HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպաններն այցելել են Թեղուտ

Դեկտեմբերի 13-ին` Կոնգրես հյուրանոցում կայանալիք բնապահպանական կոնֆերանսի նախօրեին, Թեղուտի պաշտպանության խումբը այցելություն էր կազմակերպել  Թեղուտ` հանքավայրի ազդեցության ենթակա տարածքը կոնֆերանսի մասնակիցներին ներկայացնելու համար: Այցելուների մեջ էին նաև Վրաստանի «Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Վրաստանի «Անանիդոր» ստուդիայի ու «Լիբերալ» ամսագրի լրագրողներ: «Վալլեքս» խումբը ակնհայտորեն կարևորել էր այցը և կազմակերպել էր բարձր մակարդակի ընդունելություն: Թեղուտի վարչական տարածքում կոնֆերանսի պատվիրակությանը դիմավորեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության տնօրեն Արթուր  Մկրտումյանը և «Թեղուտ» ՓԲԸ վարչության պետ Ռուբիկ Պապոյանը: Այցելուներին  Թեղուտի հանքավայրի արտադրական տարածք տեղափոխելու համար մեկնարկային վիճակում էին ընկերության հատուկ մեքենաները: Մինչ կոնֆերանսի մասնակիցները Արթուր Մկրտումյանի ուղեկցությամբ ծանոթանում էին արտադրական տեղամասերին, Թեղուտ ժամանեց «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, ով երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, հանդիպեց կոնֆերանսի հայ և վրացի պատվիրակության հետ:  Հանդիպման ընթացքում Վ. Մեջլումյանին ուղղվեցին հարցեր ծրագրի անդրսահմանային և այլ վտանգների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի հետ ծրագրի անհամատեղելիության շուրջ: Վալերի Մեջլումյանը առաջադրված հարցերին պատասխանեց, որ Թեղուտի ծրագրով նախատեսված պոչամբարի կառուցումը և  փուլառփուլ կատարվող մյուս աշխատանքները կատարվում են ՀՀ օրենքների պահանջով: «Երբ երկրի օրենքներում փոփոխություններ կկատարվեն, մենք անմիջապես կարձագանքենք դրանց»,- ասաց նա: Վրաստանի «Անանիդոր» ստուդիայի հետաքննող լրագրող Նանա Նագդիաշվիլու` ՀՀ Կառավարության առջև տեղի ունեցած Թեղուտի ծրագրի բնապահպանական իր պարտավորությունների և Կառավարության կողմից դրանց վերահսկման մասին հարցին Վ. Մեջլումյանը պատասխանեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատում է շինարարության ռեժիմով և այդ ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության, և շրջակա միջավայրի պահպանության հետ առնչվող այլ նախարարություններ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Թեղուտ և ուսումնասիրել, թե ինչ ճշգրտությամբ են ներկայացնում հավետվությունները, և դրանք որքանով են համապատասխանում իրականությանը: Ըստ Մեջլումյանի` Թեղուտ են հրավիրվում նաև արտասահմանյան բնապահպանական ծառայություններ, և բնապահպանական խնդիրներում ընկերությունը հաշվի առնում նրանց կարծիքը: Վրացի լրագրողներին հետաքրքրեց, թե ընկերությունը Դեբեդ գետը աղտոտելու ժամանակ հարևան պետությունների կարծիքը հաշվի առնում է, թե ոչ: Հարցին պատասխանող «Վալլեքս» խմբի  ընկերությունների մեջ մտնող լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ ֆաբրիկան գործելու է ջրի շրջանառու փակ ցիկլով, և Դեբեդ գետը արտադրական կեղտաջրեր չեն թափվելու. «Ինչ վերաբերում է մթնոլորտի արտանետումներին, ապա ձեռնարկության սահմաններից շուրջ 300 մ-ի վրա աղտոտվածությունը դառնալու է 0»: «Ծրագրի շրջանակներում դուք նկատի ունեցե՞լ եք վթարային վիճակները`  երկրաշարժերը և այլ չնախատեսված արհավիրքները»,- «Վալլեքս»-ի նախագահին հարցրեց «Կանաչ այլընտրանք» ՀԿ-ի ներկայացուցիչ Մանանա Կուչվաձեն: «Պոչամբարի կառույցը հաշվարկված է մինչև 9 բալ երկրաշարժի համար: Աստված չանի, 9-11 բալ երկրաշարժի դեպքում, կվնասվի միայն պոչամբարի միջուկը, իսկ հոսել կարող է կուտակված պոչանքների ոչ ավել, քան 20 տոկոսը, որն էլ խոչընդոտելու համար կառուցվելու են պատնեշներ: Մեզ մոտ չի լինելու հեղուկ մասսա, որը կարողանա  հոսել»,- հավատացրեց Վ. Մեջլումյանը: «Էկոլուր»  ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի թվարկած միջազգային համաձայնությունների, Թեղուտի ծրագրի խախտումների մասին հարցին Վ. Մեջլումյանը պատասխանեց. «Ես կրկնում եմ, որ այն ինչ թույլ է տալիս ՀՀ օրենսդրությունը, մենք գործում ենք դրա շրջանակներում»: Առաջադրված շատ հարցերի Վալերի Մեջլումյանը տալիս էր խուսափողական պատասխաններ: «Հետքի» հարցին, թե ինչ պատճառաբանություններով է արդեն շուրջ 2 տարի  հետաձգվում «ՎՏԲ» բանկի կողմից 250 մլն դոլար վարկի հատկացումը, Վ. Մեջլումյանը պատասխանեց. «Ձեզ սխալ են տեղեկացրել, մենք համագործակցում ենք մի քանի  բանկերի հետ, այդ թվում` «ՎՏԲ»-ի»: Նա «Թեղուտի» ծրագրի վարկային ֆինանսավորումը համարեց կոմերցիոն գաղտնիք: Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Սոնա Այվազյանը «Հետքին» հայտնեց. «Այս այցելությունը ավելի վաղ պետք է կազմակերպվեր, մենք մտածում էինք, որ մեր իշխանությունները ի վերջո կհասունանան այնքան, որ իրենք կկազմակերպեն այս հանդիպումը»: Սոնա Այվազյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, անդրսահմանային  ռիսկեր կան հենց այնքանով, որ Թեղուտի ծրագիրը նախատեսում է հանքարդյունաբերությունը սկսել Շնող գետի գետավազանով. «Մենք չենք ասում, որ ազդեցությունը միանշանակ է, բայց ասում ենք` ռիսկը միանշանակ կա, և ռիսկի պայմաններում մենք ստորագրել ենք անդրսահամանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության մասին կոնվենցիան»: «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը Վալերի Մեջլումյանի հետ հանդիպումը անպատեհ համարեց. «Մենք «Էյ-Սի-Փի»-ի հետ դիսկուսիայի չենք եկել, ընդհանրապես ճոխ սեղանն էլ պայմանավորված չէր, մենք ընդամենը 5 րոպեով էինք եկել»: Վրացի հետաքննող լրագրող Նանա Նագդիաշվիլին հանդիպան վերջում «Հետքին» հայտնեց  իր տպավորություններ. «Ինձ համար սա հետաքրքիր հանդիպում էր: Վրաստանում, երբ ես աշխատում էի այս թեմայով, ինձ չհաջողվեց հանդիպել ավիաընկերության  ղեկավարների հետ և կատարել իմ հարցադրումները, որը շատ կարևոր էր: Ես կարծում եմ` այսպիսի հնարավորությունը չպետք է բաց թողնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter