HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՀԴՄ-ով արդարադատություն. գրանցվենք Գինեսի գրքում

Վերջերս «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մի սենսացիոն հայտարարություն է արել «Ազատություն» ռադիոկայանի եթերում: «Արդարադատության խորհուրդը դատավոր նշանակելու համար վերցնում է 200 հազար դոլար»,- ասել է գլխավոր խմբագիրը:

Ես լսել էի, որ պատգամավոր դառնալու համար 200, 500 հազար, երբեմն 1 մլն դոլար են վճարում, ընդ որում` գումարի մի մասը զանազան ծրագրերի ֆինանսավորման տեսքով է տրվում, ասենք` գյուղամիջյան ճանապարհի նորոգում, գյուղի գազաֆիկացում, դպրոցի վերանորոգում, անվճար սննդամթերքի բաժանում եւ այլն, բայց որ դատավոր նշանակվելու համար 200 հազար դոլար է պետք վճարել` առաջին անգամ էի լսում: Չգիտեմ, թե այս հայտարարությունն ինչ արձագանքներ է ունեցել, հավանաբար` ոչ մի: Նման դեպքերում գլխավոր դատախազությունը պարտավոր է զբաղվել Արդարադատության խորհրդով, չնայած հաշվի առնելով, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ԱԽ-ով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Եթե դա իրականություն է, ապա ենթադրվում է, որ Հայաստանում առանց փողի որեւէ դատավճիռ չի կայացվում: Ուրեմն այս գործընթացը պետք է անհապաղ «օրինական» դաշտ բերել: Այդ դեպքում յուրաքանչյուր վճիռ կունենա իր գինը: Մարդիկ կգան, այդ փողը կվճարեն եւ կգնեն վճիռը: Վատ չի հնչում` վճարովի արդարադատություն: Վարչապետն անմիջապես հանդես կգա նոր նախաձեռնությամբ` պետք է տեղադրել հաշվիչ դրամարկղեր: Յուրաքանչյուր դատավոր կունենա իր ՀԴՄ-ն: Պետական բյուջեի մուտքերը զգալիորեն կաճեն: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում գործում են «ազատ շուկայի» օրենքները, վարչապետը կպահանջի, որ վճիռների ձեռքբերումն անպայման կատարվի աճուրդի միջոցով: Իսկ դա նշանակում է` ով շատ վճարի, կստանա իրեն անհրաժեշտ վճիռը: Աճուրդի ժամանակ դատավորն էլ կարող է օգտագործել իր կախարդական մուրճը: Դա կլինի թափանցիկ արդարադատություն, եւ աշխարհում նորից կլինենք առաջինը: Կհրավիրենք գինեսականներին, ու սա էլ կգրանցվի ամենաերկար ճոպանուղու ու ամենամեծ շոկոլադի կողքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter