HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

...ես այստե՛ղ եմ...

Համակարգչիս ներքեւի անկյունում 5:45 էր, իսկ ես խոսում էի երեւանցի խելառոտ ընկերներիցս մեկի հետ։ Ասաց՝ մի ժամից պիտի գնամ գործի․ ժամերը խառնեցի։ Հարցրի՝ ինչի արդեն լո՞ւյս է էդտեղ․ դեռ ժամը 8-ը պիտի որ լինի։ - Բա ի՞նչ է,- ասաց․․․

Ու ինձ խլուրդ զգացի, որ միշտ մթության մեջ նստած՝ համակարգչի լույսով է լուսավորում շուրջը՝ գիշեր լինի, թե ցերեկ։ Ասացի՝ իսկ ես լույսի երես չեմ տեսնում, արթնանում եմ, արդեն մութն ընկած է լինում․ նախ արեւածագ չկա․ մոխրագույն երկինքն ուղղակի բացանում է ու մգանում, երկրորդն էլ «երեկոյան» 3-ից հետո այդ նույն մոխրագույն երկինքն արդեն դարչնագույն է, իսկ դիմացիդ շենքերը հազիվ ես նշմարում (ասում եմ շենքեր, քանի որ էստեղ միայն շենքեր կան տեսնելու)։ Ի դեպ՝ էստեղ նույնիսկ լայն պատուհաններիցս դուրս չեմ ուզում նայել․ օտարություն եմ զգում․․․ նախընտրում եմ ինձ քիչ թե շատ հարազատացած պատերին նայել, ֆեյսբուքի հիմարությունները կարդալ, մեկ-մեկ էլ ինքնակրթությամբ զբաղվել ու գրել բլոգում։ Հա, կյանքս իրոք խլուրդի կյանք է, բայց ինչ արած, էդպես չլիներ ոնց կիմանայի, թե խլուրդներն ինչ են ապրում․․․ ․․․Կրկին կորցրի ժամանակը․․․ ընկերս գրեց․ «Գիտե՞ս, մութն ա պատճառը, որ էդ հյուսիսային երկրներում ինքնասպանություններ շատ են լինում․․․» Իսկ ինձ, ինչպես միշտ, ինքնասպանությունները չէին հետաքրքրում․․․ արդեն Երեւանում էի․ լսում էի ավելների քստքստոցը կիսալուսաբացված փողոցներում, տեսնում դռդռացող ջրցան մեքենայի Բաղրամյանով բարձրանալը, մի քանի քուն չունեցող 60-անց վարորդների մարշրուտկաները, դատարկ ասֆալտները, որ արդեն ջերմանում էին առավոտյան համեստ արեւից․․․ Հա, Երեւա՛ն, ես շնչում եմ առավոտյան քո օդը․․․ ես գտնում եմ ինձ, փակում աչքերս եւ գալիս քեզ մոտ․․․ ․․․հենց այս պահին խոսում եմ քեզ հետ, առավոտյան իմ Երեւա՛ն, լսում եմ քեզ․․․ տեսնում ամեն մի կանգառը, ունկնդրում ամեն մի շշուկը․․․ ես այստե՛ղ եմ․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter