HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մոնթե Մելքոնյան.«Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով»

Հարցազրույց Մոնթե Մելքոնյանի հետ

-Երեկ մեծ հաղթանակ տարաք: Ռազմական եւ հոգեբանական ի՞նչ նշանակություն ունի այս երեք գյուղերի ազատագրումը:

-Ասում ես` մեծ հաղթանակ է, բայց իրականում մեր շրջանի կարեւոր մի մասը ազերիների ձեռքում է, նրանց բանակն է իշխում այդ տարածքների վրա: Խորհրդային բանակը, որ այստեղ էր, պահում էր այդ տարածքները: Հեռանալուց առաջ դրանք հանձնեց ադրբեջանցիներին: 9 ամսվա ընթացքում ահա այս տարածքներից անընդհատ ռմբակոծում էին. շատ զոհեր ունեցանք:

Բնակչությունը անհանգիստ էր. տնտեսությունը ամբողջովին խաթարվել էր: Այս գյուղերն ամեն գնով պետք է գրավեինք: Բայց պետք է հասկանանք նաեւ, որ գրավեցինք այն, ինչ այս շրջանին էր պատկանում: Շրջանից դեռ ուրիշ տարածքներ էլ կան նրանց ձեռքում: Ուրեմն, տակավին շատ գործ ունենք: Մեկ ամիս առաջ Ավդալ-Գյուլափլու մտանք ու դրանք էլ ազատագրեցինք: Այդ գյուղերից անընդհատ ռմբահարվում էին Ավդուռն ու Նոր շենը: Դրանք գրեթե ամբողջովին ավերված են, եւ հիմա արդեն մենք ուզում ենք վերականգնել: Այս վերջին մեկ ամսվա ընթացքում անընդմեջ հարձակվել են տարբեր ուղղություններով: Եվ ամեն անգամ կարողացել ենք ջարդել նրանց: Հիմա էլ սրանք գրավեցինք: Սպասում ենք հակահարձակման:

-Ռազմական ի՞նչ նշանակություն ունեն. այս գագաթները, որ գրավեցինք, շա՞տ կարեւոր են շրջանի պաշտպանության համար:

-Մեր դիրքերն արդեն իշխող են: Այս կողմերից նրանք արդեն չեն կարող գնդակոծել: Հոգեբանական նշանակությունը նորից կարեւոր  է, քանի որ շրջանի ժողովուրդը եւ մեր զինվորները ավելի քան երբեք ինքնավստահ են: Դա նաեւ մեր  զինվորների կռվի փորձառության հետեւանք է: Հուսով եմ, որ սա կազդի ամբողջ Արցախի հոգեբանության վրա, բոլոր հայերի հոգեբանության վրա: Պետք է իմանան, որ եթե ուժեղ մնան իրենց դիրքերում, կռվեն, հետո խրամատավորվեն եւ խրամատի մեջ մնան, ոչ թե Մարտակերտի պես կռվեն, առաջ գնան, հետո ամեն մեկը ասի` մեր գործը վերջացավ, եւ թողնեն հեռանան: Այս տեսակ ապուշությունների պատճառով մեծ կորուստներ ենք ունեցել, տվել ենք մեր հայրենիքի շատ կարեւոր մասը` Շահումյանն ու Մարտակերտը: Հուսով եմ, որ բոլորի վրա կազդի մեր հաղթանակը եւ մեր աշխատելու ձեւը: Այսինքն` կռվել, առաջ գնալ, խրամատավորվել, պահել:

-Վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ մարտերի մեջ եք, քանի՞ տանկ եք ոչնչացրել, երեկ ինչքա՞ն զենք եք վերցրել:

-Խփել եւ խլել ենք 22 տանկ, 11 զրահամեքենա: Երեկ վերցրինք մեկ տանկ, մեկը խփեցինք` վառվեց, 4 թնդանոթ, 3 հակաօդային զենք, 3 գնդացիր, 48 ավտոմատ:

-Ինչքա՞ն զոհ տվեց թշնամին:

-50-60 հոգի սպանվեցին, կան վիրավորներ եւ երեք գերի: Դիակները թափված են, պետք է սկսենք թաղել, որ չհոտեն:

-Ի՞նչ է, հակառակորդը չի՞ ուզում տանել դիակները: Կապի մեջ չե՞ն մտնում դրա համար:

-Առաջ ամեն ինչ անում էին դիակները տանելու համար: Հիմա` ոչ: Մաճկալաշենի վրա հարձակման ժամանակ 120 հոգի սպանվեց: Դիակները թափված էին, սկսեցին հոտել: Կապի մեջ մտանք, ասացինք` եկեք տարեք ձեր դիակները: Ասացին` չենք ուզում: Դրանից հետո մեզ համար պարզ դարձավ, որ այլեւս չեն ուզում դիակները տանել: Ադրբեջանի իշխանությունները չեն ուզում, որ ժողովուրդն իմանա զոհերի թիվը: Միայն առանձին ընտանիքներ են երբեմն կապի մեջ մտնում եւ խնդրում իրենց երեխաների դիակները: Իշխանությունները չեն ուզում, որովհետեւ խայտառակություն է, որ ամեն օր այսքան դիակ են ուղարկում տուն:

-Իսկ զինադադարի մասին ի՞նչ ես մտածում: Ստորագրվել է փաստաթուղթ: Հնարավո՞ր է այսօր զինադադար:

-Ամենքս գիտենք, թե ինչ է դա: Սեպտեմբերի 25-ին` կեսգիշերին, պայմանավորվածության համաձայն, պետք է սկսվեր զինադադարը: Դրանից մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին այդ փաստաթուղթը: Ադրբեջանն այդ փաստաթուղթը ստորագրեց մեկ պատճառով. նրանք մեծ պատրաստություն էին տեսել, որպեսզի մինչեւ սեպտեմբերի 25-ը մեզ ճնշեին: Երկու հիմնական նպատակ ունեին. մեկը` Լաչինի ճանապարհը կտրելն էր, մյուսը` մտնել Մարտունու շրջան, հասնել ճանապարհին եւ կտրել Հադրութը Ստեփանակերտից: Որոշել էին մինչեւ զինադադարը մեր թիկունքը կտրել, հետո սկսել բանակցությունները, երբ հայերը գրեթե ուժ չէին ունենա: Իրենց բոլոր ծրագրերը ձախողվեցին: Մարտունու շրջանի գրեթե բոլոր ճակատներով հարձակվեցին եւ մեծ հարվածներ ստացան: Մաճկալաշենի ճակատում մեկ օրվա մեջ 10 տանկ, 2 զրահամեքենա խփեցինք: 120 զոհ տվեցին, սպանվեց Ֆիզուլու շրջանի հրամանատարի տեղակալը: Գյուլափլուի ճակատում 6 տանկ, 4 զրահամեքենա խփեցինք, Մարտունու ուղղությամբ հարձակման ժամանակ 3 տանկ գրավեցինք: Բերդաշենի կողմերը մեծ վնասներ տվեցինք: Եւ Լաչինի ճանապարհն էլ չկարողացան կտրել: Երբ ժամկետը եկավ, ասացին` չենք կարող ընդունել այս զինադադարը: Ոչ մի անկեղծություն ու լրջություն չկա Ադրբեջանի կողմից այդ զինադադարը հաստատելու համար: Եւ կռիվը պետք է շարունակվի: Մի բան կա, որ իրենք չեն հասկանում: Կռիվը ինչքան շարունակվի, այնքան մենք պիտի հետ գրավենք մեր տարածքները: Մի ուրիշ բան էլ կա: Ադրբեջանի ժողովուրդը շատ խաբված է: Դեռ հավատում է իր իշխանությունների մեծ ստերին: Իրենց երեխաներին ուղարկում են մեր դիմաց, որ ջարդենք: Ադրբեջանի իշխանությունները ամենապստիկ հարգանք չունեն իրենց զինվորների կյանքի հանդեպ: Իրենց ղեկավարները հանգիստ նստում են հետեւում եւ ասում` առաջ գնացեք: Հաճախ նույնիսկ առանց բացատրելու, թե մեր դիրքերն ուր են, ինչ է իրենց դիմացը: Գերիները, որ վերցրել ենք, չգիտեն, թե իրենք որտեղ են կռվում, թե ինչը որտեղ է: Բերել են եւ միանգամից նետել մարտի: Եւ ջարդվում են: Նրանք ասում են, որ եթե չգային, միեւնույն է` կգնդակահարեին: Եւ գնդակահարել են: Այդպիսի դեպքեր, գերիների վկայությամբ, շատ են եղել:

-Մեր սահմանները որտեղո՞վ են անցնելու:

-Նայենք... նայենք... Մարտունին դեռ լրիվ ազատագրված չէ: Դեռ շատ տարածքներ կան, որ նրանց ձեռքում են: Հայաստանը պետք է հասկանա, որ պատերազմի մեջ ենք: Լուրջ է այս պատերազմը: Բոլոր ուժերը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք: Ինչքան դանդաղ աշխատենք, այնքան դժվար կլինի, ավելի շատ զոհեր կունենանք: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ: Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով: Դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք: Բայց պատերազմը այդպես է: Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել եւ միեւնույն ժամանակ պատերազմել, ուրեմն շատ ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք: Այս ամենը չմոռանալով` մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք: Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլորիս համար:

03.10.92 թ. Մարտունի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter