HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատգամավոր Այվազյանը Վերահսկիչ պալատից դժգոհություններ լսել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը Վերահսկիչ պալատին, մասնավորապես` Իշխան Զաքարյանին մեղադրել է կաշառակերության մեջ` նշելով, որ խորհրդարանի 90 տոկոսը համամիտ է իր հետ, բայց տարբեր պատճառներով լռում է: Այսօրվա ասուլիսի ժամանակ հանրապետական Վարդան Այվազյանին հարցրին. «Դուք այդ 90 տոկոսի մեջ կա՞ք»: Պատգամավորն ասաց, թե խնդրին ծանոթ չէ, ինչի ի պատասխան` ասուլիսի մյուս բանախոսը` Հմայակ Հովհաննիսյանը, նկատեց. «Դուք հավատո՞ւմ եք, որ Վարդան Այվազյանը, որ ներքաղաքական դաշտում բոլոր հարցերին տիրապետում է, տեղյակ չէ այդ իրադարձության մասին»: «Ես 3 միլիոնից եմ խաբար»,- հակադարձեց Այվազյանը` հիշեցնելով, որ ժամանակին, երբ ինքը բնապահպանության նախարար էր, իրեն էլ մեղադրում էին 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մեջ: «Չեմ կարծում, որ Վերահսկիչ պալատը կոռումպացված մարմին է: Նախ` Վերահսկիչ պալատը վերահսկողական ֆունկցիայի վերջնական գործառույթ չունի, այսինքն` ցանկացած պարագայում, ինչ փաստեր, որ բերես, դա եռակի, քառակի վերահսկողության մասով է գնում,- ասաց Վ. Այվազյանը,- Իշխան Զաքարյանի կառույցը բացահայտում է փաստերը, դրանից հետո սկսում են համապատասխան գործառույթները»: ՀՀԿ-ական պատգամավորը, այնուամենայնիվ, ներքին խոհանոցում Վերահսկիչ պալատի առնչությամբ դժգոհություններ լսել է, բայց կապված ոչ թե կաշառակերության, այլ անընդհատ ստուգումների, դրանց ուղղվածության հետ: «Գուցե միտումնավոր են նման լուրեր տարածվում` թիրախ դարձնելով Իշխան Զաքարյանին, թե՞ ասվածում ճշմարտություն կա»,- հարցրին պատգամավորին: «Դե, գիտեք` ի՞նչ կա, Դուք հիմա շատ գեշ, կոպիտ հարց եք տալիս: Ես ոչ թե խուսափում եմ դրա պատասխանից, ես չեմ ուզում որակավորում տալ»,- ասաց Այվազյանը` շեշտելով, որ լեզուն ոսկոր չունի եւ ամեն մեկի մասին էլ կարող են տարբեր բաներ խոսել: «Բայց ոչ ոք չի ասում չէ՞, որ Վարդան Այվազյանը կաշառակեր է»,- շարունակեցին լրագրողները: «Ո՞նց չեն ասում»,- տարակուսեց պատգամավորը եւ կրկին հիշեցրեց 3 մլն դոլար կաշառքի ու իր անվան հետ կապված մեկ այլ` ճայերի պատմությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter