HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Եթե հայտարարությունները վերածվեն քաղաքականության

Այն, որ Աստանայում անցկացվող ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովն իրականում նման է տխուր միջոցառման, քաղաքագետ Մանվել Սարգսյանը հիմնավորում է նախ նրանով, որ գերտերությունների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները դրան չեն մասնակցում, ուստի չի կարելի ասել, թե գագաթնաժողովը լիարժեք է: Երկրորդ` հենց գագաթնաժողովում հնչած ելույթները ցույց են տալիս` «մարդիկ իրենք էլ չեն հավատում, որ դա այն ամբիոնն է, որտեղ կարելի է լրջագույն խնդիրներ դնել եւ հասնել դրանց լուծմանը»:

«ՌԴ նախագահն նույնիսկ ասաց, որ ԵԱՀԿ-ն շատ է թուլացել եւ պետք է փորձել վերականգնել նրա նախկին ուժը»,- հիշեցնում է քաղաքագետը եւ շեշտում, որ այս ամենի պատճառն աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն են: Ըստ նրա` ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, ուներ իր հստակ գործառույթը. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պահպանել ստեղծված քաղաքական վիճակը. Բայց այսօր պահպանելու բան, կարծես թե, չկա, որովհետեւ ամեն ինչ շատ ինտենսիվ փոխվում է թե Եվրոպայում, թե դրա շուրջ: Եվ նման մեկ կողպեքը, բնական է, որ իրենից որեւէ արժեք այլեւս չի ներկայացնում»: Քաղաքագետ Սարգսյանի խոսքերով` հայերս ԵԱՀԿ 7-րդ համաժողովը դիտարկում ենք ղարաբաղյան խնդրի տեսանկյունից, քանի որ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո, երբ Հայաստանում իշխանափոխություն եղավ, իսկ Ղարաբաղի հարցի շուրջ վետո դրվեց, դա մեր հասարակական կարծիքի եւ քաղաքական գործիչների մոտ այնպիսի սպասումներ է թողել, թե «հիմա նորից սուրը կվերցնեն, կտանեն-կբերեն ու չգիտես` ինչեր կկատարվեն»: Սակայն իրականում, ըստ Մանվել Սարգսյանի, գործընթացների շերտերը շատ ավելի լայն են ու «պետք է տեսնել նաեւ մնացածը»: Քաղաքագետն առանձնացնում է հատկապես ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովում ՌԴ նախագահի ասած այն խոսքերը, թե պետք է փորձել գտնել ընդհանուր սկզբունքներ` բոլոր կոնֆլիկների լուծման համար: «Բայց այդ ընդհանուր սկզբունքները եղել են գլխավորությամբ սկզբունքերի բացակայության»,- նկատում է Մանվել Սարգսյանը եւ անդրադառնում նաեւ առաջ քաշված այն սկզբունքին, թե կողմերն իրենք պետք է գտնեն կոնֆլիկտի լուծումը` բացառելով ուժի կիրառումը: «Այսինքն` եղած սկզբունքներն էլ մեջտեղից հանվեցին, ամեն ինչ շատ ընդհանրացվեց»,- մեկնաբանում է քաղաքագետը եւ նշում, թե ծիծաղելով կարելի է ասել, որ առաջարկված հիշյալ սկզբունքն ուղղակի նշանակում է` ստեղծել պայմաններ, որպեսզի կողմերը երբեք չգան համաձայնության: «Դրանով են զբաղված: Որովհետեւ, եթե իսկապես ուզում ենք գալ համաձայնության, պետք է փոխվի միջազգային մթնոլորտը»: Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հովհաննես Նիկողոսյանն էլ հիշեցնում է գագաթնաժողովում ՌԴ նախագահի այսօրվա ելույթը, որում վերջինս ընդգծել է` պետք է հարգվեն կոնֆլիկտի շրջանում ապրող քաղաքացիների իրավունքները: Փորձագետը առանձնացնում է նաեւ Եվրամիության նախագահի հայտարարությունը, թե ղարաբաղյան կոնֆլիկտում առկա իրավիճակն ուղղակի վտանգ է ներկայացնում համաեվրոպական անվտանգության համար: Այս համատեքստում է նա կարեւորում է Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունը, որ 1990թ. ընդունված «Սովորական սպառազինությունների մասին» պայմանագիրն արդեն չի գործում եւ դրա փոխարեն պետք է նոր փաստաթուղթ ընդունել, որպեսզի Եվրոպայում սպառազինությունների մրցավազքը կանգնեցվի: Փորձագետ Նիկողոսյանի խոսքերով` Ֆրանսիայի վարչապետը Եվրոպա ասելիս նկատի է ունեցել հենց սառեցված հակամարտությունների գոտին: Ուստի, ըստ նրա, այս ամենը կբերեն ԼՂ եւ այլ կոնֆլիկտների խաղաղ գործընթացի վերականգնմանը, եւ «դա մեզ համար կլինի լավագույն արդյունքը»: Սակայն Մանվել Սարգսյանն ընդգծում է, որ հիշյալ հայտարարությունները նպաստավոր կդառնան, եթե վերածվեն քաղաքականության: Այլապես դրանք ոչ մի արժեք չունեն եւ չեն կարող ունենալ: «ՄԱԿ-ի գլխացվոր քարտուղարն էլ նորից հայտարարեց` կողմերին կոչ անելով դիպուկահարներին շփման գծից հեռացնել: Մինչեւ հիմա էլ նման հայտարարություններ հնչել են, բայց ոչ մի ազդեցություն չեն ունեցել»,- նկատում է քաղաքագետը: Վերջինիս խոսքերով` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում կարել է դրական արդյունքի սպասել միայն այն դեպքում , երբ Ադրբեջանը ճանաչի Մադրիդյան սկզբունքներում ընդգրկված ամենաէական կետերից մեկը` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Եթե նման բան լինի, բնական է` կարելի է խոսել ինչ-որ համաձայնությունների մասին: Բայց մենք չենք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ նման քայլի: Իլհամ Ալիեւն մեկ օր առաջ նորից հայտարարեց, որ դա անընդունելի է: Եթե անընդունելի է, կարելի է խոսել ընդամենը միջազգային հանրության դիրքորոշման մասին, որն ինչ-որ տեղ բխում է Արցախի շահերից, այսինքն` նա չի ընդունում ռազմական ճանապարհով հարցի լուծումը: Սա միակն է: Բայց նա ուրիշ ոչ մի բան չի ընդունում: Այսինքն` հենց այս մթնոլորտում պետք է շարունակվեն բանակցությունները»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter