HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Այրված տների բնակիչները լիահույս են

Այսօր լրանում է մեկ ամիս, ինչ Կորյունի փողոցի տների բնակիչներն ապրում են վրանում: Նոյեմբերի 24-ի գիշերը բռնկված հրդեհի պատճառով այրվել էր 14 տուն:

Ըստ փորձաքննության եզրակացության` 14 տնից որևէ մեկը վերականգնման ենթակա չէ: Դրանցից 5 տունը, որոնց պատերն ընդհանուր են, այնքան ծանր է վնասվել, որ բնակիչները մինչ այսօր ապրում են վրանում: Այնուամենայնիվ, մյուս 9 տան բնակիչները մասամբ վերանորոգել են իրենց տները, որովհետև դրանք ունեն առանձին հատվածներ և մասամբ քարից են: Բնակիչների մի մասն էլ ապրում է բարեկամների տանը: Վրանում ապրող բնակիչներն նույնիսկ պատրաստվում էին զարդարել վրանը, որպեսզի այդտեղ նշեն Նոր տարին: Սակայն այսօր նրանց է այցելել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը (բնակիչները հատուկ ընդգծեցին, որ նա այցելել է առանց թիկնազորի) և խոստացել, որ 5 ընտանիքի բնակության հարցը առաջնահերթ կլուծվի: Կարեն Կարապետյանը բնակիչներին առաջարկել է վարձով ապրել մոտ 4 ամիս, մինչ որոշվի, թե ինչպես է լուծվելու խնդիրը: Այժմ 5 տան բնակիչները վարձով բնակարան են փնտրում Երևանի կենտրոնում և պատրաստվում են տեղափոխվել առաջիկա օրերին: Արդեն մեկ ամիս վրանում ապրող Արթուր Սարգսյանը «Հետքին» ասաց, որ տան վարձը վճարելու է քաղաքապետարանը, ինչպես նաև փոխհատուցելու է այն ընտանիքներին, որոնք իրենց գումարով արդեն վերանորոգել են տները:

«Քաղաքապետը ուղարկելու է ճարտարապետի, որ ճարտարապետը նախագիծ անի ու իրեն ներկայացնի, ու իրենք արդեն որոշեն` ինչ են անելու, այսինքն` էստեղ շենք են սարքելու, թե այլ բան են անելու, որ մեզ հետ այդ ընթացքում արդեն նոր պայմանագրեր կնքեն: Իրենք ուզում են այսօրվա դրությամբ դրսում ապրող 5 ընտանիքի խնդիրն առաջնահերթ լուծել, նոր մնացած ընտանիքներին անդրադառնալ»,- ասաց Արթուր Սարգսյանը: Նշենք, որ բնակիչները պետք է հանդիպեին դեռ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, սակայն հանդիպման օրը Գագիկ Բեգլարյանը շատ զբաղված էր (նա հենց այդ ժամանակ հրաժարական տվեց): Ուստի, այրված տների բնակիչներին ընդունել էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ու հավաստիացրել, որ քաղաքապետրանը զբաղվում է փողոցում հայտնված բնակիչների խնդրով: Վրանում բնակիչները դրել են այրված տներից բերված, տեղ-տեղ վառված մահճակալ ու բազմոց: Վրանում էլեկտրականություն կա, որը բնակիչները հարևանների տնից են բերել: Վրանում հեռախոս, հեռուստացույց ու վառարան կան: Բնակիչներն ամբողջ օրն անցկացնում են վրանում:

Հիմնահատակ այրված այս 5 տներից է նաև Մինասյանների 5 հոգանոց ընտանիքի տունը: «Հետքը» գրել էր, որ Յուրա Մինասյանը մենեջեր է աշխատում «Սոլովիտա» ընկերությունում, որը զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Հրդեհի ժամանակ տանը եղել է ընկերության սննդամթերքը, որը Յուրան խանութից տուն էր բերել և հաջորդ առավոտ պետք է նորից խանութ տաներ (մեքենայի մեջ չի թողել, որ հանկարծ չգողանան): Սննդամթերքն ամբողջովին այրվել է: «Սոլովիտայի» տնօրենն ասել էր, որ Յուրան որևէ փոխհատուցում չի ստանալու և պետք է վճարի փչացած սննդամթերքի գումարը: Այսօր Յուրայի մայրը` Սիրանուշ Սաքունցը, «Հետքին» ասաց, որ Յուրան ընկերությանը դեռ պարտք է այրված սննդամթերքի գումարը: Բնակիչներն ասացին, որ այս մեկ ամսվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս որևէ կերպ չի արձագանքել կատարվածին:

Մեկ ամսվա ընթացքում, այդ թվում նաև այսօր բնակիչներին այցելել է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Գյանջումյանը: Կենտրոնի թաղապետարանը փայտ ու հագուստ է հատկացրել բնակիչներին: Բնակիչներին օգնել է նաև Կարմիր խաչը, որը ծածկոցներ ու սպասք է տվել նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter