HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ընկերությունն ինձ խաբել է»

Բուլղարացի Կանիո Պիրոնկովը բուլղարական «Ասիա Կարգո» (Asia Kargo LTD) միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրենն է: Այս տարվա հուլիսին «Ասիա Կարգո» ընկերությունը հայկական «JIT Express» ընկերությունից Գերմանիայից եւ Ավստրիայից 10 մեքենա ապրանք փոխադրելու պատվեր է ստացել:

Սակայն «JIT Express»-ը մինչ օրս չի վճարել պատվերի արժեքի կեսից ավելին` 30 850 եվրո: «JIT Express» ընկերությունը ղեկավարում է փաստաբան Օվսաննա Ստեփանյանը: Նա փաստաբանների պալատի անդամ է, միեւնույն ժամանակ զբաղվում է բեռնափոխադրումներով: «JIT Express»-ը տվյալ բեռնափոխադրումն իրականացրել է «Նատալի ֆարմ» (Natali Pharm) ընկերության պատվերով: «Նատալի ֆարմ»-ը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից է, փոխադրված բեռներն էլ իջեւանել են մաքսակետի` հենց պատգամավորին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության պահեստում: Պատվերի ամբողջ գումարը կազմել է 55 500 եվրո, որից պատվիրատուն վճարել է ընդամենը 24 650 եվրոն` խոստանալով մնացած գումարը վճարել բեռնավորված վերջին մեքենայի ժամանումից անմիջապես հետո: 5 մեքենայի բեռնափոխադրումն իրականացվել է Գերմանիայից, յուրաքանչյուրը` 5700 եվրո, 4-ը` Ավստրիայից, յուրաքանչյուրը` 5200 եվրո, մեկն էլ` մի մասը Գերմանիայից, մյուսը` Ավստրիայից, 6200 եվրո արժողությամբ: Խոստացած կանխիկը` 24 650 եվրոն, Օ. Ստեփանյանը փոխանցել է այն ժամանակ, երբ բեռները հասել են Բուլղարիա:

Այնուհետեւ, բոլոր 10 մեքենաների բեռնափոխադրումից հետո, ինչպես հավաստում է Կանիոն, ոչ հեռախոսազանգերին է պատասխանում, ոչ էլ` էլեկտրոնային նամակներին: Կ. Պիրոնկովն այժմ դժվարությունների առջեւ է կանգնել, քանի որ բեռնափոխադրումներն իրականացրել է տարբեր ընկերությունների միջոցով, որոնց պետք է վճարի: Այդ ընկերություններից մի քանիսն արդեն դիմել է դատարան` պարտավորեցնելու Պիրոնկովին վճարել իրենց պարտքը:

Կ. Պիրոնկովը նամակ է գրել «Նատալի ֆարմ» ընկերությանը, ներկայացրել իրավիճակը եւ խնդրել վճարել մնացած գումարը: Սակայն պատասխան չի ստացվել: Հոկտեմբերի 10-ին նա դիմել է Բուլղարիայում Հայաստանի դեսպանատուն` խնդրելով աջակցել իրեն եւ օգնել ստանալ իրականացրած պատվերի գումարը: Այս ամենի արդյունքում «արգելափակվել են «Ասիա Կարգո»-ի հաշիվներն, ու բռնագրավվել գույքի մի մասը, ինչն անհնարին է դարձնում ընկերության հետագա գործունեությունը»,- գրել է Կ. Պիրոնկովը` Բուլղարիայում ՀՀ դեսպանատանն ուղղված նամակում:

Նա խնդրել է օգնել` վերադարձնելու իր գումարը, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել, որ հետագայում այլ բեռնափոխադրողներ «JIT Express»-ի զոհը չդառնան եւ չհայտնվեն նման իրավիճակում: Դեսպանատունը եւս չի արձագանքել Կ. Պիրոնկովի նամակին:

«Մեզ` բուլղարացիներիս համար, հայերը հարազատ ազգություն են, ընդհանուր ճակատագրով: Մեզ համար հայերը, նախեւառաջ, պատվի մարդիկ են, ինչը, ցավոք, չեմ կարող ասել Ձեր մասին»,- Օվսաննա Ստեփանյանին ուղղված նամակում գրել է Կանիո Պիրոնկովը:

Օվսաննա Ստեփանյանի հետ դժվարությամբ կարողացանք կապ հաստատել. մեր առաջին հանդիպումը չկայացավ, քանի որ պայմանավորված ժամին նա չեկավ` ասելով, թե զբաղված է: Հաջորդ հանդիպումը նույնպես հետաձգեց` պատճառաբանելով բացակայությունը քաղաքից: Նրա հետ կարողացանք միայն հեռախոսով զրուցել: Ըստ Օ. Ստեփանյանի` բոլոր 10 մեքենաներում վնասված բեռներ են եղել, եւ բեռներն ապահովագրող «Ռոսգոսստրախ» ընկերությունը հրաժարվել է փոխհատուցել վնասները, քանի որ բեռների վնասվածությունը բեռնելու ընթացքում է եղել, եւ մի շարք պայմաններ պահպանված չեն եղել, ինչի համար ապահովագրական ընկերությունը պատասխանատվություն չի կրում, պատասխանատուն բեռնափոխադրող ընկերությունն է:

«Ես իրենց 10 անգամ զգուշացրել եմ, որ շատ թանկ ապրանք է, միլիոնանոց արժեքով գործարանի հոսքագիծ էր, ասել եմ, որ պերեգրուզկա չանեն»,- ասում է «JIT Express»-ի տնօրենը: Միաժամանակ նշում է, որ չի հրաժարվում վճարել գումարը, սակայն վնասի չափը, որը, ըստ ապահովագրական ընկերության եզրակացության, 6 մլն 500 հազար դրամ (մոտ 13 հազար եվրո) է, կհանեն մայր գումարից եւ կփոխանցեն մոտ 17 850 եվրո:

Գումարի ուշացման պատճառը, ըստ Օ. Ստեփանյանի, եղել է ապահովագրական ընկերության եզրակացությունը, որը մի քանի օր առաջ է միայն իրենց փոխանցվել: Այժմ նա սպասում է, որ պատվիրատուն` «Նատալի ֆարմ» ընկերությունը, «JIT Express»-ին փոխանցի մնացած գումարը, ինքն էլ այն կփոխանցի «Ասիա Կարգո» ընկերությանը: Սակայն 10 մեքենայից ոչ մեկի բեռնագրում, որի վրա կա ստացող ընկերության ներկայացուցչի ստորագրությունը եւ կնիքը առ այն, որ բեռներն ընդունել է, արձանագրված չէ, որ դրանք վնասված են:

Բեռնագիրը բխում է Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայի (CMR Կոնվենցիա, որին ՀՀ-ն միացել է 2006 թ.) պահանջներիից, որը հաստատում է բեռնափոխադրողի եւ բեռներն ուղարկողի միջեւ բեռնափոխադրման շուրջ եղած համաձայնությունն ու պայմանները, ինչպես նաեւ տեղեկություններ է պարունակում բեռների, ժամկետների, բեռնափոխադրող ընկերության տվյալների, բեռնափոխադրման ծառայության արժեքի մասին:

«Մենք ունենք բոլոր 10 մեքենաների CMR-ները, որոնք ստորագրված եւ կնքված են «JIT Express»-ի ներկայացուցիչների կողմից, ինչը վկայում է, որ մենք բեռները տեղ ենք հասցրել անվտանգ»,- հաստատում է Կ. Պիրոնկովը: Բեռների վնասվածության մասին բեռնագրերում որեւէ արձանագրության բացակայությունը Օ. Ստեփանյանը պարզաբանում է հետեւյալ կերպ. երբ բեռները հասել են Հայաստան, ինքը գտնվել է Միացյալ Նահանգներում եւ չի կարողացել հետեւել բեռնաթափման ընթացքին: Իսկ բեռների ընդունման ժամանակ վնասվածքներ չի հայտնաբերել. դրանք հայտնաբերվել են սարքավորումները տեղադրելիս:

«Եթե բեռը վնասված է լինում, CMR-ում հատուկ տեղ կա, որտեղ գրանցվում է, թե ինչն է վնասվել, որքան է կազմել վնասը եւ այլն»,- նշում է Կ. Պիրոնկովը: Օվսաննա Ստեփանյանը պնդում է, որ բեռների վնասվածության մասին տեղեկացրել է Պիրոնկովին, ուղարկել է լուսանկարներ, իսկ Պիրոնկովը ժխտում է` նշելով, որ լուսանկարները ստացել է մի քանի օր առաջ եւ վստահ չէ, թե դրանք ինչ բեռների լուսանկարներ են եւ որտեղ են արված: «Ասիա Կարգո»-ն, համաձայն պայմանավորվածության, ապրանքը բեռնաթափել է Հայաստանի մաքսատան` «Ալեքս Գրիգ»-ին պատկանող պահեստում: Եթե պատվիրատու ընկերությունը բոլոր մաքսային վճարումները կատարած չի լինում, բեռները մնում են պահեստում: Պիրոնկովն ասում է, որ վնասվածքները կարող են առաջացած լինել մաքսատան պահեստից տեղափոխելու ժամանակ, ինչն իրենց պատասխանատվության տակ չէ: Կ. Պիրոնկովը, այդուհանդերձ, հավաստում է, որ բեռները նորմալ վիճակում են եղել, պարզապես «JIT Express» ընկերությունը գումարը չվճարելու կամ ապահովագրական ընկերությունից այն կորզելու միտում է ունեցել:

«Ձեր ալյանսը շատ խղճուկ է, Հայաստանի առաջավոր երկու իրավաբաններ Օվսաննա Ստեփանյանը եւ Սեդրակ Ասատրյանը, ինչպես նաեւ նրա եղբայրը կամ «Նատալի ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի մոտ բարեկամը. «խղճուկ» բառի ներքո նկատի ունեմ այն, որ դուք երեքով հանցակից եք քրեական գործում` օտարերկրյա հաճախորդին կողոպտելու եւ ապահովագրական ընկերությանը մանիպուլյացիայի ենթարկելու եւ ապահովագրությունից գումար յուրացնելու գործում»,- Օվսաննա Ստեփանյանին գրել է Պիրոնկովը:

Այժմ նա, այլեւս որեւէ ելք չունենալով, կանգնեցրել է Օ. Ստեփանյանի` Եվրոպայից բեռնափոխադրման մեկ այլ պատվեր, որի մասին պատահաբար է իմացել, երբ գործընկերն իր միջոցով պատրաստվում էր Օվսաննա Ստեփանյանի պատվերը հասցնել Հայաստան: Պիրոնկովը պնդում է, որ մինչեւ «JIT Express»-ն իր ամբողջ գումարը չվճարի, թույլ չի տա, որ այդ բեռը հասնի Հայաստան: Եթե ոչ, կվաճառի ամբողջ բեռը եւ կփակի իր պարտքերը:

  • Հավելված. Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիա, հոդված 30.

«1. Եթե ստացողն ընդունում է բեռն առանց փոխադրողի հետ դրա վիճակի պատշաճ ստուգման, կամ կորուստը, վնասը նշող վերապահում չի ներկայացնում նրան ոչ ուշ, քան բեռի ընդունման պահին, այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ են, եւ ոչ ուշ, քան բեռի ընդունման պահից հետո 7 օրվա ընթացքում, չհաշված կիրակի եւ տոնական օրերը, այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ չեն, նրա կողմից բեռի ընդունման փաստը հանդիսանում է ապացույց, որ նա ստացել է բեռը բեռնագրում նկարագրված վիճակում: Ոչ ակնհայտ կորստի եւ վնասի դեպքում վկայակոչված վերապահումները ներկայացվում են գրավոր: 2. Երբ բեռի վիճակը բեռը ստացողի եւ փոխադրողի կողմից պատշաճ կերպով ստուգվել է, ստուգման արդյունքներին հակասող ապացույցները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ չեն, եւ այն պայմանով, որ բեռը ստացողը պատշաճ կերպով գրավոր վերապահումներն ուղարկել է փոխադրողին ստուգման oրվանից հետո 7 օրվա ընթացքում` չհաշված կիրակի եւ տոնական օրերը: 5. Փոխադրողը եւ ստացողը իրար տրամադրում են համապատասխան հարմարություններ` բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ ստուգումները կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter