HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Վճիռները չեն կատարվում

Իջեւան քաղաքի 51-ամյա բնակիչ Մարտուն Դավթյանը 1997 թ.-ից, որպես տրանսպորտի շահագործման բաժնի վարիչ, աշխատել է «Կամուրջ» ՓԲԸ-ում, որը զբաղվում էր քաղաքային շուկայի դիմաց եւ դրա հարակից տարածքում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ: 2001-ից նա այդ ընկերության տնօրենն էր: Ընկերության հիմնադիրը եղել է Իջեւան համայնքը: 2009 թ. համայնքի ավագանին որոշել է, որ ընկերությունը պետք է այդ տարի ավտոկանգառներից 2 մլն դրամ գանձի: «Օդից վերցրած թիվ էր, սովորաբար տարեկան 300-360 հազար դրամ էինք հավաքագրում»,-ասում է Մարտունը: Քանի որ 2 մլն դրամ գանձելն իրատեսական չէր, նա համայնքի բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու համար գրավոր դիմել է համայնքի ավագանուն եւ քաղաքապետին: Ավագանու անդամները համոզվել են, որ ավտոկանգառներից 2 մլն դրամ գանձելն իրատեսական չէ, սակայն բյուջեում այդպես էլ փոփոխություն չի արվել: Չնայած 2009-ը տնտեսական ճգնաժամի տարի էր, սակայն «Կամուրջ» ՓԲԸ-ն կարողանում է հավաքագրել 480 հազար դրամ: 2010 թ. փետրվարի 11-ից մինչեւ մարտի 15-ը Մարտուն Դավթյանը գտնվել է հերթական արձակուրդում, նրա փոխարեն տնօրենի պաշտոնակատար է եղել հսկիչ Կոլյա Հարությունյանը: Փետրվարի 22-ին Մ. Դավթյանն այցելել է Իջեւանի քաղաքապետարանի առաջին հարկում գտնվող «Կամուրջ» ՓԲԸ գրասենյակ` որոշ անձնական իրեր վերցնելու, եւ տեսել է, թե ինչպես քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ փորձում են մտնել իր աշխատասենյակ: Երբ Մարտունը փորձել է ճշտել, թե ինչ է կատարվում, քաղաքապետարանի աշխատակիցները նրան են հանձնել քաղվածք Իջեւանի քաղաքապետ ՎարուԺան Ներսիսյանի 2010 թ. փետրվարի 18-ի «Քաղաքապետարանի ենթակայության «Կամուրջ» ՓԲԸ տնօրեն Մարտուն Դավթյանին ընկերության գործադիր տնօրենի պարտականություններից ազատելու մասին» թիվ 30 որոշումից: Այդ որոշմամբ նրան գործադիր տնօրենի պարտականություններից ազատելը պատճառաբանվել է նրանով, որ 2009-ին համայնքի բյուջեով նախատեսված 2 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 480 հազար դրամ: Մարտունը մարտի 15-ին ընդդեմ «Կամուրջ» ՓԲԸ-ի եւ Իջեւանի քաղաքապետ Վ. Ներսիսյանի` իրեն աշխատանքից ազատելու որոշումն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջով, դիմել է դատարան: Մայիսի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Զոյա Զաքինյանի գլխավորությամբ, վճիռ է կայացրել, որով բավարարել է հայցը: Դատարանը հաշվի է առել, որ Մ. Դավթյանն աշխատանքից ազատվել է արձակուրդում գտնվելու ժամանակ, որ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Դատարանը վճռել է անվավեր ճանաչել Իջեւան համայնքի ղեկավարի փետրվարի 18-ի թիվ 30 որոշումը եւ Մարտուն Դավթյանին վերականգնել աշխատանքում, Իջեւանի քաղաքապետարանից, հօգուտ Մ. Դավթյանի, գանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, Իջեւանի քաղաքապետարանից, հօգուտ պետական բյուջեի, բռնագանձել 8000 դրամ, ինչպես նաեւ` գանձել վճարման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2 տոկոսը` որպես պետտուրքի գումար: Իջեւանի քաղաքապետը վերաքննիչ բողոք է ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարան, ուր նշել է, թե Մ. Դավթյանը 2010 թ. փետրվարի 11-ից մինչեւ փետրվարի 22-ը գտնվել է աշխատանքի մեջ, ոչ թե հերթական արձակուրդում: Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 30-ին դռնբաց դատական նիստում քննել է վերաքննիչ բողոքը եւ մերժել Իջեւանի քաղաքապետի բողոքն այն հիմնավորումով, որ գործում առկա 2010 թ. փետրվարի 11-ին տրված թիվ 9 հրամանից ակնհայտ է, որ փետրվարի 18-ի դրությամբ Դավթյանը գտնվել է արձակուրդում: Դատարանի վճիռը նոյեմբերի 8-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ: Նոյեմբերի 11-ին Մ. Դավթյանը գրավոր դիմել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին` սեղմ ժամկետներում վերաքննիչի վճիռը կատարելու համար: Նոյեմբերի 18-ին նա քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Արարատ Պարոնյանից ստացել է քաղվածք Իջեւանի քաղաքապետի նոյեմբերի 18-ի «Մարտուն Դավթյանի աշխատանքային իրավունքի մասին» թիվ 278 որոշումից: Այդ որոշման առաջին կետով Վ. Ներսիսյանը որոշել է. «Վերականգնել Մ. Դավթյանի աշխատանքային իրավունքը 2010 թ. փետրվարի 18-ից մինչեւ «Կամուրջ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցումը` 2010 թ. օգոստոսի 11-ը, եւ այդ ժամանակահատվածի պարապուրդի համար նրան վճարել միջին աշխատավարձի հաշվարկով»: Քաղաքապետի որոշման մեջ նաեւ առկա է. «...միաժամանակ, ի նկատի ունենալով ավտոկանգառի սպասարկումն իրականացնող «Կամուրջ» ՓԲԸ-ի` վերջին տարիներին համայնքի բյուջեով նախատեսված եկամուտների առաջադրանքները չկատարելու հետեւանքով գործունեության դադարեցումը եւ այն հանգամանքը, որ համայնքի ավագանու 12.06.2009 թ. թիվ 42 որոշմամբ անց է կացվել ավտոկանգառի սպասարկման մրցույթ, հաղթող է ճանաչվել անհատ ձեռնարկատեր, որի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր, Մարտուն Դավթյանին ազատել աշխատանքից»: Ավագանու 2009 թ. հունիսի 12-ի նիստում ընդունված թիվ 42 որոշման մեջ նշված է. «Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը` Երեւանյան փողոցում, քաղաքային շուկայի դիմաց գտնվող ավտոկանգառի կառավարման եւ սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար ս/թ օգոստոսին անցկացնել մրցույթ»: Սակայն 2009 թ. նման մրցույթ չի անցկացվել, իսկ այս տարի էլ Իջեւանի համայնքի ավագանին ոչ մի նիստ չի ունեցել: Իջեւանի ավագանու որոշման մեջ հստակ նշված է, որ նման մրցույթ պիտի անցկացվեր 2009 թ. օգոստոսին, բայց ոչ` 2010-ին: Մ. Դավթյանին աշխատանքից ազատելու` քաղաքապետ Վ. Ներսիսյանի 2010 թ. փետրվարի 18-ի որոշման 2-րդ կետով «Կամուրջ» ՓԲԸ գործադիր տնօրեն է նշանակվել Լյովա Գաբրիելյանը: Դրանից հետո շուկայի մոտակա ավտոկանգառը սպասարկել է ինչ-որ «ԱՁ» Լ., որի կողմից հսկիչին տված, վերջինիս կրծքին փակցվող աշխատանքային վկայականում Լեւոն Գաբրիելյանի ստորագրությունն է: Օրերս, երբ Մարտունը փորձել է ստանալ գոնե մինչեւ օգոստոսի 11-ը ընկած ժամանակահատվածի համար իր հարկադիր պարապուրդի գումարը, քաղաքապետարանի հաշվապահությունում հայտնել են, որ չեն կարող վճարել, քանի որ համայնքի բյուջեում համապատասխան փոփոխություն պետք է կատարվի, իսկ դրա համար ավագանու որոշում է պետք: Իջեւանի քաղաքապետ-ավագանի լարված հարաբերությունների, քաղաքապետի հայցով, դատարանի վճռով ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարելու պատճառով այս տարի ավագանու ոչ մի նիստ չի գումարվել, առաջիկայում էլ չի կայանա, քանզի արդեն ավագանու նիստի քվորում չկա: Սպասվում է, որ առաջիկայում Կառավարությունը պետք է որոշում ընդունի Իջեւան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Իսկ Մարտուն Դավթյանը չի կարող երկար սպասել, ընտանիքի ֆինանսական վիճակը ծանր է. նա 3 ուսանող ունի, 90 տարեկան հիվանդ մայր, արյան հիվանդությամբ տառապող կին: Հ.Գ. Վերը նշված դատական պատմության հետ կապված ուշագրավ հանգամանք կա: «Կամուրջ» ՓԲԸ հաշվապահ Անժելա Խեչյանը դատարանում տված գրավոր հայտարարության մեջ հավաստել է, որ փետրվարի 11-ից 22-ը Մ. Դավթյանը գտնվել է ոչ թե արձակուրդի, այլ աշխատանքի մեջ: Սակայն փետրվարի 12-ի թիվ 9 հրամանում, որով Մ. Դավթյանը հերթական արձակուրդի է ուղարկվել, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Հարությունյանի ստորագրության հետ առկա է նաեւ նույն Անժելա Խեչյանի ստորագրությունը (այդ փաստաթղթերը մեր ձեռքի տակ են): Կարելի է կռահել, թե ում հորդորով է Անժելա Խեչյանը դատարանին կեղծ տեղեկությամբ հայտարարություն տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter