HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքում բացվեց «Ոսկե ծիրան» կինոսրահը

Նոյեմբերի 26-ից 28-ը ««Ոսկե ծիրանը» անիվների վրա» հայ-վրացական կինոփառատոնը իր հերթական` արդեն 4-րդ պտույտը կատարեց Ջավախքում: Կինոփառատոնի մեկնարկը տրվեց Արման Մանարյանի «Սասնա ծռեր» մուլտֆիլմով: Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 27-ին Ախալքալաքի «Ապագայի տանը» բացվեց նոր կինոսրահ, որն անվանվեց «Ոսկե ծիրան»:

Սրահի բացումն ազդարարվեց տերունական աղոթքով: Այնուհետև Սամցխե-Ջավախքի փոխանորդ Բաբգեն Սալբիյանն ու Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Տաթևը կատարեցին տնօրհներգի արարողություն: Նորաբաց կինոսրահում առաջինը ցուցադրվեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» Ֆիլմը: Այս ֆիլմը Ախալքալաքի մասին է, որտեղ ծնվել ու մեծացել է Հարություն Խաչատրյան կինոռեժիսորը և առաջին անգամ սիրահարվել կինոյին: «Հարութի հետ 25 տարվա ընկեներ ենք, սակայն չէի եղել Ջավախք աշխարհում: Ես Ախալքալաքին ծանոթ էի ֆիլմից: Ինձ թվում էր, թե պիտի մտնեմ մի քաղաք, ինչպես ֆիլմում` խարխուլ տներ, ցուրտ ու մութ: Սակայն հիմա ես գտնվում եմ շատ քաղաքակիրթ, հրաշալի և ամենակարևորը ջերմ ու հյուրասեր բնակիչներով մի քաղաքում»,- ասաց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Ուղիղ 43 տարի առաջ հենց այս դահլիճում Հարություն Խաչատրյանն առաջին անգամ ֆիլմ է ցուցադրել, երբ աշխատել է որպես կինոմեխանիկ: «Մենք երազում էինք Ախալքալաքում ունենալ կինոթատրոն, որը շուրջ 20 տարի է` փակ էր, հիմա արդեն բաց է: Ես հուզմունքից լաց եղա: Դուք չեք պատկերացնում, թե ոնց էինք Թամար ծոցիայից խնդրում մե բիլեթըմ, որ կարողանայինք կինո նայել: Եվ երազում դառնալ արվեստի մարդ: Երևանից ու Թիֆլիսից լավագույն արվեստագետներն եկել են , որպեսի այստեղ զարգանա, աճի արվեստն ու մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը և ոչ մի հետին միտք»,- ծնունդով գոմանցի Հարություն Խաչատրյանը: Այսուհետ «Ոսկե ծիրան» կինոսրահը բաց կլինի, և յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ջավախքցիները հնարավորություն կունենան ֆիլմեր դիտել: Ազգությամբ վրացի, կինոռեժիսոր Մանանա Սորաձեի խոսքերով` Վրաստանի ազգային կինոկենտրոնը ծրագրում է ֆիլմերի ցուցադրություն երկրի տարբեր շրջաններում: «Այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում են կենտրոններում, կբերենք շրջաններ: Հնարավորություն կստեղծվի, որպեսի տեղացիները միաժամանակ ծանոթանան կինոաշխարհիի անցուդարձին: Սա շատ լավ սկիզբ է, որ մենք կաշխատենք դարձնել մշտական» ,- ասաց Վրաստանի ազգային կինոկենտրոնի կինոռեժիսոր Մանանա Սուրաձեն: «Ոսկե ծիրանը» անիվների վրա. հայ-վրացական կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց 8 ֆիլմ, որից 3-ը նկարահաել են վրացի, իսկ մնացած 5-ը` հայ կինոռեժիսորները:

Աղունիկ Այվազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter