HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պարադոքսների երկիր Թուրքիան

Ստամբուլի քաղաքականության կենտրոնի տնօրեն Ֆուաթ Քեյմանն ասում է, որ ժամանակակից Թուրքիան արագորեն փոփոխվում է՝ սկսած 2000-ական թվականներից: Սակայն, ըստ նրա, բեկումնային կետ կարելի է համարել 2007 թվականը, երբ, մասնավորապես, տեղի ունեցան վերջին խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, այդ տարի սպանվեց նաեւ Հրանտ Դինքը:  Ըստ Քեյմանի՝ փոփոխություններ տեղի են ունենում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլն:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ 2007-ից հետո գոյություն ունեցող Թուրքիան կարելի է անվանել պարադոքսների երկիր: Այս առումով դոկտոր Քեյմանը առանձնացնում է մի քանի պարադոքս:

Առաջին. Թուրքիան այսօր ակտիվ քաղաքականություն է վարում ոչ միայն իրեն հարակից տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Կովկասում, այլեւ մուտք է գործել Հարավաարեւելյան Ասիա, Աֆրիկա, Հարավային Ամերիկա, այլ աշխարհամասեր: Վերջին տարիներին մեծ թվով թուրքական դեսպանատներ են բացվել հատկապես աֆրիկյան երկրներում: Այս պետությունը, ըստ Ֆ. Քեյմանի, Չինաստանից հետո երկրորդ դոնոր երկիրն է Աֆրիկայում: Սակայն քաղաքագետն այս ակտիվությանը հակադրում է թուրքական դիվանագիտության զգուշավորությունը, սկեպտիցզմը, որի դրսեւորման վերջին օրինակներից է հայ-թուրքական մերձեցման գործընթացի սառեցումը:

Երկրորդ. Թուրքիան գլոբալ առումով տեսանելի է դարձել աշխարհին, ասել է թե՝ վերջինս նորովի է նայում այս երկրին: Տուրիզմի կտրուկ աճն ու Ստամբուլի վերելքը դրա վառ օրինակ են: Սակայն տնտեսական զարգացմանը զուգահեռ տեղի է ունենում հասարակության բեւեռացում: Այս առումով քաղաքագետը պայմանականորեն երկիրը բաժանում է երեք հատվածի՝ արեւմտյան՝ հիմնականում արեւմտյան հայացքներով, միջին շրջաններ՝ պահպանողական աշխարհայացքով, եւ հարավ-արեւելք, որտեղ մեծ մասը քրդեր են: Եվ ահա այս խմբերի միջեւ բեւեռացումը, որն ունի քաղաքական եւ սոցիալական արմատներ, աստիճանաբար խորանում է: Քեյմանը նկատում է, որ եթե երկիրը տնտեսապես մեծ քայլերով առաջ է գնում, ապա նրա բնակիչները պիտի երջանիկ լինեն: Սակայն տարբեր խմբերի նկատմամբ դրսեւորվող խտրականություններն այսօր հակառակին են հանգեցնում: «Որքան Թուրքիան ավելի է մերձենում Եվրոպային, այնքան մասնատվում է իր ներսում»,- նշում է Ֆուաթ Քեյմանը:  

Երրորդ. Ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական ոլորտում ներկայացվող առաջնահերթություններն ու իրականությունը հակասում են միմյանց: Շարունակ խոսվում է դեմոկրատական գործընթացների, դրանց անհրաժեշտության մասին: Բայց մյուս կողմից՝ բանակը շարունակում է կարեւոր դերակատարություն ունենալ քաղաքական գործընթացներում, վերջին օրերին էլ մեծ աղմուկ առաջացավ պատգամավորության քուրդ թեկնածուներին չգրանցելու պատճառով:

Չորրորդ. Քեյմանի բնորոշմամբ՝ այսօր Թուրքիայի քաղաքական դաշտում հեգեմոն դիրք է զբաղեցնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (AKP): Վերջինս 2002-ից հետո հաղթել է բոլոր համապետական եւ տեղական նշանակության ընտրություններում: Ինչպես նշում է քաղաքագետը, մարդիկ արդեն հիմա խոսում են, որ ընտրություններում կրկին առաջատարը լինելու է AKP-ն, որը կհավաքի շուրջ 40-45 տոկոս ձայն: Հատկանշական է նաեւ այն, որ վարչապետ Էրդողանի կուսակցության՝ 2007 եւ 2010 թթ. ներկայացրած սահմանադրական երկու բարեփոխումներն էլ արժանացել են ժողովրդի վստահության քվեին: Սակայն, ըստ Քեյմանի, բնակչության քաղաքական ու սոցիալական բեւեռացման պատճառներից մեկն էլ հենց AKP-ի հեգեմոնիան է: «Որքան ավելի շատ է հաղթում AKP-ն, այնքան հասարակությունն ավելի շատ է բեւեռանում»,- նկատում է նա:

Հինգերորդ. Թուրքիայի ներկայիս ամենաուժեղ ընդդիմադիր ուժը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է (CHP), որը ժամանակակից (1923-ից) Թուրքիայի հիմնադիր ու ամենահին կուսակցությունն է եւ 20-րդ դարում երկար տարիներ միահեծան իշխած ուժը: 2007-ի ընտրություններում, սակայն, CHP-ն AKP-ի 47 տոկոս ձայնի դիմաց ստացել է ընդամենը 21 տոկոս: Ըստ Ֆ. Քեյմանի՝ 2007-ից հետո քեմալիստական գաղափարախոսությամբ CHP-ն ավելի է ուժեղացել, սակայն այս տարի կրկին կպարտվի Էրդողանի նոր պահպանողական ուղղություն դավանող կուսակցությանը: Ինչպես շեշտում է քաղաքագետը, չնայած 1923-ին կատարված պետության կառուցվածքի հաջող փոփոխությանը՝ Թուրքիան առ այսօր չի կարողացել միավորել, համախմբել իր միջի տարբեր շերտերին: Եվ CHP-ի ամեն պարտությունից հետո նրան սատարածների մեջ ավելանում է հիասթափվող մարդկանց թիվը:

Վեցերորդ. «Թուրքիայի խնդիրը քրդերի հարցն է»,- ասում է Ֆուաթ Քեյմանը ու շեշտում, որ առանց դրա լուծման հնարավոր չէ դեմոկրատական, կայուն զարգացող տնտեսությամբ, չբեւեռացված երկիր կառուցել: Չնայած քուրդ անկախ թեկնածուներն ու նրանց աջակցող  «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը (BDP) AKP-ի նկատմամբ առավելություն ունեն քրդերով բնակեցված մի շարք շրջաններում, այդուհանդերձ, դա բավարար չէ խորհրդարան մտնելու համար: Քրդերի՝ խորհրդարանում լինելու անհրաժեշտությանը զուգահեռ՝ քաղաքագետն առաջ է քաշում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) խնդիրն ու ահաբեկչության հարցը, որը Թուրքիան դիտարկում է որպես իր անվտանգությանը սպառնացող առաջնային մարտահրավեր: Սակայն նա նույնպես արհեստական է համարում փաստաթղթերի թերի լինելու պատճառաբանությամբ վերջերս քուրդ թեկնածուներին չգրանցելու խնդիրը:    

«Հետքի» հարցին, թե ի վերջո որն է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաջողության գաղտնիքը, Ֆ. Քեյմանը պատասխանում է՝ երկրի ներսում եւ արտաքին քաղաքականության ոլորտում տրանսֆորմացիաներ կատարելու իշխանությունների քաղաքականությունը: Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաեւ Էրդողանի ու AKP-ի նոր պահպանողական գաղափարախոսությունն ու ազգայնականության դրսեւորումները: Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել Կարսի Մարդկության եւ խաղաղության հուշարձանի շուրջ բարձրացած աղմուկը, որը, քաղաքագետի կարծիքով, ոչ թե Հայաստանին ինչ-որ բան հասկացնելու համար է, այլ պարզապես գալիք ընտրություններից առաջ պահպանողական ու ազգայնական շրջանակների քվեները ստանալու տակտիկական քայլ:

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter