HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ազգագրագետը համոզված է, որ կարեւորը Նոր տարվա չերեւացող կողմն է

Նախկինում Հայաստանում Նոր տարուն մարդիկ շնորհավորում էին ոչ միայն ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, այլեւ սարերին ու ձորերին, չերեւացող ուժերին: Ընդ որում` սա ոչ շատ վաղ անցյալում էր: ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող Սամվել Մկրտչյանի խոսքերով` մինչեւ 20-րդ դարի սկզբները այդ իներցիան դեռ կար. այս տոնի խորհրդի հիմքում ամբողջ տիեզերքն էր ընկած: Նախկինում Ամանորի ծեսերից շատ տարածված էր «գոտեկախը»: Նոր տարվա նախորդ երեկոյան կամ գիշերը երեխաները խմբերով տնետուն էին գնում, երգերի միջոցով տան անդամների Նոր տարին շնորհավորում եւ փոխարենը նվերներ ստանում: Երեխաները երդիկներինց ու բուխարիներից շնորհավորական բարեմաղթանքներ էին հղում, միաժամանակ տոպրակ, կողով, գուլպա կամ այլ հարմարանքներ էին կախում, որոնց մեջ տանտիրուհիները դնում էին նվերներ` սովորաբար չիր, չամիչ, գաթա եւ այլն: Նախկինում հավատում էին, որ Նոր տարվա նախորդ գիշերը բոլոր հոսող ջրերը մեկ վայրկյան ոսկեբեր են դառնում: Այդ պատճառով երիտասարդները այդ երեկո գնում էին իրենց ավանդական ուխտավայրի մոտ գտնվող աղբյուր` սպասելով, թե երբ ջուրը ոսկի կդառնա, եւ իրենք ջրի հետ տուն կտանեն նաեւ բարիք: Շնորհավորելու եւ հյուրընկալելու արարողությունները հստակ կարգ ունեին: Նախ` երեխաները շնորհավորում էին ծնողներին, արհեստավորները` վարպետին, աշակերտները` ուսուցչին, եւ հետո` հակառակը: Տարածված է այն տեսակետը, որ Ամանորին եղեւնի զարդարելու սովորույթը սկիզբ է առել Գերմանիայում. 1513 թ. այս ծեսի հիմքը դրել է Մարտին Լյութերը, ով եղեւնին զարդարել է մոմերով: Նոր տարվա համատեքստում տոնածառ եղեւնին զարդարելու երեւույթը, Ձմեռ պապն ու Ձյունանուշը, առանց որոնց այժմ չենք պատկերացնում Նոր տարին, Հայաստանում 90 տարուց էլ կարճ պատմություն ունեն: Դրանք հայերի կենցաղ աստիճանաբար մտել են 20-րդ դարի 20-ականներից Եվրոպայից` ռուսական միջնորդավորված ազդեցությամբ: «Տոնածառ եղեւնին զարդարելու երեւույթը մեզ մոտ մտավ ու հիմնականում ընկալվեց ոչ թե Քրիստոսի ծննդյան տոների համալիրում, որ ընդունված է մինչեւ հիմա էլ Արեւմուտքում, այլ զուտ հունվարյան Նոր տարվա: Ձմեռ պապը եւ Ձյունանուշը եւս ռուսական ազդեցությամբ խորհրդային շրջանում մտան հայկական ամանորյա ծիսահամալիր, որովհետեւ մեր ավանդական կենցաղում դրանք չէին երեւում: Ընդհանրապես տոնը սիրում է նորամուծություններ. եթե նորամուծությունները չլինեն, մենք մի քիչ կկարծրանանք մեր տոնի վրա»,- ասում է Սամվել Մկրտչյանը: Բոլոր տոների եւ հատկապես Ամանորի մեջ շատ կարեւոր է նորի խորհուրդը, որն այս տոնի մեջ պահպանվել է, որքան էլ ծեսի ձեւերը փոխվեն: Նոր տարվա գլխավոր խորհուրդը նաեւ բարությունը, խաղաղությունն է, պարտք ու պահանջի, թշնամության վերացումը, որը եկել է նաեւ Նավասարդի տոնից: Նավասարդին անգամ թշնամին էր թշնամուն ողջույն ուղարկում եւ շնորհավորում: Նախկինում Նավասարդը նշվում էր օգոստոսի 11-ին: Նավասարդն ավանդական կենցաղում կապված էր աշնան բերքահավաքի, տնտեսական տարվա ավարտի հետ: Հունվարի 1-ը ուշ է մտել հայերի կենցաղ: Այս օրը Հուլիոս Կեսարի նախաձեռնությամբ տոնացույց մտավ մ.թ.ա. 45 թվին: Իսկ հայ իրականության մեջ հունարի 1-ը որպես Նոր տարի կամ Տարեմուտ հաստատվեց 18-րդ դարում Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի մշակած նոր տոնացույցում: Հայկական ավանդական տոնածիսական սեղանները (հատկապես գյուղական միջավայրում) շատ համեստ էին: Նոր տարին համարվում էր պասի շրջան, եւ ոչ պահքային կերակուրները սեղանին չէին գերակայում: Իսկ հիմա, դարձյալ եվրոպական ազդեցությամբ, սեղաններին խոզի բուդը անպայման պետք է լինի: Սամվել Մկրտչյանը Նոր տարվա սեղանների ճոխությանը քննադատաբար չի վերաբերվում, եթե այդ ճոխության մեջ իմաստ կա: Նրա կարծիքով` Ամանորի ներկայիս ճոխ սեղանները եւ այս տոնը դրսից եկած օրը` հունվարի 1-ին, համատարած նշելը Նավասարդի, Բարեկենդանի խրախճանքների գենետիկ ժառանգորդությունն է: Օրինակ` Բարեկենդանը մյուս տոներից տարբերվել է խաղերի եւ ուտեստների առատությամբ: «Ինձ թվում է` հունվարյան ճոխությունը, մի քիչ էլ` շեղումները պահքային կերակուրներից, նախկին բարեկենդանյան հենքերն են. ինչքան առատ խնջույք անես, ինչքան ուրախանաս, այնքան տարին հաջող է լինելու: Մարդիկ ճոխ սեղաններ են գցել, ուրախացել են, եւ այդ ճոխության մեջ էլ դրսեւորվել է եւ անձնական կյանքում, եւ տնտեսության մեջ, եւ բոլոր-բոլոր ոլորտներում հաջողությունը»,- ասում է Սամվել Մկրտչյանը: Միաժամանակ նա նշում է, որ Հայաստանում Ամանորին բարեկամների, հարեւանների միջեւ մրցավազքը, թե ով ավելի ճոխ սեղան կգցի, անառողջ ու ձեւական է: Բացի դրանից` 90-ականներից հետո կան նաեւ տոն եւ հոգս արժեքային զուգահեռ համակարգեր, ինչը չպետք է լինի: Մարդիկ անգամ պարտքով փող են վերցնում` Նոր տարուն պատրաստվելու համար: Մինչդեռ նախկինում հավատում էին, որ եթե տարին պարտքով սկսես, ապա այն այդպես էլ կշարունակվի: «Դա չէ էականը: Այն չերեւացող կողմն է էականը` ընտանեկան հավաքը: Բացի խաղաղության, բարության, թշնամությունների վերացման խորհուրդներից` առաջին այցելուի հետ կապված հավատալիքներ կային: Կամ, ասենք, տարեց ազգականի, հանգուցյալ հարազատի տուն առաջինը այցելելու, մխիթարելու երեւույթը կար, եւ ըստ այդմ` բոլորն ուշադրության կենտրոնում էին»,- ասում է Սամվել Մկրտչյանը: Այս ավանդույթները հիմա էլ պահպանվում են, թեեւ ավանդույթների աստիճանական կորուստ կա, ինչին նպաստում է նաեւ մարդկանց սոցիալական վիճակը: Այժմ շատերի համար դժվար է Երեւանից գնալ հեռավոր մարզում ապրող ազգականի Նոր տարին շնորհավորելու եւ հակառակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter