HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառահատումների արձագանքը. քրեական գործ չհարուցվեց

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Հետք»-ի «Զանգվածային անտառահատումներ Ջիլիզայում» և «Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում» հոդվածների փաստերն «ուսումնասիրելու» նպատակով օգոստոսի 4-ին և 17-ին գրավոր հանձնարարություն է տվել ոստիկանության Թումանյանի բաժնին:  

Հոդվածներում «Հետքն» ահազանգել էր Հայանտառ ՊՈԱԿ-ի Ջիլիզայի և Դսեղի անտառտնտեսությունների վերահսկողության տակ գտնվող անտառներից հուլիսի 30-ին և օգոստոսի 14-ին, առանց անդորրագրերի, բեռնատարներով անօրինական վառելափայտ տեղափոխելու մասին:

Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Տիտանյանը և բաժնի քրեական հետախուզական բաժանմունքի օպեր լիազոր, ոստիկանության կապիտան Լեռնիկ Գիգոլյանը մարզի դատախազի հանձնարարականը կատարելիս կազմել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ: 

Որոշման պարզաբանուներից պարզվում է, որ օպերատիվ աշխատողները տեղյակ չեն եղել անտառից առանց անդորրագրի վառելափայտ տեղափոխելու անթույլատրելիությանը: Նրանք անգամ «չեն նկատել», որ «Հետքի» հոդվածներում հրապարակված փաստերն ահազանգում են զուտ անտառում բացահայտված դեպքերի մասին: Ոստիկանները գնացել են Ջիլիզայի և Դսեղի անտառտնտեսությունների գրասենյակներ, որտեղ էլ նրանց ներկայացրել են պահանջվող անդորրագրերը: Դրանց հիման վրա էլ Աշոտ Տիտանյանի օգոստոսի 12-ի և 27-ի որոշումներով քրեական գործի հարուցումը մերժվել է: 

Օգոստոսի 2-ի «Զանգվածային անտառահատումներ Ջիլիզայում» հրապարակմամբ «Հետքը» հայտնել էր, որ Ալավերդի-Ջիլիզա ճանապարհահատվածի 20-րդ կմ-ի հատվածում  հուլիսի 30-ին քնած փայտահատները հրաժարվել են ներկայանալ  լրագրողներին. «Մենք մասնավոր փայտ կտրողներ ենք, ոչինչ չենք կարող ասել»,- ասել են նրանք: 

Փայտահայտների այս խմբից մի փոքր վերև մեկ այլ խումբ, որոնց ձեռքին եղել է «Դրուժբա» մակնիշի սղոց, ներկայացել են որպես ազնվամորի հավաքողներ: Սա այն դեպքում, երբ անտառի եզրին, ճանապարհի վրա թափված, նոր հատված ծառերի փայտակույտը նրանց կողմից լրագրողների աչքի առաջ բեռնվել է «ԶԻԼ-131» մակնիշի 57 SU 586 պետհամարանիշով բեռնատարը: Փայտահատներն այդ պահին անտառից փայտ տանելու իրավունքը հաստատող անդորրագիր չունեին:

«Հետքը» տեղեկացրել է նաեւ, որ Ջիլիզայի անտառների պահաբաժինները եղել են անվերահսկելի, քանի որ ավտոմեքենաները վառելափայտով բեռնման աշխատանքերի պահին անտառտնտեսության որևէ աշխատակից ներկա չէր: Այդ պահաբաժիններում լրագրողները որեւէ աշխատակցի այդպես էլ չգտան:  

Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանն ասել էր, թե անտառապահը «մի խեղճ տղա է, ով լրագրողներին տեսնելով՝ փախել է»: Օգոստոսի 14-ի «Անտառը հատվում է. ոչ ոք  դրան չի խանգարում» հոդվածում «Հետքն» ահազանգել էր Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության տարածքում, առանց անդորրագրերի, անտառից վառելափայտ տեղափոխելու կապակցությամբ: Ժամը 18-ի սահմաններում Ահնիձոր գյուղ մտնող ճանապարհին անտառից փայտով բեռնված 3 ավտոմեքենաներից 2-ը վառելափայտի օրինական տեղափոխման անդորրագրեր չունեին:

Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության անտառտապետ Թոմ Մաթևոսյանը «Հետքին» և մյուս լրագրողներին ասել էր, թե փայտով բեռնված  ավտոմեքենաների անդորրագրերը գտնվում են Դսեղի անտառտնտեսության գրասենյակում: Նա առաջարկեց գնալ եւ տեղում ցույց տալ դրանք, սակայն տեսնելով  լրագրողների պատրաստակամությունը` իր առաջարկից հրաժարվեց: 

Նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Լորուտ-Մարց ճանապարհահատվածին հարող անտառում կանգնած էր փայտով բեռնված 17 OS 280 բեռնատարը, որի մոտ  կանգնած 4 տղամարդիկ, տեսնելով լրագրողներին, վառելափայտով բերնեբերան լցված ավտոմեքենան տեղում թողեցին ու հեռացան: 

Ընդ որում՝ Լորուտի անտառապետության անտառներից փայտի անօրինական տեղափոխմանն անդրադարձել է նաև «Ազատություն» ռադիոկայանը, որի Լոռու մարզի թղթակից Մարիանա Պեպանյանը նույնպես ականտես է եղել  Ջիլիզայի և Դսեղի անտառներից փայտի անօրինական փոխադրումներին: 

Ոստիկանության օպերատիվ աշխատողները Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հանձնարարականը կատարելիս իրենց նախապատրաստած նյութերով պարզել և հիմնավորել են, որ Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի 2011թ.-ի թիվ 14 և 23 հրամանների համաձայն՝ Ջիլիզայի և Դսեղի անտառտնտեսությունների պահպանությանը հանձնված պահաբաժիններում իրականացվել են անտառների խնամքի և սանիտարական հատումների աշխատանքները: 

Թե ի՞նչ կապ ունի անտառների խնամքի ու սանիտարական հատման մասին Հայանտառի տնօրենի հրամանն անտառից առանց անդորրագրերի փայտ տեղափոխելու հետ, ոստիկանները որոշման մեջ չեն մեկնաբանել:  

Որոշման մեջ նաև նշված է, որ «ԶԻԼ-131» մակնիշի 57 SU 586 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ջիլիզայի անտառտնտեսությունից 1668 անդորրագրով 10 խմ վառելափայտ է ձեռք բերել Դիլիջան քաղաքի բնակիչ Աշոտ Թելմանի Մուկուչյանը: Իսկ թե ինչու վերջինս անդորրագիր չուներ կամ եթե ուներ, ինչու չէր ներկայացնում, փոխգնդապետ Տիտանյանին չի հետաքրքրել:  

Վերջինս շրջանցել է նաև Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության անտառապետ Թոմ Մաթևոսյանի կողմից օգոստոսի 14-ին լրագրողների ներկայությամբ, առանց անդորրագրերի, անտառնից փայտ բաց թողնելու արարքը:

Զավեշտալին, սակայն, այն է, որ փոխգնդապետ Աշոտ Տիտանյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին իր որոշումներում, ըստ էության, առաջնորդվել է «Աղվեսը պոչին է վկա բերում» ժողովրդական ասացվածքի սկզբունքով: Նա իր որոշումների հիմքում դրել է նաեւ Լորուտի անտառապետության անտառապետ Թոմ Մաթևոսյանի, Ջիլիզայի անտառապետ Հենրիկ Մոսինյանի, Ջիլիզայի անտառտնտեսության պետ Արամ Բարոյանի, անտառից փայտ տեղափոխող վարորդների ցուցմունքներով:

Մեկնաբանություններ (1)

Bruce Waynyan
Is there anyone left in Armenia that is not either a complete idiot or a lowlife sellout criminal? Menk spyurk chenk hasankanum, duk bolorit anasoon ek te inch? Voch chap ek haskanaum, voch makartak unek, voch kertevatz ek, aravotizt minchev gisher et yerkire talanum ek. Chek el siktirvoom myus ashxar vor eid hyere vor der hyerenike sirumen voti kangenatznen. Anasoon davarner . . .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter