HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արամ Կարապետյան. «Հոկտեմբերի 27-ի բացահայտումը կմնա վերջում, եթե ոչինչ չօգնեց»

Բարձրաստիճան պաշտոնյանների հեռացմանը կհետեւի նաեւ 10-11 պաշտոնաթողություն, ինչը տեղի կունենա արդեն եկող տարի` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Իսկ սպասվելիք հեռացումները կսկսվեն ուժային կառույցների ղեկավարներից: Իր այս կանխատեսումը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հիմնավորում է մի շարք հանգամանքներով: Նախ, ըստ նրա` շատ բան ասում է հենց այն անհասկանալի վիճակը, որ այսօր առկա է Հայաստանում: ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը մեկին ծեծում է, բայց պաշտոնից հեռացվում է նրա վերադասը` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Մամուլը գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, մարդ է ծեծել, սակայն ոչինչ չի լինում: Իսկ նույն օրը նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հրավիրում է արարողակարգի աշխատակցին, Բեգլարյանը նրան ծեծում է, վերջինս հրաժարական է տալիս, Կարեն Կարապետյանը` մնում անպատիժ: Ոստիկանապետն էլ հայտարարում է, թե քրեական գործ չի հարուցվել, քանի որ չկա դիում: Արամ Կարապետյանի գնահատմամբ` այս ամենն ավելի շուտ ցույց է տալիս, որ «համակարգը, որպես այդպիսին, չի աշխատում»: Նա մեջբերում է դեռ ՀԺԿ համագումարում իր ասած խոսքերը` Հայաստանն ունի Սերժ Սարգսյան, չունի նախագահ, ունի Տիգրան Սարգսյան, չունի վարչապետ, ունի Ալիկ Սարգսյան, բայց չունի ոստիկանապետ. «Այսինքն` կան մարդիկ, չկան համակարգեր»: Հենց իր գոյությունն էլ ի ցույց դնելու համար Սերժ Սարգսյանը, ըստ ՆԺԿ առաջնորդի, վարվեց այնպես, ինչպես իր ՌԴ գործընկերը` քաղաքապետին հեռացրեց: «Սա նաեւ Մոսկվայի շահերը բավարարելու խնդիր էր, որովհետեւ Սերժ Սարգսյանը գործկոմում` ի դեմս Հանրապետականի, ասել էր` կգամ, կասեմ` ով է լինելու քաղաքապետ: Այսինքն` կգնամ Մոսկվա, կիմանամ, թե ինչ են խոսում, նոր կգամ կասեմ»,- նշում է ՆԺԿ առաջնորդ Կարապետյանը: Նրա խոսքերով` նույնիսկ Բեգլարյանը գիտեր, որ լուժկովյան իրադարձություններից հետո ինքը «հարվածի տակ է», եւ կատարվածն միանգամայն կանխատեսելի էր: Ասվածը նա դիտարկում է մի քանի տեսանկյունից: Նախ` կեսկատակ նշում է, թե հոգեբանական առումով` «Միքայել Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսան – հեղ.) եւ մնացածը վախեցան, որ վաղն իրենք էլ են ծեծվելու»: Մյուս կողմից` Ս. Սարգսյանն ու Մ. Մինասյանն իրականացրին իրենց սցենարի առաջին քայլը: Բանն այն է, որ քոչարյանական թիմն արդեն սկսել է «հետաքրքիր հավաքներ» անցկացնել: Խոսքը, ըստ Կարապետյանի, Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրյակյանի (մականունը` Թոխմախի Մհեր) կազմակերպած հավաքի մասին է, որի ժամանակ կրիմինալն արդեն հարց է բարձրացրել. եթե այլեւս չեն կարող անցնել խորհրդարան, էլ իրենք ո՞վ են: Չէ՞ որ «այդքան գործ են արել, տարբեր գործընթացների մասնակցել, ի վերջո, Մարտի 1 է եղել»: Իսկ այն, որ ՀՀԿ-ի ցուցակով մականունավորներն այլեւս պիտի չանցնեն, նախագահականի «երիտասարդների բազմության» պահանջն է, այն երիտասարդների, որոնց հիշյալ հավաքի կրիմինլներն անվանում են «ժելեյած» (մազերին ժելե քսած) տղաներ: Արդարադատության նախարարի ու Երեւանի քաղաքապետի պաշտոնանկությունից հետո, Արամ Կարապետյանի մատնանշած հիշյալ սցենարով, գալու է ուժայինների ղակավարների փոխարինումը, որպեսզի նորերն իրենց պաշտոնի համար պարտական լինեն միայն ու միայն Ս. Սարգսյանին: Հաշվարկը հետեւյալն է. խորհրդարանական ընտրությունների գնալ կամ մականունավորների հետ, կամ քաղաքակիրթ եղանակով: Առաջին տրբերակն անգամ ոչ արտահերթ ընտրությունների պարագայում հանգեցնելու է հեղափոխության: Երկրորդ տարբերակը լցոնող, ծեծող-ջարդող կրիմինալի առկայությունը բացառում է, սակայն ենթադրում է պայմանավորվածություն ընդդիմության հետ: Դրա համար էլ, ՆԺԿ առաջնորդի համոզմամբ, առաջիկայում ազատ կարձակվեն քաղբանտարկյալները: «Որպեսզի խորհրդրանական ընտրությունները չվերածվեն հեղափոխական շարժման, պետք է գնալ պայմանավորվածությունների` բավարարելու համար դաշտում գործող քաղաքական ուժերի ամբիցիաները,- ասում է Ա. Կարապետյանը եւ հավելում,- հեղափոխությունն անում են նաեւ քաղաքական ուժերը: Եթե նրանց ամբիցիաների բավարարման ճանապարհ գտնվի` խորհրդարանը տարաբաշխելով, ուրեմն հեղափոխության առաջնորդներ էլ չեն լինի»: Իսկ ի՞նչ է անելու Գագիկ Բեգլարյանը: ՆԺԿ ղեկավարի դիտարկմամբ` այն, ինչ արեց ՌԴ նախկին քաղաքապետ Լուժկովը: Ավելի կոնկրետ` ոչինչ էլ չի անի: Իզուր չէ, որ արդեն Բեգլարյանին ակնարկել են կուսակցությունից հեռացնելու կամ քրեական գործ հարուցելու մասին. «Այսինքն` մարդուն ասացին` հանգիստ նստիր, որեւէ բան թող մտքովդ չանցնի»: Առհասարակ, Կարապետյանի խոսքերով, անդրքոչարյանական ուժերն իրենց խոսքը կասեն այն ժամանակ, երբ միանշանակ կերեւա` համակարգը փլուզվում է, սկսում է ճաքեր տալ: «Քոչարյանի ամենամեծ դժբախտությունն այն է, որ նա շատ լավ հասկանում է` կա ժողովրդի հիշողությունը: Այն թույլ չի տալիս, որ նա մտածի, թե ժողովրդի վստահությունը շահելով կարող է գալ իշխանության: Ուրեմն, նա պետք է մտնի ինտրիգների դաշտ»,- ասում է Ա. Կարապետյանը եւ մանրամասնում, թե երկրորդ նախագահը ստիպված պետք է փորձի հասնել պալատական հեղաշրջման կամ ինչ-որ ձեւով ստանալ վարչապետի աթոռը: Այս համատեքստում ՆԺԿ առաջնորդն ուշագրավ է համարում, որ իբրեւ քաղաքապետի թեկնածու հոլովվում է նաեւ Ռ. Քոչարյանի մարդնացից մեկի` «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանի անունը: Ի՞նչ կլինի իրականում: Կարապետյանի կանխատեսմամբ` բոլոր սցենարներն էլ հօդս կցնդեն ֆորսմաժորային իրավիճակների պատճառով: Նա նշում է, թե վերջին պաշտոնաթողությունները միաժամանակ Միքայել Մինասյանի կազմակերպած հակագովազդն էր` ժողովրդի ուշադրությունը WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերից շեղելու համար: Մասնավորապես այն փաստաթղթի, որով հիմնավորվել է, որ 2003թ. ՀՀ իշխանությունները Իրանին զանք են վաճառել: Ու թեեւ դա Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում էր, այնուամենայնիվ, ՆԺԿ ղեկավարի ներկայացմամբ, վաճառողը եղել է Սերժ Սարգսյանը, որովհետեւ պաշտպանության նախարարը նա էր: «Ինչքան ես եմ տեղեկացված` WikiLeaks-ի թղթերի մեջ 1709 թուղթ հիմա պատրաստ է եւ վերաբերում է Հայաստանին: Այն արխիվը, որն ուղարկվել է 100 հազար մարդու, որը կոչվում է WikiLeaks-ի փակ, գաղտնի աղբուր (ոչ այն, ինչ-որ հիմա տպագրվում է), այնտեղ Հայաստանին վերաբերող 17 հազար փաստաթուղթ կա: Այսինքն` կարող են լինել ֆորսմաժորներ, որոնք կապված են արտահոսքերի, ղարաբաղյան խնդրի զարգացումների, թանկացումների հետ: Այսինքն` կյանքը տանելու է նրան, որ իրենց ծրագիրը, որեւէ պայմանավորվածություն չի գործելու»,- ասում է Արամ Կարապետյանը եւ ավելացնում, թե միանշանակ կլինեն նոր բացահայտումներ, իսկ «Հոկտեմբերի 27-ի բացահայտումը կմնա վերջում, եթե ոչինչ չօգնեց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter