HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գորիսի «Ծտի բներ» թաղամասի նախագիծը 80-ականներին գլխավոր մրցանակ է շահել Բուլղարիայում

Գորիս քաղաքի յուրահատուկ ռելիեֆային կառուցվածքը խորհրդային տարիներին ծնունդ տվեց մի թաղամասի, որ կառուցումից հետո ստացավ «Ավանգարդ» անվանումը: Այնտեղ բնակվողներն հետագայում գտան առավել բնորոշ մի անուն իրենց թաղի համար ու կոչեցին «Ծտի բներ»: Մասնավոր տների ոճով կառուցված բնակելիները, որքան էլ որ տարօրինակ է, բազմաբնակարան շենքի կարգավիճակ ունեն, թեպետ դժվար է հավատալ դրան առաջին հայացքից:

Ընդհանուր մուտք որպես այդպիսին գոյություն չունի, մեկի պատշգամբը մյուսի տանիքն է եւ հակառակը, տները կարծես հյուսված լինեն մեկ ամբողջության մեջ եւ միաժամանակ էլ ամեն մեկն առանձին մի միավոր է: Ռոբերտ Բեգլարյանը շինարար է: Մասնակցել է թաղամասի կառուցմանը, եղել կառուցապատող շինարարական կազմակերպություններից մեկի աշղեկը: «Ծտի բներ» թաղամասում 17 շենք են կառուցել: Վարպետ Ռոբերտը պատմում է, որ ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանի նախագիծը 1980-ականներին Բուլղարիայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ գլխավոր մրցանակն է շահել, եւ իրենք 1984թ-ին սկսել են թաղամասի կառուցումը: «Պիտի օգտագործեինք տեղական շինանյութը` պահպանելով Գորիսին բնորոշ կոլորիտը, բայց, իհարկե, էս ամեն ինչի մեջ եվրոպական տարրեր կային, ավելի ճիշտ` Մերձբալթյան երկրներին բնորոշ ոճը` նկատի ունեմ տանիքների հատվածը, ծաղկանոցները, որ նախատեսված էին, բայց էդպես էլ մինչեւ վերջ հնարավոր չեղավ իրականացնել, մի խոսքով` արտաքին տեսքը տների»,- ասում է Ռոբերտ Բեգլարյանը: Գորիսեցի Անդրանիկ Հարությունյանը, ով ապրում է այդ թաղամասում, նկատում է, որ հին Հալիձորում եւ Շինուհայրում ժամանակին տները հենց այդպես էլ կառուցվել են` մեկի բակը մյուսի տանիքն է սկզբունքով, եւ նոր հեծանիվ չի հայտնագործվել, պարզապես որպես նախագիծ առավել կատարելագործվել է, հարամարեցվել քաղաքային պայմաններին: Երբ հարթ տեղանքը չի հերիքում, ապա կառուցապատման նմանատիպ ձեւը հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել եղած ռեսուրսները: Նարինե Բաղդասարյանի համար Երեւանից Գորիս հարս գալուց հետո դրական հաջորդ քայլը «Ծտի բներ» թաղում բնակվելն էր: «Շատ օրիգինալ թաղ է մեր թաղը, ես շատ եմ սիրում, չնայած ընդամենը 4 տարի եմ ապրում,- ասում է Նարինեն,-պատշգամբից հրաշալի տեսարան է բացվում. գրեթե ողջ Գորիսը երեւում է: Օդը մաքուր, աղմուկ չկա, ուրիշ էլ ի՞նչ կուզի մարդը հանգիստ ապրելու համար: Ես ինչքան գիտեմ, էս տիպի նախագծով Ֆինլանդիայում էլ կան շենքեր սարքված: Քանի որ նախագծողը հաշվի է առել, որ պիտի կառուցվի ժայռային գրունտի վրա, պարզ է, որ Հայաստանում այն պիտի Գորիսում իրականացվեր: Մեր թաղի տները երկու ձեւի են: Մեր բնակարանը, որ ապրում ենք, էնպես է կառուցված, որ ինքը մեկ հարկ է եւ մեկ սենյակ էլ առանձին կառուցված է պատշգամբում: Իսկ մյուս տարբերակով` բնակարանները երկհարկանի են, այսինքն` ննջարանները երկրորդ հարկում են: Թաղի ամենամեծ թերությունն էն է, որ սպասարկման օբյեկտներ չկան: Գուցե այն նախագծվել է որպես կոմպակտ թաղամաս, չգիտեմ, բայց, ամեն դեպքում, կիսատ է արվել. վերջնարդյուքնում պակաս բաներ շատ են մնացել»: Շինարար Ռոբերտ Բեգլարյանն եւս հաստատում է, որ թաղը թերություններով է հանձնվել շահագործման, ավելի ճիշտ` կիսատ: «Նախ, որ տաքացման առումով տները մի քիչ հարմար չեն: Ջեռուցման ընդհանուր համակարգ չկա: Նախագծել էին, որ լինի հարթ տանիք, որը Գորիսի պայմաններում արդարացված չէ: Նախագծով նախատեսված չէին ջրահեռացման խողովակների տեղադրումը եւ, ցավոք, սկզբի տներն հենց էդպես էլ կառուցվեցին: Բնակիչների բողոքը հիմնականում արտաքին ջրահեռացման հետ է կապված, որ սենյակները անընդհատ խոնավանում են: Հետո, որ արդեն մեր կազմակերպությունը սկսեց շինարարություն իրականացնել, ես պնդեցի, որ այդ խողովակները տեղադրվեն,- հիշում է վարպետ շինարարը: -Նախատեսված էին ծաղկանոցներ «յաչեյկաների» ձեւով, որ փոքրացնում էր պատշգամբների մակերեսը: Դե, իմանալով մեր հայերի բնավորությունը, որ հնարավոր է հետագայում իրանք սաղ քանդեն, առաջարկեցի դա էլ հանել` համ բակի մակերեսը կմեծանա, համ էլ ավելորդ ձեւափոխություններ չեն լինի»: Սակայն ձեւափոխությունները տարիների ընթացքում այնքան շատ են եղել, որ Ռոբերտ Բեգլարյանի հավաստմամբ` իրենց կառուցած թաղի նախնական տեսքից ընդամենը 30 տոկոսն է պահպանվել: Թաղամասը չեն կարողացել ամբողջացնել խորհրդային կարգերի փլուզման պատճառով. վերջին շենքը շահագործման են հանձնել 1989-ին: Բավական գումարներ էին հատկացվել բարեկարգման ու ասֆալտապատման համար, որոնք եւս չեն իրականացվել արդեն հայտնի պատճառներով: «Բայց, դե, էն ինչ մարդիկ արել են, էդ էլ ճիշտ չէ: Ես իմ սարքած շենքերը չեմ ճանաչում: Չկա: Մեկ-մեկ զարմանում եմ, թե արդյոք դա՞ ես եմ սարքել,- դժգոհում է վարպետը,- քաղաքից դուրս, աչքից հեռու էր թաղը եւ ընդհանուր քաղաքի ճարտարապետությանն էլ խանգարող բան չկար, ու էս առումով եղել է թողտվություն: Լրիվ պարփակված են օժանդակ կառույցներով: Նախնական տեսքից շատ քիչ բան է պահպանվել: Դե, գիտեք էլի, եթե հային եւս մեկ սենյակ է պետք, ինքը երկար բարակ չի մտածի, թե ինչն է աղավաղում կամ արդյոք իրավո՞ւնք ունի քանդելու: Անպայման կանի: Հայը ստանդարտներ չի սիրում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter