HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թող սննդամթերքի գովազդի ժամանակ հնչի Պիացոլա

Երաժշտագետ Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ գոնե այդպես կիմանան՝ ինչ ասել է երաժշտություն

Հոկտեմբերի 1-ին նշվում է երաժշտության միջազգային օրը: Երկար մտածեցի՝ ում հետ կարելի է զրուցել այսօր: Դրա նախորդ օրը դպրոցականների հետ հանդիպում ունեի. երաժշտության դասաժամին շարական էին երգում: Վերադառնալով մայրաքաղաք՝ որոշեցի զրուցել Լիլիթ Հարությունյանի հետ, ով նոր է ավարտել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը, և այն սակավաթիվ ուսանողներից է, ով մասնագիտացել է հայ միջնադարյան երգարվեստում:

- Կարելի՞ է ասել, որ կոնսերվատորիայի ուսանողների մեծամասնությունը նախըտրում է երաժշտության տեսությունը, քան պատմությունը:

- Կան մարդիկ, ովքեր նախընտրում են պատմությունը, բայց՝ ժամանակակից, ինչը շատ լավ է, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է ակադեմիական երաժշտության մեջ, կարոտ է ուսումնասիրության և մեկնաբանման:

- Դու ընտրել ես Ֆոլկլորագիտության ամբիոնը և մասնագիտացել հայ միջնադարյան երգարվեստի ասպարեզում: Երիտասարդ երաժշտագետներից քչերին է հետաքրքրում միջնադարը...

- Կան շատ լավ մասնագետներ, որոնք նշանակալի գործ են կատարում: Ցավոք, այն, ինչ անում ենք, գուցե լայն հասարակության կողմից նկատելի չէ: Օրինակ, իմ ավարտական աշխատանքը նվիրված էր հայ ժողովրդական հոգևոր երգերի ուսումնասիրմանը, այսինքն՝ զուտ հոգևոր թեմատիկայով երգեր, որոնք, սակայն, ժողովրդի ծնունդ են:

- Այն ժամանակ հոգևոր երգը հասանելի էր մարդուն, իսկ հիմա՞:

- Այն ժամանակ երգեր ստեղծում էին զուտ կրթություն ստացած մարդիկ, իսկ նրանք հոգևոր կենտրոններում էին կրթվում: Հետո այդ երգերից շատերը կանոնիկացվում էին և մտնում պաշտոներգության մեջ: Դրա շնորհիվ է, որ պահպանվել են «Շարականը», «Ժամագիրք»... 14-րդ դարից սկսած՝ նոր երգեր գրվեցին, կամ ստեղծվեց հոգևորը, բայց չկանոնակարգվեց: Հիմա էլ կատարվում են հայտնի տաղերը, գանձերը: Մեր երախտավորների շնորհիվ համերգային բեմերից կարող ենք լսել դրանք... Կոմիտաս, Եկմալյան, Կարա-Մուրզա, նաև Երկանյան:

- Հոգևոր երգին զուգահեռ որոշ ժամանակ անց զարգացավ գուսանական՝ աշխարհիկ երգը...

- Գուսանականը եղել է միշտ. հիմա, օրինակ, աշուղականն է: Այ, հենց սա է մասսայական նպատակին ծառայում: Էլ չխոսեմ ժողովրդականից...

- Թվարկածներդ մեծ արժեք են ունեցել հայ երգարվեստի մեջ: Հիմա ի՞նչ է կատարվում երաժշտության ոլորտում:

- Հիմա ճաշակը փոխվել է: Հիմա ուրիշ «գուսաններ» են: Բայց մեկ է, դրան զուգահեռ կան «Օշական» անսամբլը, «Գեղարդ» համույթը: Եթե, օրինակ, «Գեղարդ» համույթն այստեղ է լինում, կիրակի օրերին երգում են Գեղարդավանքի պատարագները, և բացի երգելուց՝ գեղ. դեկավար Մհեր Նավոյանը համերգ-դասախոսություններ է կարդում հայերեն, անգլերեն և գերմաներեն: Այսօրվա միտումները ես մեկ բառով կբնորոշեմ պոպուլյարիզացիա:

- Այսինքն՝ արվեստի գործ ստեղծվում է նախևառաջ մասսայի՞ն բավարարելու համար:

- Այո, և դա ամենևին էլ մեղադրանք չի:

- Տարիներ անց երաժշտագետները, ըստ երաժշտության որակի, կասեն, թե ինչ հասարակություն է ապրել այս կամ այն երկրում...

- Կարևորը՝ լինեն երաժշտագետներ:

- Բանվորի, աշխատավորի երգը ռաբիսն է: Փոխվել է հասարակարգը, մեկ ընդհանրականն ունենալու ճնշումներ այլևս չկան, բայց շարունակում է ստեղծվել նույն տեսակի և որակի երաժշտություն:

- Եթե միայն ռաբիս ունենք, ուրեմն, հա, բանվոր ենք: Այն ժամանակ դա կոլխոզային աշխատավորների երգն էր, հիմա քաղաքային ֆոլկլորից է գալիս:

- Այսինքն՝ շարունակում ենք միասնակա՞ն մտածել, անհատական մտածողություն չկա՞:

- Միասնականը միշտ էլ կա. մարդը մասսայական տեսակ է: Անհատականությունը ամենից շատ արտահայտվում է ակադեմիական /դասական/ երաժշտության մեջ: Նույնիսկ հոգևոր հայրերը մտածել են նախևառաջ մասսայականության մասին:

- Բայց հիմա երաժիշտն ավելի ազատ է, կաշկանդող համակարգ չկա: Ու շարունակում է ռաբիս երգել:

- Հասարակարգը երբեք երաժշտություն չի կաշկանդել: Բայց այժմյան մեր «մասսայական» հասարակարգը լավ էլ կաշկանդում է:

- Փաստորեն, ստացվում է, որ մեզանից շատերը նախևառաջ մտածում և զգում են ռաբիս...

- Ցավոք,այո:

- Ի՞նչ ես առաջարկում՝ որպես երաժշտագետ:

- Պետք է լինի ազատություն բառիս բուն իմաստով. ամեն մեկն անի իր աշխատանքը: Ինչ էլ լինի, մեր խոսքը տեղ կհասնի,եթե տեղին և դիպուկ լինի:

- Այս առումով փաստորեն երաժշտագետները երաժիշտներից շատ բա՞ն ունեն անելու:

- Չէ, ի վերջո ամենազորը կատարողներն են...

- Բայց եթե Պիացոլայի ստեղծագործությունը դառնում է սննդի գովազդի երաժշտությունը, ապա երաժշտագետն ու քննադատը չէ՞, որ պետք է խոսեն:

- Թող սննդամթերքի գովազդի ժամանակ հնչի Պիացոլա. գոնե էդպես իմանան՝ ինչ ասել է երաժշտություն: Ռաբիս ճաշակի մարդը կլսի, կիմանա, որ կա էդպիսի երաժշտություն, որ կա Պիացոլա:

- Ավելի լավ մեթոդ չկա՞ ուսուցանելու:

- Կա: Հարյուր անգամ ասել եմ և էլի կասեմ՝ հպարտանում եմ, որ մեր
Երիտասարդական նվագախումբը համերգ է տալիս Հյուսիսային պողոտայում:

- Որպես երաժշտագետ՝ ի՞նչ կմաղթես գործընկերներիդ և երաժշտասերներին:

- Թող լսեն այն, ինչ հաճելի է և որակյալ, այլ ոչ թե այն, ինչ բոլորն են լսում: Եվ առաջարկում եմ լսել այս երաժշտությունը ու նայելով համակարգչի էկրանին՝ խոստովանել, որ հզոր երաժշտություն է:

Ստորև ներկայացնում ենք Լիլիթ Հարությունյանի մաղթանք-երաժշտությունը:

 

Մեկնաբանություններ (1)

Lilit Harutyunyan
SHnorhakal em Hovo jan :**

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter