HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հրապարակվել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը

Ո՞ր ոլորտն է Հայաստանում ընկալվում որպես ամենակոռումպացված

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության 2010 թ. կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի` Հայաստանում ամենակոռումպացված է ընկալվում կրթության համակարգը: Դրան փոքր տարբերությամբ հաջորդում են ոստիկանությունը և դատական համակարգը, որոնք անցյալ տարի համարվում էին ամենակոռումպացվածը: Սակայն անցյալ տարի կրթական համակարգը ներառված չէր հարցումներում:

Հայաստանում ամենակոռումպացված են համարվում նաև պետական ծառայողները, խորհրդարանը, կուսակցությունները և բանակը: Այսօր` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, «Թրասնփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրին կազմակերպության Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2010 թ. տվյալները և դրա` Հայաստանին վերաբերող հատվածը: Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը որոշվում է 2003 թ.-ից, և այս հարցման մեջ Հայաստանը ներգրավվել է անցյալ տարվանից: Այս տարի Հայաստանում հարցումներն անցկացվել են հունիսի 1-ից 20-ը հեռախոսով: Հարցման ընտրանքը կազմել է 1.000 տնային տնտեսություն: Ընդհանուր առմամբ հարցումն անցկացվել է աշխարհի 86 երկրում հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը: Այդ երկրներից և ոչ մեկում կրթության համակարգը չի ընկալվում որպես ամենակոռումպացված: «Այսինքն` սա իսկապես բավականին մտահոգիչ է, քանի որ մեր մատաղ սերունդն է դաստիարակվում: Կրթության համակարգը իսկապես գտնվում է շատ ծանր վիճակում կոռուպցիայի առումով»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Հայաստանում հարցվածների կեսը կարծում է, որ վերջին 3 տարում կոռուպցիան աճել է, և ընդամենը 15%-ն է կարծում է, որ այն նվազել է: 35%-ի կարծիքով` վերջին 3 տարում կոռուպցիան երկրում մնացել է նույն մակարդակին: Ըստ հարցվածների 53%-ի (անցյալ տարվա 48%-ի դիմաց)` Հայաստանի իշխանությունների գործողությունները կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ չեն: 20%-ի կարծիքով` իշխանությունների գործողությունների արդյուքնում ոչինչ չի փոխվում: Իշխանությունների պայքարը հարցվածների միայն 27%-ն է արդյունավետ համարում` անցյալ տարվա 38%-ի դիմաց: ԱՊՀ տարածաշրջանում, որում ներառված է Հայաստանը, հարցվածների 35%-ը կարծում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ կարող է պայքարել իշխանությունը, 39%-ը ոչ մեկին չի վստահում որպես կոռուպցիայի դեմ պայքարող հաստատություն, 2%-ը վստահում է բիզնեսին, 5%-ը` ՀԿ-ներին: Վարուժան Հոկտանյանի կարծիքով` այս պատկերը ԱՊՀ-ում ավտորիտար մտածելակերպի պահպանման հետևանք է, երբ մարդիկ մտածում են, թե ինչ-որ պետ կգա ու հարցերը կլուծի: Մինչդեռ գլոբալ մասշտաբով կոռուպցիայի դեմ պայքարում առաջին տեղում ԶԼՄ-ներն են, ավելի լավ է ընկալվում բիզնեսի և քաղաքացիական հասարակության դերը, և ավելի փոքր տեղ է տրվում իշխանություններին: Ըստ հարցումների` Հայաստանում, անցյալ տարվա համեմատ, էապես կրճատվել է կաշառք տվողների թիվը: Անցյալ տարի հարցվածների 43%-ն էր ասել, որ կաշառք է տվել, այս տարի` 22%-ը: Վարուժան Հոկտանյանի խոսքերով` սա տարօրինակ ցուցանիշ է, քանի որ այն 6 հաստատություններն ու ոլորտները, որոնք անցյալ տարի դիտարկվել են Հայաստանում, այս տարի ընկալվել են որպես ավելի կոռումպացված (բացառություն են կազմում ԶԼՄ-ները, որոնցում առկա կոռուպցիայի ընկալումը մնացել է նույնը): Այսպիսի պատկեր ստանալու պատճառ կարող է լինել նաև այն, որ անցյալ տարի Հայաստանում հարցումն անցկացրել էր վրացական, իսկ այս տարի` ռուսական ընկերություն: Ընդհանուր առմամբ, 2010 թ. բարոմետրի զեկույցում Հայաստանի տվյալները անոմալ չեն` սարսափելի վատը կամ չափազանց լավը չեն: Սոնա Այվազյանի խոսքերով` «Թրանսփարենսի ինթերնեշնլը» 1,5 տարի շարունակ Երևանում գործարկել է շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ և կոռուպցիայի վերաբերյալ 600 դիմում ստացել: Սակայն այդ դիմումներից միայն մեկն է առնչվել կրթության ոլորտին: Առհասարակ ՀԿ-ն դիմումներ չի ստանում այն ոլորտների վերաբերյալ, որոնք Հայաստանում համարվում են ամենակոռումպացվածը, օրինակ` առողջապահության համակարգը: «Դա նշանակում է, որ մարդիկ կամ պարզապես հաշտվել են այն մտքի հետ, որ այդ ոլորտները պետք է կռումպացված լինեն, և իրենք չպետք է բողոքեն, կամ նրանք պարզապես չեն վստահում, որ որևէ առաջընթաց կարող է լինել իրենց պայքարում. եթե իրենք բողոքեն, ապա ի՞նչ կստանան: Եվ այդպես փոխշահավետ գործարքի մեջ էին փաստորեն մտնում, մասնավորապես, առողջապահության, կրթության ոլորտում` ակնկալելով իրենց կաշառքի դիմաց համապատասխան արդյունքներ»,- ասաց Սոնա Այվազյանը: «Թրանսփարենսի ինթերնեշնլին» հաջողվել է կաշառատվության մի քանի դեպք կանխել, քանի որ մարդիկ ՀԿ-ին դիմել են հենց այն ժամանակ, երբ իրենցից կաշառք են պահանջել: Բայց, որպես կանոն, ՀԿ-ին դիմում են կոռուպցիոն դրսևորումից հետո` անգամ մի քանի տարի անց: Այս դեպքերում ՀԿ-ն որևէ հաջողության չի հասել, քանի որ գործն արդեն հասել էր դատական համակարգ, որն իր հերթին համարվում է ամենակոռումպացվածներից մեկը: Սոնա Այվազյանի խոսքերով` «Թրանսփարենսի ինթերնեշնլը» շարունակելու է իրավաբանական աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի զոհերին, նրանց պաշտպանել դատարանում, տեղեկատվություն տրամադրել, մոնիտորինգ անել: «Մեզ համար ցավալի է, որ կարող եմ մի ձեռքի մատների վրա հաշվել այն անձանց, որոնք մեզ դիմել էին հանրային նշանակության խնդիրներով: Որպես կանոն, մարդիկ դիմում էին շատ նեղ անձնական հարցերով, և դա մեզ համար հիասթափություն էր: Մենք այժմ, հատկապես ռեսուրսների սահմանափակ լինելուց ելնելով, կոռուպցիայի զոհերին շարունակում ենք աջակցել հանրային նշանակության գործերով»,- ասաց Սոնա Այվազյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ որքան Հայաստանում իշխանությունն ավելացնում է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքները, այնքան ավելանում են կոռուպցիայի ընկալման ցուցանիշները` Վարուժան Հոկտանյանը նշեց, որ աշխարհում չկա մի երկրիր (անգամ կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող Արևմտյան Եվրոպայում), որի պաշտոնյաները չհայտարարեն կոռուպցիայի դեմ պայքարելու մասին: Հայաստանում ևս պարբերաբար հայտարարություններ են հնչում այդ մասին, Վերահսկիչ պալատը բացահայտումներ է անում և այլն, սակայն ոչինչ չի փոխվում, քանի որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա` կոռուպցիոն բուրգ, որը վերացնելու համար պետք է նաև «վերևներին կպնել»: «Ամենաբարձր պաշտոնյան, որ մինչև հիմա պատժվել է, բնապահպանության նախարարությունում վարչության պետ էր և նրա տեղակալը: Նույնիսկ այդ դեպքում հարցեր առաջացան. իսկ ավելի վերև չէի՞ն գնացել այդ կաշառքները, ասենք` փոխնախարարի, նախարարի մակարդակի և այլն: Այսինքն` եթե ուզում ես իսկապես սինգապուրյան մեթոդներով պայքարել, ինչպես դա Լի Կուան Յուն արեց` 59 թ.-ից սկսած, դու պետք է արդեն սկսես բանտեր ուղարկել նաև նախարարներին` անկախ նրանից` նրանք քո ընկերնե՞րն են, թե՞ ոչ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Նա նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառներից մեկը բիզնեսի ու քաղաքականության սերտաճումն է ու մոնոպոլիզացիան, դատական համակարգի կախյալությունը, ազատ ու մրցակցային ընտրությունների, խոսքի ազատության բացակայությունը: «Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ շատ երկրներ կորցրել են իրենց պետականությունը հենց կոռուպցիայի շատ բարձր մակարդակի պատճառով: Երբ մոնոպոլիզացիան բիզնեսի ու քաղաքականության ոլորտներում հասնում է ահագնացող չափերի, արդեն համակարգը չի կարողանում գոյատևել` առանց կոռուպցիայի: Այսինքն` երբ կոռուպցիան փորձես նվազեցնել կամ հանել, համակարգը փուլ կգա»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Կոռուպցիայի ընկալման միտումներն աշխարհում

«Թրանսփարենի ինթերնեշնլի» Կոռուպցիայի համաշխարհային բարոմենտրի շրջանակներում այս տարի ամբողջ աշխարհում հարցվել է 91.781 մարդ: Հարցումներին մասնակցած 86 երկրները դասակարգվել են 8 տարածաշրջանի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Եվրամիություն (որի մեջ ներառվել են նաև ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիան, Իսլանդիան ու Շվեյցարիան), Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, ԱՊՀ (որի մեջ ներառվել է նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող Մոնղոլիան), Անդրսահարյան Աֆրիկա, Արևմտյան Բալկաններ և Թուրքիա: 86 երկրից 84-ում հարցումներն անցկացրել է «Գելափ ինթերնեշնլ» կազմակերպությունը, որը հարցումները պատվիրել է տարբեր երկրներում իր պաշտոնական գործընկերներին: Հայաստանում (ինչպես նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում ու Լատվիայում) հարցումներն անցկացրել է ռուսական «Ռոմիր» հանրային կարծիքի ուսումնասիրության ընկերությունը: Այս տարվա հարցումների ժամանակ առաջին անգամ տրվել են հետևյալ հարցերը. «Դուք ինքներդ կաշառք տվե՞լ եք», և «Դուք ինքներդ պատրա՞ստ եք պայքարել կոռուպցիայի դեմ»: Ողջ աշխարհով մեկ 10 հարցվածից 6-ը կարծում է, որ կոռուպցիան նախորդ 3 տարվա ընթացքում աճել է, և յուրաքանչյուր 4-րդն ասել է, որ ինքը նախորդ տարի կաշառք է տվել: Հարցվածների 80%-ի կարծիքով իրենց երկրներում ամենից կոռումպացված հաստատություններն են կուսակցությունները: Այսպիսի պատկեր չի գրանցվել միայն ԱՊՀ-ում և Անդրսահարյան Աֆրիկայի երկրներում: Այնուհետև համաշխարհային մասշտաբով ամենակոռումպացվածն են համարվում պետական պաշտոնյաները, դատական համակարգը, խորհրդարանը և ոստիկանությունը: Ըստ 2010 թ. բարոմենտի` ողջ աշխարհում մանր կաշառակերության ծավալները պրակտիկորեն չեն փոփոխվել 2006-ի համեմատ: Բայց որոշ դեպքերում, օրինակ` դատական համակարգի, ոստիկանության, կադաստրի, լիցենզիաներ ու թույլտվություններ տրամադրող պետական մարմինների դեպքում, կաշառատվությունը մեծացել է: Վերջին 12 ամսում կաշառք է տվել Անդրսահարյան Աֆրիկայում հարցվածների ավելի քան կեսը, Մերձավոր Արևելքում և Հյուսիային Աֆրիկայում հարցվածների` 36%-ը, ԱՊՀ-ում` 32%-ը, Լատինական Ամերիկայում` 23%-ը, Արևմտյան Բալկաններում և Թուրքիայում` 19%-ը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` 15%-ը, ԵՄ-ում և Հյուսիսային Ամերիկայում` 5%-ը: Կաշառք տվածների կեսն այդ քայլին դիմել է, որպեսզի խուսափի պետական պաշտոնյաների հետ խնդիրներ ունենալուց, մեկ քառորդը` որպեսզի արագացնի գործընթացները: Ըստ հարցվածների 50%-ի` իշխանությունները անարդյունավոտ են պայքարում կոռուպցիայի դեմ: 29%-ն այդ պայքարը համարում է արդյունավետ: Իրենց իշխանություններից առավել դժգոհ են ԵՄ-ի (74%) և Հյուսիսային Ամերիկայի (73%) երկրներում հարցվածները: Դրական է այն, որ բավականին մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր պատրաստ են ինչ-որ կերպ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում: Հարցվածների 70%-ը համարում է, որ ինքն ի վիճակի է ներգրավվել այդ պայքարում: Այստեղ առաջատարը ԵՄ-ի և Հյուսիսային Ամերիկայի երկրներին են: Ամենացածր արդյունքը ԱՊՀ-ինն է:

Հ.Գ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանել է կազմակեպության հիմնադիր Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ: Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ից մրցանակը կշնորհվի նրանց, ովքեր ներդրում են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարում և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter