HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդան գետում հայտնաբերվել են ծանր մետաղներ

Այս տարվա օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Հրազդան գետի երեք կետերից նմուշառումներ են արվել` պարզելու գետում ծանր մետաղների առկայությունը. Մարմարիկ գետ-Մարմարիկի գետաբերան, Հրազդան գետ-Հրազդան քաղաք, Հրազդան գետ-Գաղցիի մաքրման կայանից ներքեւ: Սրանք են եղել նմուշառման կետերը, որոնք հիմնականում ընդգրկել են Հրազդան քաղաքի երկայնքը:

Հետազոտությամբ եզրահանգություն է արվել, որ չնայած ծանր մետաղները չեն գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, ցածր ծանր մետաղների կոնցենտրացիաների տեխնոգեն աղտոտվածությամբ ռիսկը դեռ զգացվում է: Հրազդան գետի ջրի նմուշառումը եւ ծանր մետաղների տարրալուծման ուսումնասիրությունը «Օրհուս» կենտրոնի պատվերով կատարել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Հետազոտվել է 7 տեսակի ծանր մետաղ: Որպես ֆոն կամ ելակետ` ընդունվել են Մարմարիկի գետի ջրի ծանր մետաղների կոնցենտրացիաները: Հրազդան գետում համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ օգոստոս ամսին աղտոտիչների առաջին երեք հորիզոնականում հայտնվել են արսենիումը, քրոմը եւ նիկելը: Սրանք գերազանցում են ֆոնային արժեքները համապատասխանաբար 2.07, 0.92, 0.44 անգամ, երրորդ կայանում` 2.29, 0.88, 0.47 անգամ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում գեոքիմիական շարքը փոխել է իր բնույթը, եւ աղոտիչների առաջին երեք տեղում են հայտնվել արսենիումը` 4.07 խտությամբ, քրոմը` 2.51 եւ մոլիբդենը` 1.74: Քաղսիի մաքրման կայանից ներքեւ գեոքիմիական շարքը փոխում է իր բնութը: Առաջին երեք տեղում են արսենիումը, մոլիբդենը եւ քրոմը, որոնք համապատասխանաբար գերազանցում են 3,87, 1,86 եւ 1,68 անգամ: Աղտոտման գումարային գործակիցը Հրազդան կայանում օգոստոս ամսին եղել է 0,63, իսկ սեպտեմբերին` 6,3: Այն աճել է 10 անգամ: Քաղսիի մաքրման կայանից ներքեւ աղտոտման գումարային գործակիցը օգոստոսին եղել է 0,78, սեպտեմբերին` 5,4: Այն աճել է 7 անգամ: Միգրացիայի ընթացքում` օգոստոս ամսին, աճել է 1,2 անգամ, իսկ սեպտեմբերին նվազել է 1,16 անգամ: Այսպիսով, աղտոտիչների շարքում դոմինանտ են համարվում արսենիումը, քրոմը եւ նիկելը, իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում նիկելն իր տեղը զիջել է մոլիբդենին: Աղտոտման գումարային գործակիցը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բարձր է եղել 7-10 անգամ: Արսենիումը եւ կադմիումը սեպտեմբերին նվազել են 2-3 անգամ: Նիկելը միայն Մարմարիկ կայանում է նվազել, մյուս կայաններում կայուն է մնացել: Մոլիբդենն ու քրոմը սեպտեմբերին ավելացել են: Քրոմը հիմնականում ունի տեխնոգեն ծագում, որը պարզ արտացոլվել է Հրազդան կայանում կոնցենտրացիայի ավելացմամբ: Արսենիումը եւ մոլիբդենը ունեն բնատեխնոգեն ծագում: «Ի՞նչ ազդեցություն կունենան այս մետաղները գետի եւ շրջակա միջավայրի վրա» հարցին ի պատասխան` Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը բացատրում է, որ ծանր մետաղները դժվար են չեզոքացվում, օրինակ` քրոմը կամ սնդիկը. եթե 1 միավոր անցնում է մարդու օրգանիզմ, 25 տարի է անհրաժեշտ, որ մաքրվի ու դուրս գա, այն էլ` եթե այդ ընթացքում այլ միավորներ չմտնեն մարդու օրգանիզմ: Եթե Հրազդանի գետի ջրով մարդիկ ոռոգեն իրենց արտը, այն կարող է անցնել բանջարեղենին կամ մրգին եւ այդպես փոխանցվել մարդու օրգանիզմ: Էդգար Ենգիբարյանն ասում է, որ իրենք նպատակ ունեին պարզել` կա՞ ծանր մետաղներով աղտոտում, թե՞ ոչ, քանի որ գետաբերանի գործարանները հավաստում են, որ իրենք չեն աղտոտում գետը: Սակայն ուսումնասիրությունը հակառակն է ցույց տալիս: Այդ տարածքում են գործում Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը, ռուսական ընկերություններին պատկանող «Հրազդան ՋԷԿ»-ը, 5-րդ էներգաբլոկը, ինչպես նաեւ «ՀրազդանՄաշ»-ը եւ մի քանի այլ գործարաններ: Այս ձեռնարկությունները հիմնականում գազով են աշխատում: Գործարանների ղեկավարությունների հետ եղել են առանձին քննարկումներ, Հրազդան ՋԷԿ-ը զեկույց է ներկայացրել` նշելով, որ իրենք ջուր չեն արտանետում, իսկ ըստ մասնագետների` քրոմի հիմնական պարունակությունը ցեմենտից է: Էդգար Ենգիբարյանն ասում է, որ դա դժվար է ապացուցել, մանավանդ որ վերոնշյալ տարածքում այլ ջրեր էլ կան, որոնք լցվում են Հրազդան գետը: Հասկանալու համար, թե որքան ռիսկային է Հրազդան գետի այս հատվածը, անհրաժեշտ են համալիր ուսումնասիրություններ: Բայց առավել խորը ուսումնասիրությունների համար ֆինանսներ չկան, իսկ այս հետազոտությունը նախադրյալներ է ստեղծել բանակցություններ սկսելու համար, որպեսզի կողմերը ճանաչեն եւ պարտավորվեն վերազինումներ կատարել` բնությանը հասցվելիք վնասը նվազագույնի հասցնելու նպատակով: Էդգար Ենգիբարյանը նշում է, որ գազի գնի բարձրացումն առայժմ արտանետումների վրա չի ազդել, ազդել է ֆինանսատնտեսական կողմի վրա, եւ ձեռնարկություններն իրենց ուշադրությունը սեւեռել են այդ խնդիրների վրա` երկրորդ պլան մղելով բնապահպանական խնդիրները: «Քրոմի արտանետումները կարող են ավելանալ, որովհետեւ դա ցեմենտի արտադրության մեջ է գործածվում»,- ասում է Է. Ենգիբարյանը: Նա բացատրում է, որ գազի գինը կարող է հանգեցնել արտադրանքի ինքնարժեքի բարձրացման, իսկ ցեմենտի գործարանի տնօրենն ակնարկել է, որ եթե գազի գինը շարունակի բարձրանալ, իրենց ձեռնտու կլինի ածուխ օգտագործել, ինչը շրջակա միջավայրի համար կարող է աղետալի լինել: «Իրենք օրը 2000տ ածուխ պետք է այրեն, էկոլոգիական խնդրի մասին խոսելն անիմաստ է դառնում»,- եզրակացնում է Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter