HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Անցկացվեց երթ` օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ

 Այսօր` առավոտյան, Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի առջև, մեկնարկեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության երթը:

Երթի մասնակիցները պահել էին «Որակյալ կրթություն բոլորին, ոչ օտարալեզու դպրոցներին», «Օտար լեզուների իմացություն բոլորին», «Կրթությունը օտարալիզության ասպարեզ չէ», «Հանրապետականը` հայոց լեզվի թշնամի», «Գաղութացմանը` ոչ» և այլ կարգախոսներով պաստառներ: Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաև «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Այդ փոփոխություններով հնարավոր է դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեությունը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը իշխանություններից պահանջում է ընդհանրապես մերժել օրենսդրական փաթեթը և քննարկումներ կազմակերպել այն մասին, թե ինչպես կարելի է որակյալ կրթությունը հասանելի դարձնել բոլորին հայալեզու դպրոցներում:

Նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը բերեց Լիբանանի օրինակը, որտեղ երիտասարդները հաճախում են օտարալեզու դպրոցներ և արաբերենը համարում երկրորդ կարգի լեզու: Նա համոզված է, որ օրենսդրական փաթեթի` կյանքի կոչվելու դեպքում նույնը տեղի կունենա նաև հայերենի հետ. այն, դառնալով ստորին խավի լեզու, ի վերջո, դուրս կմղվի: «Հարավային Կորեայի կրթական համակարգը համարվում է աշխարհում առաջիններից մեկը: Այդ երկիրն ունի 50 մլն-անոց բնակչություն և 8 մլն դպրոցական, բայց ընդամենը 11 հազար օտարալեզու ուսանողներ: Անգամ այդ երկիրը, որն ապահավում է փայլուն կրթություն, սահմանափակում է օտարալեզու դպրոցներ հաճախումը միայն նրանցով, ովքեր կամ արտասահմանցի են, կամ առնվազն 3 տարի սովորել են օտար երկրներում, որովհետև իմաստուն է և հասկանում է` ինչի մասին է խոսքը: Խոսքը լեզվի, կրթության և մշակույթի կորստի մասին է»,- ասաց Արամ Ապատյանը:

Հանրապետության հրապարակից երթի մասնակիցները շարժվեցին Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ:

Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով` ԿԳՆ պաշտոնյաները ցանկանում են օգտվել նրանից, որ հիմա տարեմուտ է, մարդիկ հոգնած են, և անցկացնել օրինագծերը, սակայն օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները չեն համակարպվելու դրան: «Հայաստանը Հայաստան է, Ռուսաստան չէ, Ամերիկա չէ, ոչ մի այլ երկիր չէ: Մենք այս երկրի քաղաքացին ենք ուզում լինել և խոսել ու կրթվել մեր լեզվով»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը և կոչ արեց ԿԳՆ պաշտոնյաներին հնարավորինս արագ հրաժարվել օրենսդրական նախաձեռնությունից: Այնուհետև երթն անցավ Հյուսիսային պողոտայով և Ազատության հրապարակով: Այն պահին, երբ երթի մասնակիցներն անցնում էին Բաղրամյան պողոտայով, Գրողների միության շենքից դուրս եկավ նախագահ Լևոն Անանյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները նրան կոչ արեցին միանալ երթին, սակայն Լևոն Անանյանն ասաց, որ այսօր գրող Վարուժան Նալբանդյանի ինքնահողն է, և ինքը գերեզմանոց է գնում: «Ես ձեզ հետ եմ, հայտարարությունը եղել է, նախագահն էլ գիտի: Եվ հեռուստաելույթ եմ ունեցել, և նախագահության հայտարարությունն է եղել, և Արցախի գրողների միությունն է միացել»,- ասաց Լևոն Անանյանը: «Գրողների այսպիսի մի ջոկատով կգաք քվեարկության օրը: Այսօր էլ են քննարկում, վաղն էլ են քննարկում այդ հարցը»,- ասաց երթի մասնակիցներից մեկը: «Էդ հարցը երկու օ՞ր են քննարկում: Հրապարակավ ես մեր կարծիքն ասել եմ: Խնդիրն այն է, որ կարելին արել ենք. ինչ է, գնամ հիմա ծեծե՞մ ես էդ մարդկանց»,- ասաց Լևոն Անանյանը: Նա չմիացավ երթի մասնակիցներին: Այնուհետև երթի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Նրանք վանկակրում էին հայոց այբուբենի տառերը, նաև «Օտար լեզուները` հայկական դպրոցում», «Կլանային դպրոցներին` ոչ», «Օտարալիզությանը` ոչ», «Պնակալեզությանը` ոչ», «Դավաճանությանը` ոչ» կարգախոսները:

«Մենք անկախացել ենք 91 թ.: Մեր պետական լեզու հայերենն է: Մեզ պետք են ղեկավարներ, մեզ մարզկոմի քարտուղարներ պետք չեն: Դրա համար մենք պայքարում ենք»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Նախագահական նստավայրից բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով, որի մուտքի մոտ սուլոցներով և վանկարկումներով դիմավորում էին ԱԺ մտնող պատգամավորներին: Նրանցից շատ քչերը` հիմնականում «Ժառանգություն» խմբակցությունից, մոտեցան և ողջունեցին ցուցարարներին: «Ես կողմ եմ, որ Հայաստանի պետական լեզուն հայերենը լինի, միջազգայնագիտությունը` Հայաստանի ապագա ուժը միջազգային հարաբերություններում, հիմնված լինի հայրենագիտության և հայաստանակենտրոն քաղաքակրթության, լեզվի, մշակույթի և քաղաքականության վրա»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ բոլոր պատգամավորները մտան ԱԺ, երթի մասնակիցները դադարեցրին ակցիան: Արամ Ապատյանը «Հետքին» ասաց, որ իրենք ընդունիչով հետևելու են, թե ինչ է կատարվում ԱԺ-ում, և թե երբ քվեարկության կդրվի օտարալեզու դպրոցների հարցը: Ըստ այդմ` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը կորոշի իր անելիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter