HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով` բանակի վերջին դեպքերը «ռազբորկայի» հետևանք են

Ադրբեջանական կողմը վերջին 5 մահվան դեպքերի մեջ մեղք չունի: Դա եղել է «հաշիվներ պարզելու» (ռազբորկա) հետևանքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Կոմանդոսը չցանկացավ դեռ մանրամասնել, թե ինչ է իրականում կատարվել, բայց նշեց, որ բոլորը գիտեն, և կուլիսների հետևում արդեն խոսակցություններ կան, որ դեպքը տեղի է ունեցել ազգային հողի վրա. զինվորներից մեկը եղել է եզդի: Արկադի Տեր-Թադևոսյանը ողբերգություն է համարում վերջին երկու դեպքը` 4 զինվորների մահը և Ճամբարակի դեպքը, քանի որ երկու օրվա մեջ մահվան 5 դեպք գրանցվեց: «Ես էլ եմ ուզում ձեզ հետ հասկանալ` ինչքանով է մեղավոր մեր բանակը, ինչով ենք մենք մեղավոր, ցավը ոչ թե ավելացնենք, այլ միասին օգնենք»,- ասում է Ա. Տեր-Թադևոսյանը: Կոմանդոսը բանակում կատարվող սպանությունների համար միայն բանակի հրամանատարությանը մեղավոր չի համարում, քանի որ բանակը հասարակության մի մասն է, ինչ որ կատարվում է հասարակությունում, այն էլ կատարվում է բանակում: Ա. Տեր-Թադևոսյանն ասում է, որ բանակում խստապահությունն ու օրինականությունը պետք է միասին լինեն, ու զինվորները հասկանան, թե իրենք ինչ հասարակությունից են եկել, և որ իրենց ապրելակերպը ուրիշ է եղել, քան բանակում է: «Բանակը սահմանափակում է ազատությունը, և զինվորականը չի կարող անել այն, ինչը թույլատրվում է հասարակության մեջ»,- ասում է Կոմանդոսը: Նա կարծում է, որ բանակը պետք է բաց լինի, և այս դեպքերը պետք է լուծում գտնեն, և որ պետք չէ թաքցնել ու ասել, որ «ամեն ինչ լավ է, մենք վերացնում ենք, սա չկա, նա չկա»: Լուծումը, ըստ Կոմանդոսի, կլինի այն, որ հասարակությունը լայն ճանապարհ ունենա դեպի բանակ: Սովետական համակարգից են վերցված հայկական բանակի լավ ու վատ կողմերը, դրական կողմեր կան` բանակն ուժեղ է, մարտունակ, բայց բացասական կողմերն էլ շատ են մնացել: Չնայած Արկադի Տեր-Թադևոսյանը նշում է, որ վատ կողմերը ոչ միայն հայկական բանակում են, այլեւ Գերմանիայում, Իսրայելում, որտեղ «դեդավշչինա» ասվածը ևս եղել է, բայց հիմա վերացել է, այսինքն` այնտեղ արդեն լուծում գտել են: Կոմանդոսի կարծիքով` լուծում այստեղ էլ կարելի է գտնել. բանակում կատարվող ամեն ինչի մասին ոչ թե միայն դեպքերի ժամանակ խոսել, այլեւ մինչև դեպքերը կարողանալ կանխել դրանք: «Այդ դեպքը այդ պահին չի պայթել, այլ հասունացել է»,- համոզված է Կոմանդոսը: Ըստ նրա` պատժելու միջոցը ևս արդյունավետ չէ, պետք է դաստիարակչական գործընթաց լինի, աշխատեն հոգեբաններ, մանկավարժներ: «Հրամանատարը չի ուզում իր թերությունը ցույց տալ, ուզում է պահել, այսինքն` եթե թերություն կա, ուրեմն ինքը մեղավոր է, իսկ հրամանատարները չեն ուզում, որ իրենք մեղավոր լինեն»,-հավելեց Կոմանդոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter