HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց Ռուսաստանի` ինչպես Ռուսաստանի հետ. ընտրության փոքր հնարավորություն

Այն հարցին, թե ինչու ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի (2010 թ. նոյեմբեր) հռչակագրում այսպես կոչված ետխորհրդային հակամարտությունների մասին միակ կետում շեշտը դրվեց Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականության սկզբունքի, նրանց անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության վրա, այդպես էլ ըմբռնելի բացատրություն չտրվեց:

ՆԱՏՕ-ում եւ եվրոպական անվտանգության խնդիրներով զբաղվող այլ մասնագետներն արդեն հասցրել են հասկանալ, որ «ետխորհրդային տարածաշրջան» քաղաքական միավորը վաղուց արդեն գոյություն չունի: Նախկին պարզ ու միանշանակ կողմնորոշումների փոխարեն նույնիսկ մեկ առանձին վերցրած երկրի դեպքում մենք գործ ունենք գործընկերային ավելի բարդ, արտաքին քաղաքական, տնտեսական ու ռազմաքաղաքական հաճախ իրար հակասող համակարգերի հետ:

Առավել եւս չեն կարող այլեւս ունիվերսալ լինել նույնիսկ միեւնույն տարածաշրջանը ներկայացնող երկրների նկատմամբ մոտեցումները: Հիմա հնարավոր չէ միանման վերաբերմունք ունենալ ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը պետական գերակա խնդիր ներկայացնող Վրաստանի եւ ընդամենը վերջերս իր այդ նպատակից «ետ քաշված» Ուկրաինայի նկատմամբ, ուր մնաց թե նույնը լինեն Ադրբեջանի, Վրաստանի եւ  Մոլդովայի տարածքային ամբողջականությունների ընկալումները:

Միանշանակ չէ նաեւ, թե ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ընդունված փաստաթղթերից հատկապես որի՞ պատճառով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ա. Ռասմուսենն ու Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը լիսաբոնյան գագաթնաժողովը համարեցին բացառիկ արդյունավետ նախորդ տասնամյակների ընթացքում գումարված ՆԱՏՕ-ական հավաքների համեմատ:

Չէ՞ որ եւ Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին համաձայնագիրը, եւ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը լիսաբոնյան միջոցառման «մեծ անակնկալը» չդարձան: Այս մասին խոսակցությունները տարվում էին դեռ նախքան Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության կարճատեւ խզումը (2008-ի օգոստոսյան պատերազմից առաջ):

Ռուս-ՆԱՏՕ-ական մերձեցման գործընթացը վերականգնվեց առանց ռուս-վրացական հարաբերություններում որակական փոփոխության, ինչի պատճառով էլ տեղի էր ունեցել դրանց խզումը: Արդեն երրորդ տարին շարունակ պաշտոնապես կոչ է արվում Ռուսաստանին ետ կանչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունների ճանաչման մասին որոշումները:

Կոչը` կոչ, վրաց քաղաքագետների պնդումներով` միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Սակայն խնդիրն, ինչպես կռահում եք, կոչին հետեւելն է, այլ ոչ թե այն անելը: Նույն այդ միջազգային հարաբերությունների պրակտիկայում անկախությունների ճանաչումները անդառնալի փաստեր են, եւ չեն եղել դրանք ետ կանչելու դեպքեր, քանի որ առաջին հերթին բացասաբար են անդրադառնում իրենց ճանաչումները ետ կանչողների միջազգային վարկանիշի վրա: Մի տեսակ անլուրջ երկրի տպավորություն են թողնում:

Նույն այդ վրաց քաղաքագետներն էլ ամենեւին չեն կարծում, թե Ռուսաստանը կհետեւի այդ կոչերին` հօգուտ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման: Ռուսաստան-ՆԱՏՕ մերձեցման գործընթացը, որ առաջիկայում ավելի ինտենսիվանալու եւ առարկայական դառնալու միտում ունի, անշուշտ, անդրադառնալու է նաեւ հարավկովկասյան երկրների եւ հատկապես ռուս-վրացական հարաբերությունների, Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի վրա:

Ի տարբերություն, սակայն, Վրաստանի պաշտոնական (հիացական) գնահատականների (որոնք գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո հնչեցրին նախագահ Սաակաշվիլին, ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Մգալոբլիշվիլին, Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Բարամիձեն)` վրաց վերլուծաբաններն ու քաղաքագետներն ավելի զուսպ մեկնաբանություններ են անում:

Բուխարեստյան խորը հիասթափությունից հետո (երբ 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովը մերժեց Վրաստանի եւ Ուկրաինայի անդամագրումը ՆԱՏՕ-ին` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով) նրանք արդեն ռեալ են տարբերակում ցանկալին եւ իրականությունը: Ետլիսաբոնյան վրաց-ռուսական եւ ռուս-ՆԱՏՕ-ական զարգացումների մասին են վրաց քաղաքագետներ Գիա Թարխան-Մուրավիի եւ Պաատա Զաքարեիշվիլիի հետ մեր զրույցները, որոնք ներկայացնում ենք հատվածաբար:

-Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստան-ՆԱՏՕ մերձեցումը Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի առումով:

Գ. Թարխան-Մուրավի - Այս երկու գործընթացների միջեւ ուղիղ պատճառահետեւանքային կապ չեմ տեսնում: Թեպետ, այդ մերձեցումն ինչ-որ ազդեցություն ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վրա կգործի. մեզ մոտ ամեն ինչ փոխկապված է: Ռուսաստան-ՆԱՏՕ մերձեցումը նախեւառաջ կնվազեցնի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմական նոր բախումների վտանգը: Սա կապ ունի նաեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ այսպես կոչված «վերաբեռնման» քաղաքականության հետ: Որքան սերտ լինեն Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, այնքան Ռուսաստանն ավելի մեծ լծակներ կունենա` խանգարելու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրմանը:

Մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ն էլ ավելի շատ լծակներ կստանա` ազդելու Ռուսաստանի վրա: Այն, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրման մասին դրույթները շարադրված էին առանձին կետով, առանց Ուկրաինայի, բացատրվում է պարզ հանգամանքով. Ուկրաինան այլեւս չի պնդում իր այդ ձգտումը: Բայց սա նաեւ չի նշանակում, թե ավելանում են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու շանսերը: Դա կարող է տեղի  ունենալ, եթե փոխվի ուժերի հարաբերակցությունը: Գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ում կան երկրներ (Գերմանիան, Ֆրանսիան), որոնք նախկինում համաձայն չեն եղել Վրաստանի անդամագրմանը:

Պ. Զաքարեիշվիլի - Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի մերձեցումն ընթանում է հիմա մեր աչքի առաջ, իսկ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրումը հայտնի չէ, թե երբ իրականություն կդառնա: Սրանք եւ ժամանակի, եւ այլ առումներով տարբեր գործընթացներ են. նրանք չեն հատվում: ՆԱՏՕ-ին ինտեգրումը կախված է Վրաստանից, մեր երկրում բարեփոխումներից եւ ՆԱՏՕ-ի ստանդարտներին մեր համապատասխանությունից: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի մերձեցումը անցյալում է թողնում օգոստոսյան պատերազմը, այդպես թաղում են պատերազմը:

-Ռուսաստանի ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացումը:

Գ. Թարխան-Մուրավի - Կան մարտավարական եւ ռազմավարական նպատակներ: Մարտավարական է, օրինակ, ՆԱՏՕ-ի, առհասարակ Արեւմուտքի հետ համագործակցությունը տեխնոլոգիական բարեփոխումներին ծառայեցնելը: Հայտնի է, որ Ռուսաստանը ձեւեր է փնտրում արեւմտյան տեխնոլոգիաների հետ կապ ունենալու համար: Սա Ռուսաստանի համար նաեւ տնտեսական իրավիճակը բարելավելու, ՆԱՏՕ-ի` դեպի արեւելք տարածմանը խոչընդոտելու հնարավորություն է:

Ռազմավարական տեսանկյունից վաղ թե ուշ Ռուսաստանն էլ է կանգնելու դեպի Արեւմո՞ւտք, թե՞ դեպի Արեւելք կողմնորոշվելու հարցի առաջ: Իրավիճակը փոխվում է, մենք տեսնում ենք, թե ինչ դեր են սկսում խաղալ BRICH երկրները, մասնավորապես` Հնդկաստանն ու Չինաստանը: Չնայած սկզբունքորեն Ռուսաստանն ավելի շատ ունի դեպի Արեւմուտք կողմնորոշվելու հիմքեր:

Այնուամենայնիվ, ռուսաստանյան վերնախավն իր փողերը պահում է արեւմտյան բանկերում, կա նաեւ դեպի Արեւմուտք մշակութային կողմնորոշվածություն: Կան Ռուսաստան-ՆԱՏՕ մերձեցման տարբեր սցենարներ եւ տարբեր ժամկետներ, որոնց շրջանակներում է հնարավոր իրականացնել այդ սցենարները:

Հասկանալի է, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, իսկ հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե դեպի ուր կշարժվի ինքը` Ռուսաստանը, նաեւ նրանից, թե ուժերի համաշխարհային դասավորության մեջ ի՞նչ տեղ կզբաղեցնի ՆԱՏՕ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter