HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հ2»-ի հաղորդումները «դրախտավայր» Լոս Անջելեսից

Էլիտար շինարարության մեջ հայտնի դիրք գրավող Սամվել Մայրապետյանը տնօրինում է նաեւ «Հ2» հեռուստաընկերության բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը: Ահա այդ գործարարի հեռուստաընկերությամբ եթեր են հեռարձակվում հաղորդումներ, որոնք պատրաստվում են հայերի «երկրորդ հայրենիքում»` Լոս Անջելեսում: Դրանք յուրաքանչյուր կիրակի եթեր են հեռարձակվում արդեն  հայերի հիմնական հայրենիքում` հայաստանցիների համար:

Այս հեռուստաընկերությունը այդ հաղորդումներով ներկայացնում է նյութեր, որոնցում  համոզում է մի բան, թե ինչ հրաշք է հայերի «երկրորդ հայրենքը», եւ ինչ լավ են ապրում այնտեղ հայերը: Խոսքը, բնականաբար, այնտեղ ապրող հայաստանցիների մասին է: Եւ ահա, «Հ2»-ի կիրակնօրյա հաղորդումը ներկայացնում էր Կալիֆոռնիայի նահանգի Փասադենա քաղաքը:  Հայաստանցի մի  երիտասարդ պատմում է մի քանի հարկանի ավտոկայանատեղի մասին, հետո փողոցում ցույց է տալիս մի մեքենա եւ ասում, որ այդ մեքենայի զբաղեցրած տարածքի համար կարելի է վճարել կողքին տեղակայված սարքի միջոցով: Հետո քայլելով պատմում է, թե ինչպես Փասադենայում խաչմերուկը կարելի է անցնել մեջտեղով, եւ խորհուրդ է տալիս, որ Երեւանում էլ այսպիսի խաչմերուկներ սարքեն, որպեսզի «մարդիկ հեշտ հասնեն իրենց ուզած տեղը»: Եվ բազմաթիվ այլ «զարմանահրաշ» բաների մասին էր պատմում իր զարհուրելի հայերենով այդ երիտասարդը: Հաղորդման վերջում նա հատուկ ներողություն խնդրեց` ասելով, որ հաղորդումը առանց սցենարի է պատրաստվում, եւ ինքն ասում էր այն, ինչ «խելքին փչում» էր: Չմոռացավ ավելացնել, որ հետեւենք իր հաղորդմանը հաջորդող շոուին: Իսկ շոուն, պարզվեց, Տոլիկն է վարում, որը, հայերենն ու ռուսերենը իրար խառնելով, ինչ-որ բաներ էր կարողանում արտաբերել: «Հ2»-ի այդ գլուխգործոցի անունը «Մեր show» է: Տոլիկը բողոքեց, որ Լոսում ռուսները քիչ են, հայերն են շատ, դրա համար ինքը գտնում է, որ ոչ թե պետք է ասել Լոս Արմենիուս, այլ Մինի Արմենիա: Տոլիկի հյուրը երգչուհի Նաիրա Տեր-Կարապետյանն էր: Ճիշտ է` ես նրան նույնպես չէի ճանաչում, դա իմ թույլ կողմն է. հայ աստղերին ոչ դեմքով գիտեմ, ոչ էլ` անունով: Նառան, այսպես էր նրան դիմում Տոլիկը, ասաց, որ ինքը Լոս Անջելեսում «մենակ չի»,  իր դասարանցիներն էլ են այնտեղ, իր ընկերուհիների մեծ մասը նույնպես այնտեղ է: Լոսում բնակություն հաստատած Նառան խոստացավ, որ եթե ստացվի, կգա Հայաստան, համերգ կտա մեզ` հայաստանցիներիս համար, քանի որ ինքը «շատ է սիրում իր ազգը»: Ես պատկերացում չունեմ Նաիրա Տեր-Կարապետյանի երգարվեստի մասին, բայց հասկացա, որ նա «շատ է սիրում իր ազգը»: Այդպես էլ ասաց: Եւ ազգն այնքան շատ է սիրում, որ հասել է Լոս ու երգում է «Մառան» ռեստորանում: Ու այդ Տոլիկը,  մի կերպ իրար կպցնելով հայերենը, մեզ զվարճացնում է այստեղ` Հայաստանում, «Հ2»-ով: Ես այս հաղորդումը առաջին անգամ էի նայում, հետո պատմեցին, որ դա ամենշաբաթյա է: Պարզվեց` այս հեռուստաընկերությամբ ներկայացվում է նաեւ, թե Լոսում հայերը ինչ մեքենաներ են վարում: Մի խոսքով` ամեն կիրակի «Հ2»-ը ներկայացնում է «Ամերիկյան երազի» հերոսների: Մի քանի տարի առաջ Լոս Անջելեսի երեք բանտերում հանդիպել էի տասնյակ հայաստանցիների, իսկ բանտերում նրանց թիվը հազարների է հասնում: «Հ2»-ը նրանց մասին հաղորդումներ չի պատրաստում, նրանց պատմությունները չի ներկայացնում: Չի պատմում Գլենդելի փողոցներում արեւածաղիկ չրթող, սեւ վերնաշապիկներով, ծիծակ կոշիկներով տղաների, նարկոտիկների վաճառքով զբաղվող, բանկային քարտեր կեղծող, պարտքերի տակ կքած, բայց «ԲՄՎ»-ներով պտտվող հայերի մասին: Ներկայացնում է միայն «դրախտավայրը»: «Հ2»-ի թղթակիցները չեն տեսնում կյանքի այս մասը:  Նրանք Ամերիկան հայստանցիներին ներկայացնում են որպես դրախտավայր, որի դարպասները, իհարկե, Լոս Անջելեսն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter