HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Այս հարգանքի մատուցումը Մոնթեի նկատմամբ ավելի շատ ողջերին է անհրաժեշտ»

Այսօր` Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, նրա ընկերները Եռաբլուր էին այցելել: Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 53 տարեկան: Մոնթեի զինվոր, մասիսցի Ղազար Արոյանը առաջին անգամ Շահումյանում է Մոնթեին տեսել, իսկ 92-ից նրա հրամանատարության տակ կռվել Մարտունիում:

Ղազարը Մոնթեի ծննդյան և զոհվելու օրերին միշտ Եռաբլուր է գալիս: «Ինքը շատ հասարակ հրամանատար է եղել, իր շորերին որ նայեիր` չէիր ասի` ինքը հրամանատար է: Ամենալավը հագցնում էր զինվորներին, ինքը` նորմալ, հին շորերով էր: Մոնթեն սիրում էր, որ միշտ առջևից գնար ամենավտանգավոր տեղերը, նոր իր հետևից ` մնացած ֆիդայիները: Եթե թեկուց մեկի մատը փուշ էր մտնում, ինքը շատ-շատ էր ցավում»,- ասում է Ղազարը:

Նա նշում է, որ 1992 թ. Մարտունիում մոտ 80-100 ազատամարտիկ էր կռվում, իսկ թշնամու թիվը հասնում էր 3000-ի: Ադրբեջանցիները նաև մոտ 20 տանկ ու նույնիսկ ուղղաթիռ ունեին:

«Մենք համարյա առանց զենքի պատերազմ ենք տարել էդ թվերին: Մի 100 կամ 80 հոգով Մարտունու շրջանում դիմադրել ենք»,- ասում է Ղազարը: 1992 թ. Մարտունիում հայերը միայն մի քանի զրահամեքենա ունեին, բայց Մոնթեի հրամանատարությամբ ազատամարտիկները ոչ միայն հակահարված էին տալիս թշնամուն, տարածքներ ազատագրում, այլև տանկեր, զրահամեքենաներ և այլ զենք-զինամթերք ձեռք բերում: Շահե Աճեմյանը, ով Կարո Քահքեջյանի (Սպիտակ արջ) զոհվելուց հետո գլխավորել է «Խաչակիրներ» ջոկատը, ասում է, որ Մոնթեին ճանաչում է 1978-ից, երբ Մոնթեն մասնակցում էր Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը: «Առաջին անգամ, երբ Մոնթեին տեսանք Բեյրութում, մտածեցինք, որ Ամերիկայից եկել է մեզ հետ ապրելու, մեր հետ զենք բռնելու, լիբանանահայության պաշտպանելու: Ասաց` ես հայերեն գրել-կարդալ արդեն սովորել եմ, հայերեն այբբենարանը դրել եմ իմ դեմ, ամեն մի տառին մի րոպե նայել եմ ու սովորել եմ»,- ասում է Շահեն:

Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի ղեկավար Ալեք Ենիգոմշույանը նշում է, որ Շուշիի ազատագրումը շատ կարևոր հաղթանակ էր հայերի համար, սակայն քաղաքի ազատագրումից ընդամենը մեկ ամիս անց ընկան Շահումյանը և Մարտակերտի մեծագույն մասը: Եվ այս իրավիճակում Մոնթեի հրամանատարությամբ Մարտունու ինքնապաշտպանությունը և Մարտունիում ադրբեջանցիների բոլոր հարձակումների ձախողումը դրական մեծ շրջադարձ էր հայերի համար:

«Մոնթեի ազնվությունը, համեստությունը, մեծամտության լրիվ բացակայությունը, զինվորներին ծառայելը և այլն, իհարկե նաև մարտական իր հմտությունները և այն ոգին, որ ինքը ստեղծեց Մարտունիի շրջանում, պատճառ դարձան, որ ամենադժվար պահերին, երբ մնացյալ շրջանները արդեն մեկը մյուսի հետևից ընկնում էին, Մարտունին մնա ապառաժի նման. ոչ մի գյուղ, ոչ մի տարածք չգրավվի թշնամու կողմից: Եվ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ դա ամենաէական դերը ունեցավ ընդհանրապես Արցախի պատերազմի շրջադարձի մեջ»,- ասում է Ալեք Ենիգոմշույանը:

Նրա համոզմամբ` Մոնթեի ներկայության անհրաժեշտությունն այսօր կա այնքան, որքան պատերազմի ժամանակ: Մոնթեն ոչ միայն զինվոր ու հրամանատար էր, այլև հայերի խնդիրն ընկալում էր ավելի լայն պարունակի մեջ, քան միայն ռազմական գործողություններն են: Նրա համար շատ կարևոր էր, որ Հայաստանում արդար կարգեր ու բարեկեցիկ ապրող մարդիկ լինեին:

«Հուսահատություն և հուսալքում իր մեջ չկար: Եվ այդ առումով ևս ինքը չափից ավելի անհրաժեշտ է, որովհետև այսօր, ցավոք, տիրող պայմանների պատճառով, հուսալքման կողքին նաև հավատն է արդեն կորել մարդկանց մեջ: Եվ Մոնթեն իր օրինակով, իր կերպարով այն մարդն է, ով ապացուցում է, որ հավատը և հույսը չպետք է կորցնել»,- ասում է նրա ընկերը:

Չնայած Մոնթեն իր գործով արդեն հայերի պատմության մեջ իր տեղն ունի, սակայն կենդանության օրոք երբեք փառաբանում չի պահանջել և ծիծաղել է նման բաների վրա: Ուստի Ալեք Ենիգոմշյանը համոզված է, որ «այս հարգանքի մատուցումը Մոնթեի նկատմամբ ավելի շատ ողջերին է անհրաժեշտ: Ինքը նույնիսկ դրա անհրաժեշտությունը, կարիքը չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter