HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՏՄՊՊՀ-ն ռեսուրս չունի մարզում ուսումնասիրություն կատարելու համար

Սիսիանից Մեղրի ընկած հատվածում բոլոր լցակայաններում «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի բենզինը մի քանի օր առաջ վաճառվում էր երևանյան գներից 40-50 դրամով թանկ: 22-23-ին Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին հարց ուղղվեց, թե արդյոք Սյունիքի մարզում նման գնի առկայությունը մենաշնորհային քաղաքականության դրսևորո՞ւմ է:

«Տեղյակ չենք դրա մասին, քանի որ մենք պարբերաբար` 2 օրը մեկ, մոնիտորինգ ենք իրականացնում Երևան քաղաքում և միայն Երևան քաղաքի բենզալցակայաններում: Երևան քաղաքում, համենայն դեպս, էական փոփոխություն չենք արձանագրել: Նոր է այդ խնդիրը բարձրացվում, մենք հատուկ ուշադրություն չենք դարձրել»,- ասաց Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով` հնարավոր է, որ մարզերում գնագոյացումը պայմանավորված լինի այլ խնդիրներով ու գործոններով: Սեմինարի մասնակիցներից Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի պրոֆեսոր Էբերհարդ Ֆեեսը նշեց, որ 35 տարի առաջ Կոլորադոյում ճամփորդելիս նկատել է, որ մի բենզալցակայանում գազի գինը շատ բարձր է: Երբ հետաքրքրվել է, թե արդյոք հակամրցակցային մարմինը կարո՞ղ է զբաղվել այդ հարցով, մի տնտեսագետ իրեն պատասխանել է, որ բարձր գինը կարող է անցումային բնույթ ունենալ, որովհետև եթե իսկապես այդ գինը շատ ավելի բարձր է շուկայում մնացած գներից, ապա այլ տնտեսվարողներ կմտնեն այդ շուկա ավելի ցածր գնով, ու գինը կիջնի: «Որոշ դեպքերում, այո, հանձնաժողովը ինչ-որ բան պետք է անի, բայց դա շատ ժամանակատար, ռեսուրսատար աշխատանք է, որովհետև պետք է իսկապես շատ հստակորեն հաշվել ինքնարժեքը, շահույթի սահմանը և մի շարք այլ հարցեր: Եթե հանրությունը և ԶԼՄ-ները շարունակ բողոքում են, ասենք, 20 անուն ապրանքի գնի փոփոխությունից, հանձնաժողովը իր ռեսուրսները պետք է բաժանի 20 տեղ և չի ունենա բավարար ռեսուրսներ մի շուկա խորությամբ ուսումնասիրելու համար»,- ասաց Էբերհարդ Ֆեեսը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՏՄՊՊՀ-ն մոնիտորինգ չի անում նաև մարզերում, այլ միայն Երևանում` Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունն էլ մակրոտնտեսական ցուցանիշները հրապարակում է` հիմնված ընտրանքային հարցումների վրա: «Հիմա 500, 1000 տնտեսություն են հարցնում և հրապարակում ինչ-որ ցուցանիշ: Դա ընտրանքի հիման վրա է կատարվում: Պարզ է, որ լավ է, եթե բոլորին հարցնեն, բայց դե ռեսուրսները սահմանափակ են»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter