HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ա.Շաբոյան. «Մրցակցության պաշտպանող հանձնաժողովները գների կարգավորման, վերահսկման պատախանատու չեն»

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է խստացնել տնտեսական մրցակցության խախտման համար նախատեսված պատժամիջոցները և ավելացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերահսկողական լիազորությունները:

Կառավարությունն արդեն հաստատել է ՏՄՊՊՀ-ի օրենսդրական փաթեթը, և այն ուղարկվել է Ազգային ժողով:

Տուգանքները կխստացվեն

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը սեպտեմբերի 22-23-ին Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ լրագրողներին ասաց, որ համեմատած այլ երկրում կիրառվող պատժամիջոցների հետ (օրինակ` 2004-ին «Մայքրոսոֆթին» 497 մլն եվրո տուգանք է նշանակվել գերիշխող դիրքի չարաշահման համար)` Հայաստանում բավականին ցածր տուգանքներ են նախատեսված: Այս պատճառով խոշոր տնտեսվարող սուբյեկտը գերադասում է վճարել անբարեխիղճ մցակցության համար սահմանված 500.000 դրամ տուգանքը և շարունակել մրցակցության օրենսդրության խախտումները: «Որպեսզի այս տուգանքը լինի և բարձր, և միևնույն ժամանակ արդարացված, մենք այն կախման մեջ ենք դրել տնտեսվարող սուբյեկտների հասույթի չափից: Կոնկրետ անբարեխիղճ մրցակցության համար սահմանում ենք նախորդ տարվա հասույթի 0,1 %-ի չափով, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը որքան խոշոր, ֆինանսապես հարուստ է, այնքան ավելի շատ տուգանք վճարի: Փոքր տնտեսվարող սուբյեկտներն էլ ավելի ցածր գումար կվճարեն: Միևնույն ժամանակ մենք ստորին շեմն ենք նվազեցրել. 500.000 դրամը սահմանել ենք 300.000 դրամ»,- ասաց Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ն ստուգումներ անցկացնելու լայն լիազորություններ կստանա

Արտակ Շաբոյանի խոսքերով` ՏՄՊՊՀ-ի վերահսկողական լիազորությունների ավելացվելը կօգնի ավելի արդյունավետ հայտնաբերել հակամրցակցային համաձայնությունները (կարտելներ), և այս պրակտիկան ընդունված է ամբողջ աշխարհում. տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմինները հնարավորություն ունեն մտնել տնտեսվարող սուբյեկտների տարածքներ, ստուգել տրանսպորտային միջոցները, վերցնել անհրաժեշտ գրառումներ ու փաստաթղթեր, կատարել տեսագրություններ, ձայնագրություններ, հսկիչ գնումներ: ՏՄՊՊՀ-ն գործող օրենքով նման լիազորություններ չունի, և նրան նման իրավասություններով օժտելու համար նոր օրենսդրական փաթեթով նախատեսվում է մեծ բաժին ավելացնել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում: Արտերկրում ստուգման այսպիսի դեպք է եղել. մրցակցության մարմինը կասկած է ունեցել, որ շուկայում մի քանի տնտեսվարող սուբյեկտ հակամրցակցային համաձայնության է եկել: Մրցակցության մարմնի աշխատակիցներն այդ սուբյեկտների բոլոր տնօրենների գրասեղանների նոթատետրերում հայտնաբերել են նշում` նույն օրը` նույն ժամին, նույն վայրում ընդմիջում անելու մասին: Տնօրենների այս հանդիպումը նախորդել էր շուկայում տեղի ունեցած փոփոխություններին: Դատարանը միայն այս նշումը բավարար ապացույց է համարել, որ այդ ընկերությունների նախագահները հանդիպման ժամանակ հակամրցակցային համաձայնության են եկել: «Ճիշտ է` նման ապացույցներով դժվար է դատարաններում պաշտպանվել, բայց ամեն դեպքում աշխարհի փորձից ես պրակտիկ օրինակ բերեցի: Իրոք, հակամրցակցային համաձայնություններ ապացուցելը շատ-շատ դժվարին գործ է»,- ասաց Արտակ Շաբոյանը: Նրա բերած օրինակին արձագանքեց լրագրողը` նշելով, որ առնվազն 4 դեպք է հիշում, երբ նույն գիշերը` նույն ժամին, գազը թանկացել է Հայաստանի բոլոր գազալցակայաններում: Մինչդեռ գազի շուկայում խոշոր ու մանր մոտ 200 տնտեսվարող սուբյեկտ կա, և այդ ժամանակ ներկրվող գազի գինը չէր բարձրացել: Արդյոք սա հակամրցակցային համաձայնության ավելի թո՞ւյլ ապացույց է, քան ընկերությունների տնօրենների նոթատետրերում եղած նշումը` ընդամենը հանդիպման մասին: Եվ նոր օրենքի պայմաններում նույն իրավիճակում ՏՄՊՊՀ-ն ունենալո՞ւ է լծակներ` պատժելու գինը բարձրացրած տնտեսվարողներին: «Միանշանակորեն մեր օրենսդրական փոփոխությունները շատ լայն հնարավորություններ կընձեռեն հակամրցակցային համաձայնություններ բացահայտելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ օրինակին` գազի հետ կապված, ճիշտն ասած, քանի որ նախկինում է եղել, ես դրա հետ կապված մանրամասներին լավ չեն տիրապետում»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի պրոֆեսոր Էբերհարդ Ֆեեսն էլ նշեց, որ գնի միաժամանակյա բարձրացումն ինքնին հիմք չէ ընկերությունների վարքագիծը հակամրցակցային ճանաչելու համար: «Եթե դուք ստուգումներ անեք և ոչինչ չգտնեք, և ոչ ոք էլ չխոստովանի, կորած գործ է: Սակայն շատ դեպքերում դուք կգտնեք ինչ-որ բաներ, եթե ունենաք ստուգում իրականացնելու վերահսկողական գործառույթ»,- ասաց Էբերհարդ Ֆեեսը:

Ընկերությունները կհամարձակվե՞ն խոստովանել

Հակամրցակցային համաձայնությունները հայտնաբերելու 2-րդ ձևը պատժամիջոցների մեղմման մոտեցումն է, որը նույնպես ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է: Այն ընկերությունը, որը ՏՄՊՊՀ-ին խոստովանում է հակամրցակցային համաձայնության մասին, ազատվում է տուգանքից: Այս գործիքը ևս ներառված է ԱԺ ուղարկված փաթեթում: Արտակ Շաբոյանին հարց ուղղվեց, թե արդյոք հավատո՞ւմ է, որ երբ ՏՄՊՊՀ-ն սկսի ստուգումներ իրականացնել, Հայաստանում որևէ ընկերություն կհամարձակվի խոստովանել. «Ինձ զանգահարել և ասել են` ժամը 12-ին բարձրացրու գազի գինը, այլապես…», առավել ևս եթե տնտեսվարողը գիտի, որ առանց իր խոստովանության` ՏՄՊՊՀ-ն չի կարողանա բացահայտել այդ գործը: «Շատ լավ, թող չխոստովանի: Մենք կունենանք նաև այլընտրանքային գործիքը, այսինքն` ստուգումներ իրականացնել այդ սուբյեկտներում, և մենք ինչ-որ բաներ կգտնենք, եթե իրականում հակամրցակցային համաձայնություն կա»,- պատասխանեց Արտակ Շաբոյանը` հավելելով, որ Հայաստանում խոստովանության մեխանիզմը հավանաբար միանգամից չի գործի: ԱՄՆ-ում հակամրցակցային համաձայնության մասին խոստավանող ընկերության անունը գաղտնի է պահվում, քանի որ իշխանությունները վախենում, են որ սպառնալիքներ կլինեն, և հետագայում ավելի քիչ ընկերություններ կխոստովանեն: ԵՄ երկրներում խոստավանող ընկերության անունը նշվում է` գուցե այն պատճառով, որ Եվրոպայում կրիմինալն ավելի քիչ է: «Բայց ձեզ լսելուց հետո իմ մեջ ամրապնդվեց այն կարծիքը, որ Հայաստանը պետք է հետևի ԱՄՆ-ի օրինակին` պահի գաղտնիությունը»,- ասաց Էբերհարդ Ֆեեսը: Մինչդեռ Արտակ Շաբոյանը նշեց, որ այս հարցը քննարկել են և նախընտրել Եվրոպայի տարբերակը, քանի որ «դատարանները պահանջում են հստակ ապացույցներ ներկայացնել, հիմնավորել: Այսինքն` այն սուբյեկտը, ով կներկայանա, դրա մասին տեղեկատվություն կտա, պետք է հիմնավոր, կոնկրետ, հանգամանալից լինի, որպեսզի նաև մեր կողմից կայացվող որոշումները լինեն առավել ուժեղ և ավելի հիմնավորված դատարաններում»:

«Ի՞նչ է մտածում այս մասին ՏՄՊՊՀ-ն» հարցը զարմացնում է Արտակ Շաբոյանին

ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով` այսօր ՀՀ օրենսդրության մեջ կան բազմաթիվ սողանցքներ: Օրինակ` տնտեսվարող սուբյեկտը կարող է գերիշխող դիրք ունենալ շուկայում, չարաշահել այդ դիրքը, բայց երբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն ու վարույթ է սկսում, տեղեկատվություն պահանջում, այդ տնտեսվարող սուբյեկտը լուծարվում է և սկսում գործել նոր անվան տակ: «Սա վերաբերվում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, մի օրինակ չի: Մենք այս օրենսդրական փոփոխությունների մեջ այդ լուծարման գործընթացը փակել ենք»,- ասաց Արտակ Շաբոյանը: Մեկ այլ օրինակ. գերիշխող դիրք ունեցող է համարվում այն ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 1/3-ից` 33,33 %-ից ավելին: Սակայն այդ սահմանը բավարար չէ, քանի որ շուկայի վրա ազդում է նաև այն սուբյեկտը, որը զբաղեցնում է շուկայի 32 կամ 31 %-ը: Սակայն հենց սուբյեկտը գերազանցում է այդ սահմանաչափը և հասկանում, որ գտնվում է ՏՄՊՊՀ-ի դաշտում, արդեն սկսում է 2-3 տնտեսվարող սուբյեկտի անվան տակ գործել: «Մենք հասկանում ենք, որ նույն սուբյեկտն է: Խուսափում են մեր դաշտից: Ամբողջ աշխարհում այս օրենսդրության ոլորտում այնպիսի մի կարևորագույն բաժին կա, ինչպիսին մուտքի խոչընդոտների դեմ պայքարն է, որը այսօր մեր գործող օրենսդրության մեջ բացակայել է, սակայն սա մենք ավելացրել ենք մեր օրենսդրության մեջ»,- ասաց Արտակ Շաբոյանը: Ինչպես եվրոպական օրենսդրությունը, հայաստանյանը թույլ տալիս է բարձր կենտրոնացված շուկաների առկայություն, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ և մենաշնորհներ, սակայն արգելում է գերիշխող դիրքի չարաշահումը: Արտակ Շաբոյանին զարմացնում են մամուլում տարբեր մթերքների գնաճի մասին հրապարակումները, որոնց վերջում նշվում է. «Ի՞նչ է մտածում այս մասին ՏՄՊՊՀ-ն»: «Մյուս երկրներում մրցակցության մարմինների առջև դրված խնդիրները ընդհանրապես այլ են, և կարելի է ասել, գների վրա ազդեցությամբ նրանք ընդհանրապես չեն զբաղվում: Դուք էլ տեսաք այս միջազգային փորձի օրինակներից, որ մրցակցության պաշտպանող հանձնաժողովները գների կարգավորման, վերահսկման պատախանատու չեն»,- ասաց Արտակ Շաբոյանը: ՏՄՊՊՀ-ն այնքանով է հետաքրքրված գներով, որքանով դրանք դրսևորվում են բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում և հետևանք են գերիշխող դիրքի չարաշահման, մրցակցությունը սահմանափակող գործոնների: «Բնականաբար, գնագոյացման վրա բազմաթիվ և բազմապիսի գործոններ են ազդում, սակայն, չգիտես ինչու, առաջին հերթին բոլորի մտքով անցնում է, որ այդ գնագոյացման հիմքում ընկած են մրցակցությունը սահմանափակող գործոնները և պատճառները»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter