսկի գտնելու հույսով:

«Ներս կմտնին իրեք հոգով պապիս` Միլիտոսի տուն, կըսեն, թե ախպերդ ըսավ, որ դու ոսկի ունիս պահած: Պապս էլ, թե` չէ~, ի՜նչ կխոսաք, ես ուրդից բդի ոսկի ունենամ: Պապիս կզարգեն, ե~րկար կերկրնա, էդ վախտը մամս, մտածելով, որ հանկարծ մարդուն չսպանեն, կերթա ոսկեքը կբերե` 200 հատ ռուսական Նիկոլայ ցարի պատկերով, 200 հատ էլ թուրքական ոսկի կեղնի,- պատմում է վարպետը,- դե հետո էլ կերթան Վահանենց տուն: Ընտեղ էլ կխափեն, թե ախպերդ կըսե, որ դու ոսկի ունես, ոսկեքը տուր: Վահանը վախկոտ կեղնի: Վռազ կըսե` դե որ Միլիտոսն ըսել է, ան տարեք: Ակտ կկազմեն, որ երկու ախպորից 800 ոսկի են բռնագրավել, որ իբր պիտի պետությանը հանձնեն, բայց դե հաստատ իրանք իրանց մեջ կիսել են»:

Էրզրումից իրենց հետ Ալեքսանդրապոլ տեղափոխած մեկ այլ հարստության` մուշուրբայի պատրաստման եղանակը, որ Ժամակոչյանները փոխանցել են սերնդից սերունդ, ոսկի չէր, որ առգրավվեր, սակայն օրվա ապրուստը հոգալու միջոց էր: Եղբայրները զրկվել էին ոսկուց ու խանութներից, բայց արհեստը մնացել էր: Գյումրիում տարածված խոսք է, թե «լավ արհեստավորը մինչեւ օրվա կեսն է սոված», իսկ այդ տարիներին ցանկացած արհեստավոր, ով իր գործի գիտակն էր, չէր կարող վատ ապրել:

Վարպետ Էդիկի պատմելով` իր պապերը հայտնի պղնձագործներ են եղել, բայց պապերի պատրաստած մուշուրբան «չի երգել», «կլկլոցի» հեղինակը Էդուարդի հայրն է եղել` վարպետ Սուրենը: Իր առաջին մուշուրբան Էդուարդ Ժամակոչյանը պատրաստել է 1976 թ.:

«Էդ վախտը հերս գործով Թիֆլիս էր գնացել, պատվիրատուն եկավ, գուզեին որ մուշուրբա սարքեինք, դե որ հերս չկար, իրանք էլ կվռազնային, ըսի` ես կսարքեմ: Ես էն ժամանակներն ըդքան էլ հավես չունեի էս գործի հետ: Ես ըդքան համբերություն չունիմ, որ նստիմ ժամերով լատունը ծեծեմ, որ բաժակը ստանամ,- խոստովանում է վարպետ Էդիկը,- ես Գյումրիի Սառնարանային կոմպրեսորների գործարանն եմ աշխատել, հղկող հաստոցների վրա: Կնոջս` Անահիտի հետ էլ ընտեղ ենք ծանոթացել: Այսինքն` գործ ունեի, հորս արհեստը չէր ձգե: Բայց դե հետո, որ ընտանիք կազմեցի, երեխեքը ծնվան, էս գործն էլ սկսեցի էնել»:

Մեկ բաժակ պատրաստելու համար հարկ է լինում 8 ժամ աշխատել: Վարպետի պնդմամբ` արհեստի հետ արվեստ էլ կա այս գործում: Փոքր չափի մուշուրբայի պատվերներից խուսափում է, ասում է` դժվար է պատրաստվում, մեջը մուրճ չի մտնում: Հիմնականում պղնձե ու լատունե մուշուրբաներ է պատրաստում, թեպետ այս հումքն էլ դժվարությամբ է ճարում: Արծաթից պատվերներ էլ է ունեցել, բայց դա թանկ հաճույք է թե գործի առումով, թե վճարի:

«Ամեն մարդ չի պատվիրում,- խոսակցությանը միջամտում է վարպետի կինը` տիկին Անահիտը,- արծաթն իրանք են բերում, պատրաստման գինն էլ հետո լավ թանկ է լինում»: 90-ականների սկզբներին ոսկուց մուշուրբա պատրաստելու պատվեր է ունեցել վարպետ Էդիկը: Դա միակ դեպքն է եղել նման թանկարժեք պատվերի, սակայն մինչեւ օրս էլ չգիտի, թե պատվիրատուն ով է եղել: «Իրանք բերին հումքը, մոտ 400 գրամ մաքուր չեռվոն ոսկի էր: Հարցրի` ո՞ւմ համար է, ըսին` կարեւոր չէ, քու ի՞նչ գործն է, դու սարքելուդ նայե: Բայց չիդեմ ընչի կմտածեմ, որ լուսահոգի կաթողիկոս Վազգեն առաջինի համար էր երեւի: Չիդեմ, արդեն քանի տարի է անցել, ուղղակի կենթադրեմ,- անկեղծանում է վարպետը,- ամեն մարդ չէ, որ կուզենա կամ հնարավորություն կունենա ոսկուց մուշուրբի պատվեր տա: Եթե սարքել տա էլ, ուրեմն հաստատ չի ուզենա, որ իմացվի իրա ով էղնելը: Շատ նուրբ գործ էր եղել, բայց պալիրովկեն չթողին ես էնեմ, իրանք էրին»: Թեպետ վարպետ Էդիկը միակն է, որ գիտի մուշուրբա պատրաստելու գաղտնիքը, ու պատվիրատուն էլ պիտի անպայման նրան այցելի, այնուամենայնիվ, լինում են ամիսներ, որ ընդհանրապես պատվեր չի ունենում: Չի սիրում պատրաստել ու հանձնել խանութներին: Չի սիրում վերավաճառողներին: Գերադասում է, որ պատվիրատուն անմիջականորեն իր հետ շփվի:

«Էդ վերավաճառողներին մանկուց չեմ սիրել: Սովետի վախտ էլ կային, դալալ կըսեինք, ըստեղ կանաչին կառնեին 50 կոպեկի, տանեին ընտեղ մանեթիմ կծախեին: Բան չունիմ ըսելու, ըդիկ էլ ապրուստի միջոց է, բայց չեմ սիրե ես էդ մարդկանց: Ես հալալ քրտինք կսիրեմ, ոչ թե ըդուր հաշվին ապրողներին: Էդ վերավաճառողը մատը մատին չի զարկե, բայց էն չարչրվողից շատ փող կաշխատի, ըբը էղա՞վ»,-հարցնում է վարպետ Էդիկը: Վերջին մի քանի տարիներին Գյումրիում անցկացվող «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխության շնորհիվ Ժամակոչյանները միանգամից 20-25 մուշուրբայի պատվեր են ունենում: Այս տարի էլ քաղաքապետարանը որոշել է տարվա ընթացքում աչքի ընկած գյումրեցի գործարարներին ու արհեստավորներին պատվել գյումրվա խորհրդանիշով: Իմ այցի պահին վարպետ Էդիկը տղայի հետ զբաղված էր պատվերների պատրաստմամբ, շտապում էր, 10 օրից 22 «ոսկե մուշուրբա» պիտի հանձներ պատվիրատուին:

«Ոսկե կոչվում է, աղջիկ ջան, բայց դե լատունից է մուշուրբան, պարզապես ոսկեջրում ենք»,- ասում է վարպետ Էդիկը: Վարպետի միակ օգնականը կրտսեր որդին է: 7 տարի առաջ իր արհեստի գաղտնիքը հետը գերեզման տանելու միտքը հանգիստ չէր տալիս վարպետ Էդիկին: Տղան` Վահանը, գիտեր մուշուրբայի պատրաստման եղանակը, սակայն ցանկություն չուներ պապի ու հոր արհեստը շարունակել, իսկ աշակերտներ վարպետ Էդիկը չուներ:

«Օրինակ` կուզնեցի համար աշակերտը անհրաժեշտություն է: Էնիք չի կրնա մենակ գործ էնե: Իմ դարբին ընկերը չորս հատ էլ աշակերտ ունի: Համ կսորվցնե, արհեստի տեր կդարձնե, համ էլ իրան կօգնեն: Բայց ես գործս մենակ կենեմ,- ասում է վարպետը,- մեծս զինվորական է, 15 տարի է Ռուսաստան կապրի: Հույսս Վահանս էր: Ինքն էլ մինչեւ չամուսնացավ, փոքրիկը չծնվավ, ապրուստը հայթայթելու խնդիրը չեղավ, էս արհեստին չդառավ: Հմի արդեն էլ չեմ մտածե: Աշակերտ էլ արդեն չեմ ուզե ունենա:

«Կլկլան բաժակի» գաղտնիքը պիտի մեր ազգի մեջ մնա: Տղես գիտե, հետո էլ թոռիս կսորվցնեմ: 65 տարեկան եմ, բայց հըլը 20 տարի էլ կյանք ունիմ, որ Վահե թոռիս էլ սորվցնեմ արհեստս: Ես հըլը պիտի իրան բանակ ճամփու դնեմ, հետ գա, ամուսնացնեմ, նոր դիմումս գրեմ Գաբրիել հրեշտակապետին: Ընդունեց` լավ, չընդունեց` ավելի լավ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter