HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

8 օր` փողոցում

Տնից զրկված բնակիչներով ոչ ոք չի հետաքրքրվում

 29-ամյա Յուրային զարմանալի է թվում, որ թեև իր տունն ամբողջովին այրվել է, բայց տան համարը` «20»-ը, մնացել է անվնաս ու սպիտակ:

Նոյեմբերի 24-ի գիշերը` ժ. 22:40-ին, բռնկված հրդեհի ժամանակ Յուրայի ընտանիքի անդամները հասցրել են միայն դուրս գալ տնից և փրկել 1 տարեկան 8 ամսական երեխային. անգամ չեն վերցրել փաստաթղթեր, որոնք բոլորը վառվել են: Յուրան ցույց է տալիս մոխիրների մեջ ընկած երկաթը և նշում, որ դա սառնարանն է, որը, ինչպես և լվացքի մեքենան, 3 ամիս առաջ էր գնել: Յուրան այս տանն է ծնվել և ամբողջ կյանքն անցկացրել: Այժմ նա կնոջն ու երեխային ուղարկել է զոքանչի մոտ և վրանում է քնում: Յուրայի տանը 3 հատ գազի բալոն կար, որոնք, բարեբախտաբար, հրդեհի ժամանակ չեն պայթել: Գազի բալոններից երկուսը տարել են փորձաքննության, իսկ մեկը դեռ մնում է վառված տանը: Յուրան մենեջեր է աշխատում «Սոլովիտա» ընկերությունում, որը զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Հրդեհի ժամանակ տանը եղել է ընկերության սննդամթերքը, որը Յուրան խանութից տուն էր բերել և հաջորդ առավոտ պետք է նորից խանութ տաներ (մեքենայի մեջ չի թողել, որ հանկարծ չգողանան): Սննդամթերքն ամբողջովին այրվել է: «Սոլովիտայի» տնօրենն ասել է, որ Յուրան որևէ փոխհատուցում չի ստանալու և պետք է վճարի փչացած սննդամթերքի գումարը, որը, Յուրանի ընկեր Համազասպի խոսքերով, մոտ 450 հազար դրամ է կազմում: Համազասպը ևս այս բակում է ծնվել ու մեծացել, մոտ 2 տարի առաջ տունը վաճառել և այլ վայրում են ապրում: «Մենք եկել ենք հրդեհից 1 րոպե հետո, ու ներս չենք կարողացել մտնել ընդհանրապես, որովհետև կրակը էնպիսի արագությամբ էր կպնում, որ ներս մտնելը հավասար էր դուրս չգալուն: Չէինք կարողանում մոտիկ գնայինք, գոնե մի բան փրկեինք: 10 րոպեում ամեն ինչ վառվել է»,- ասում է Համազասպը: 8 օր առաջ բռնկված հրդեհի հետևանքով այրվել է Կորյունի փողոցում գտնվող 14 տուն: Հրդեհն ընդգրկել է 1500 քառ. մետր տարածք: Կորյունի 23/34 տան բնակիչ Արթուր Սարգսյանի հաշվարկներով` այդ 14 տանը մոտ 50-60 մարդ է ապրում, որոնք այժմ գիշերում են վրանում` հերթով և սպասում են, որ իրենց կարգավիճակը հստականա: Ոմանք երեխաներին բարեկամների կամ հարևանների տուն են ուղարկել: Մեծահասակները և վատառողջները հարևանների տանն են մնում: Շուտով երկրորդ վրանն են բերելու: Բնակիչները փողոցում վառարան են դրել, որի վրա ճաշ են եփում: Բնակիչներից մեկի տան վրա ժամանցույցը կանգնել է. ցույց է տալիս հրդեհի ժամը: Թեև արդեն 8 օր է անցել, սակայն բնակիչների խոսքերով, ոչ մի պաշտոնյա իրենց չի այցելել, ոչ մի խոստում չի տվել, թեև իրենք զանգահարում են պաշտոնյաներին: Բնակիչներին բժշկական ու հոգեբանական օգնություն չեն առաջարկել, սննդամթերք, վառարանի համար փայտ կամ վրան չեն տվել: Նրանց հարևանն է վրան տվել: Վառված տների բնակիչները օգնության խնդրանով զանգահարել են Կարմիր խաչ, որտեղից պատասխանել են, որ տեղյակ չեն հրդեհի մասին: Շաբաթ օրը բնակիչները զանգել են Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: «Պրն Հարությունյանը ինչ-որ Մաշինյան Արմենի համար տվեց, ասաց` արտակարգ դեպքերի համար ինքն է պատասխանատու, զանգեք իրեն: Զանգեցի, ինքն էլ ասաց` մեզ մոտ հանգիստ է, մենք էս 2 օրը չենք աշխատում: Ասեցինք` մարդիկ թող հանգստանան, հետո կհետաքրքրվեն, կգան մի հատ խորհուրդ կտան, բայց էսօր չորեքշաբթի է` չկան»,- ասում է փողոցում հայտնված բնակիչներից Տիգրանը: Արթուր Սարգսյանի տուն մտնելը վտանգավոր է. այրված կտուրը ցանկացած պահի կարող է փլվել: Հրդեհի ժամանակ առաջինն Արթուրն է դուրս եկել տնից ու տեսել, որ հրդեհը շատ արագ է տարածվում: Նա միայն հասցրել է մտնել տուն և կնոջը, երեխաներն ու եղբորը դուրս հանել: Չեն հասցրել ոչ փաստաթուղթ վերցնել, ոչ հագուստ: Արթուրը և նրա երեխաները այս տանն է ծնվել: 5 սենյակ ունեցող տունը նրա հայրն է կառուցել: Տան վերանորոգումը Արթուրը վերջացրել էր հրդեհից 2 օր առաջ: Արթուրի տան առաջ կախված են նրա երեխաների դասագրքերը, որոնք թրջվել են հրդեհը հանգցնելու ժամանակ: «Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրենը` Իռեն Հակոբյանը, եկավ, ասաց` խնդիր չկա, երեխաները թող գան դպրոց, մենք կհատկացնենք գիրքը»,-ասում է Արթուրի կինը` Մարիան: 55-ամյա Մելանյա Սարդարյանը Կորյունի 23/35 հասցեում ապրում է 68 թվից: Նրա ամուսինն այս տանն է ծնվել: Այժմ նա էլ է վրանում քնում: Մելանյան շաքարախտով հիվանդ է, բուժում է ստանում, և նրան ստրեսը հակացուցված է: «100 տարվա ստեղծածը կես ժամում վառվեց: Էսօր քնենք, կարող է` առավոտյան ձյան տակ հայտնվենք: Բա էդ ժամանակ ի՞նչ պիտի անենք»,- ասում է Մելանյան: Նա տան նախամուտքից առաջ չի գնում դեպի տան խորք, քանի որ տանիքը ծակվել է և ցանկացած պահի կարող է փլվել: Մելանյան ապրում է որդու ընտանիքի և ամուսնու հետ: Կողքի տանը նրա մյուս որդին է ապրում: Հրդեհի ժամանակ ընտանիքի բոլոր 9 անդամները, այդ թվում` 3 երեխա, տանն են եղել: Մելանյայի հարսն այնպես է խուճապահար եղել, որ Մելանյան ինքն է փոքր երեխային վերցրել հարսի ձեռքից, փաթաթել հագուստի մեջ ու բոցերի միջով դուրս վազել: «Բոցերի մեջ կանգնած էր հարսս. ոնց որ իր տունը որ վառվում էր, շշկռվել էր` ինչ անի: Երեխուն վերցրի, փախա, ասի` Քիսո, շուտ արա, քո գլխի ճարը տես: Եկել եմ, երեխեն գոռում է` տատի, շուտ արա, մամաս վառվում է, մամայիս ասա, թող գա»,- պատմում է Մելանյա Սարդարյանը: Կորյունի 23 փողոցի հարևանությամբ են գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը և պոնչիկանոցը: Արթուրի խոսքերով` ԿԸՀ-ի կողմից հրշեջները մոտ 35 րոպե ուշացումով են մոտեցել վառվող տներին, իսկ պոնչիկանոցի կողմից` արագ են եկել: Հրդեհի ժամանակ դեպքի վայր են եկել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Գյանջումյանը: Հաջորդ օրը Գ.Բեգլարյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը եկել նայել է բոլոր 14 տունը և հայտնել է, որ գրեթե ոչ մի տուն վերանորոգման ենթակա չէ: «Հանձնաժողովը իր եզրակացությունը պետք է ներկայացնի քաղաքապետին, նոր քաղաքապետը արդեն որոշում կայացնի, թե ինչ պիտի անեն էս տուժած մարդիկ: Դեռ որոշում չկա»,- ասում է Արթուրը: Բնակիչներին հենց հրդեհի ժամանակ առաջարկել են գնալ Էրեբունու զորանոց, սակայն ոչ ոք չի համաձայնել: Արթուր Սարգսյանը համաձայն է վարձով ապրել, եթե փաստաթուղթ ունենա, որ վերադառնալու է այս տարածք և շարունակի ապրել: Նա նաև տարբերակ է համարում, որ տնից զրկված բնակիչներին ժամանակավոր տուն տան, որտեղ բնակիչները կապրեն մինչև իրենց կենտրոնում այլ բնակարան կառաջարկվի: Արթուրը չի պատրաստվում լքել իր բնակության վայրը, քանի որ այստեղ է ծնվել և ամբողջ կյանքն անցկացրել, այստեղ են նրա երեխաները դպրոց գնում: «Մենք չենք գնալու ծայրամաս: Էստեղից ո՞նց կարող ենք գնալ: Իրենց առաջարկած կազարմա կլինի կամ ինչ-որ հանրակացարաններ կլինեն, մենք էդպիսի բաների չենք գնա: Թող գնան իրենք էնտեղ ապրեն իրենց կանանց, երեխաների հետ: Իրենց մի հատ տունը թող տան մեզ, մենք էս 14 ընտանիքներով, գնանք իրենց էդ մի տան մեջ ապրեինք: Էստեղ իրենք հյուրանոցներ ունեն, պետական շենքեր ունեն, Հյուսիսային պողոտա ունեն, թող տանեին էս ժողովրդին, գոնե ժամանակավոր տեղավորեին էստեղ»,- ասում է նա: Յուրան ևս չի ուզում իր փոքր երեխայի հետ զորամասում ապրել և դա հարցի լուծում չի համարում: Համազասպի խոսքերով` այդ զորամասում ապրելու համար բավարար պայմաններ չկան: «Էս պետությունը մեծ հնարավորություններ ունի: Ասենք, հաստատ 14 հատ բնակարան վարձելը իրենց համար պրոբլեմ չի, որ իրենք վարձեն, էս մարդիկ գոնե մտնեն ապրեն, թեկուզ ժամանակավոր, մինչև հարցին լուծում կտան»,- ասում է Համազասպը: Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե հեռանան Կորյունի փողոցից, ապա իրենց խնդիրը մոռացության կմատնվի: Երեկ այրված տների բնակիչները նամակ են գրել նախագահին ու քաղաքապետին և խնդրել լուծել խնդիրը: Արթուրը չի հավատում այն վարկածին, թե հրդեհը գազից կամ հոսանքից է բռնկվել: Եթե հրդեհի պատճառը գազը կամ հոսանքը լիներ, ապա մեկ տուն կայրվեր, և հարևաններով կհասցնեին մարել հրդեհը, մանավանդ որ մի քանի տարի առաջ նման դեպք եղել է: «Մեր կարծիքով` էդ հրդեհը պատահական չի: Թող դա մասնագետները որոշեն, բայց մենք ոնց նայում ենք` էս տարածքը շուտվանից ինչ-որ մարդկանց հետաքրքրել է, որովհետև ինքը գտնվում է քաղաքի անմիջապես փոքր կենտրոնում»,- ասում է Արթուրը: Մելանյան կարծում է, որ տները դիտավորյալ են հրդեհել: Տարածքը հարմար է շենք կառուցելու համար: Բնակիչները ունեն սեփականության վկայականներ և տեղյակ չեն, թե արդյոք տարածքը մինչ հրդեհը համարվե՞լ է իրացման գոտի: Այս տարածքի տներով հետաքրքրվողներ միշտ էլ եղել են. շատերը եկել, չափագրումներ են արել, առաջարկել են վաճառել տները: Բայց բնակիչները հրաժարվել են և այժմ էլ չեն պատրաստվում լքել իրենց բնակության վայրը: Վրանի վրա բնակիչները գրել են Կորյունի 23 և հարցական նշան դրել: «Բոլորս նստած էինք, մեկ էլ ասին` էս մեր վրանը վերջը մեր տունն է, որտեղ ապրում ենք. համար է պետք: Մտածեցինք, մտածեցինք, ասինք` մինչև պետությունը որոշի, մեզ համար տա, մենք էլ համար կկպցնենք»,- ասում է Մարիան: Նա նշում է, որ հարևաններով շատ համերաշխ են և միշտ միասին են եղել և ուրախության, և տխրության ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter