HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Ձմեռ պապին հավատային

Գորիսում մուրացկաններ չկան: Փողոցներում չկան: Արժանապատվության ավելցուկի՞ց է, թե՞ հույս չկա, որ ձեռքիդ մեջ փարա դնող կլինի: Նախորդ տարիներին պաշտոնյաների դռների մոտ շատ էին հավաքվում. գերեզմանի քար գցելու, վճարովի սովորող աղջկա վարձի, ժողոված մի քանի մտքից գիրք սարքելու, հաց ու ջրի պարտքը վճարելու համար: Հիմա ավելի հազվադեպ են դիմում: Երեսատեղ են պահում: Գուցե եւ սկսել են լավ ապրել: Հավանաբար անցել են այն ժամանակները, երբ ինչ-որ մեկը կամ պետությունը պարտավոր էր կերակրել: Ծանոթներիցս մեկը հումորով նկատեց, թե մնացել է եկեղեցին, որ պարտքով մոմ վառենք: Չտխրելու համար հիշեցի ամանորյա գնումների մրցավազքը: Առաջներում մանրազնին քուջուջ անելու մեջ պրոֆեսիոնալ կենդանին միայն «շեֆերի» աղբարկղերում էր բանանի կճեպ գտնում, հիմա ամեն քայլափոխի երեխայի ձայնը կտրելու համար մի-մի բանան ենք ձեռը տալիս, իսկ տոնական սեղաններից գորիսյան լոբին վաղուց արտագաղթել է՝ տեղը զիջելով եգիպտացորենի աղցանին (դրա կողքին երեւաններում տոն օրերին են Գորիսի լոբի գնելու շքեղություն թույլ տալիս, մեզ մոտ ամեն մառախլապատ օրվա պարտադիր համեմունքը լոբով շորվան է): Նույն այդ բանանով լավ բալիկ դարձող, գինդերի խաղալիքներ հավաքող երեխան երեկոյան «Արհեստական բնազդ» ֆիլմն է դիտում, որի յուրաքանչյուր կադրում սարսափազդու ռոբոտ-երեխաներ են: Նույն այդ երեխաները անհաղորդ են մնում լայնէկրան ֆիլմերի ցուցադրությանը, որն ավելի շուտ արարողակարգ էր. «կինո եմ գնում» արտահայտությունն արդեն իրադարձություն էր: Նույն այդ երեխան արդեն Ձմեռ պապին չի հավատում, որովհետեւ գիտի, որ մայրիկն այդ նվերները Թագուշի խանութից է գնել՝ ինքն էլ է նրա հետ գնացել, փորձել մի քանի ձեռք, հետո դրանցից ամենազիզի-բիզին տուն են բերել: Կիրակի է, բանկը չի աշխատում, երկուշաբթի հայրիկի ուղարկած փողը կստանան ու, նայած որքան է, կորոշեն ՝ որը գնել. բա որ հանկարծ ու բուդի փողը չհերիքի, հո ամբողջ քաղաքով մեկ խայտառակ չեն լինելու՝ էդ էլ բնական եղեւնի չի, որ մի քանի բնապահպաններ արգելեն ու յոլա գնան առանց տոնածառի: Չէ՜, առանց բդի Նոր տարի նշող տանն ո՞վ աղջիկ կտա (վերարկուիդ օձիքն էլ կծես, օգուտ չի): Ամանորյա շրջանառությունը երկրի բարեկեցության չափանիշ դարձրած մի քանի ամբիոնավորներ հավանաբար նկատի ունեն հենց այդ օրերին հեռուներից ստացվող՝ միայն աստծուն է հայտնի, թե ինչ պայմաններում աշխատած գումարները, որոնք վաղուց լափել են «ազգային օջախ», «ընտանեկան հարկի երջանկություն» հասկացությունները, ու արդեն քանի տարի ընտանիքի անդամները միմյանց Ամանորը շնորհավորում են.....հեռախոսով: Հարմարվել ենք նաեւ առանց ընտանիքի հոր ամանորյա բաժակաճառ ասելուն, որովհետեւ ոչ թե Տիգրանիկը չուխա չունի կամ Գաբրիելը ոտաբոբիկ է, այլ որ Ամանորից առաջ բոլոր տներում գրեթե միանման ճաշացուցակների, ուտեստների տեսականին է անհամեմատ տռզել: Ամբողջ տարվա մեջ «սոցիալական լարվածություն» ասվածը դրոշակ դարձրածները, նպաստների համար 1000 ու մի թուղթ հայթայթողներն անգամ հանկարծ աներեւույթ մի հնարքով սկսում են խանութից-խանութ վազել, ծանր պայուսակներ քարշ տալ՝ աչքը չկտրելով հարեւանի ձեռքի պոլիէթիլենի տոպրակից՝ տեսնես ռուսակա՞ն կոնֆետ առավ, թե՞ լեհական, հանկարծ ու նա էլ թզի չիր չառնի: Չէ, հա, թխվածք թխի, Մարգուշից ինչո՞վ է պակաս, կպատվիրի, կամ ժամանակ որտեղի՞ց, դեռ մի 132 բլինչիկի թերթ է պետք, «կրաբով» (աղջի Գուգուշ, դրա մեջ ի՞նչ էին, է, լցնում), սնկով, «ստալիչնի» սալաթներ: Էս ո՞ր թիվն է, որ ճերմակ օսլայած սփռոց գցի սեղանին: Հունիսին Վարդուշին ասել էր, որ Նոր տարվա համար նոր սփռոց բերի Սադախլոյից: Սփռոց չպատվիրեր, ավել ծախս չէր լինի, փոխարենը հատը 634 դրամով սիգից ոչ թե տասներկուսը, այլ տասներեքը կունենային, ընկույզն էլ միջուկով կառներ. ամբողջ գիշեր թաքուն ջարդեց, կճեպն էլ իր հետ գործի գնալու ճամփին մի աղբարկղ նետեց, որ հարեւան Սիրուշը հանկարծ չիմանա, թե ինքը հինգ հազար դրամի ցիգանություն է արել: Առանց էն էլ Լալուշը մազերը միլիրովկա է արել, իսկ ինքը անգամ մի պրիչուդա տվեց Հայկուշին, որ հենց ամսի 31-ին իր համար վարսավիրանոցում հերթ պահի: Ու՞մից է պակաս, Ռազը որ ստեղ լիներ, ուրիշ բան: Հիմա նա ռուս կուկլեքի մոտ է, իր տեսքը պիտի միշտ տեղը լինի, որ հանկարծ նրա աչքը նրանց վրա չմնա: Չմոռանա, մի քարտ էլ առնի, քարտով րոպեն էժան է, անհարմար է, էդքան փող է ուղարկել, ինքը առաջինը կզանգի նրա Նոր տարին շնորհավորի, համ էլ, եթե բջջայինն անհասանելի չլինի, պատասխանի, նշանակում է Ամանորը տանն է նշում եւ ոչ թե մի ....հետ: Կհամոզվի, կհանգստանա ու կսկսի ցուցակ անել, թե ում տուն երբ է գնալու եւ ինչ է տանելու: Վա՜յ, ոնց էր մոռացել, անցած տարի Նարգուշն ասաց, թե հիմա հետամնացներն են սեղանին տոլմա դնում: Բայց ինքն այնքան շա՜տ է թփով տոլմա սիրում. հիշում է, որ մի գրող էլ էդ անտեր տոլմեն էնպես էր նկարագրել, կարդալուց հոտն առնում էիր: Էդ գրողը վայ թե մեռած կլինի ու չի նեղանա, որ ինքն ավանդական տոլմա չի եփել, հանկարծ երեխեքը բերանից կթռցնեն, ավելի լավ է ինքն էլ քյուֆթայի միս առնի: Ջհանդամը, թե եփելու ձեւը չգիտի, կզանգի տալին, կասի մեր գազի դուխովկան վերեւի հետ չի վառում, քյուֆթեն ուղարկեմ, դու եփի: Յա՜, բա իրենց տնից քյուֆթի հոտ չգա՞...Լավ, մանդարինի կճեպները (կիլոգրամը 400 դրամով է գնել, հո չի թափի) կլցնի մի տոպրակի մեջ, կկախի թաքուն մի տեղ, որ հոտերը խառնվեն: Այս ի՜նչ խառը ժամանակներ են, է՜: Իր սրտին որ նայեր, տնական հավ կմորթեր, մի լավ գինի կառներ, մի քանի մանր-մունր բաներ ու մնացած փողը հետ կուղարկեր ամուսնուն, որ վերադարձի տոմս գնի: Գար, Նոր տարվա գիշերը երաժիշտներ հրավիրեին ու մինչեւ առավոտ երգե՜ին, պարե՜ին: Քանի տարի է` ամուսինը երեխեքին չի տեսել: Նրանք էլ չգիտեն, թե ի՜նչ գեղեցիկ է պարում հայրիկն ու ի՜նչ անուշ երգում՝ «Թռչեի մտքով տուն.....»: Հետո էլ էդ թուրքական շորերի փոխարեն փոքրի համար հայկական ժողովրդական հեքիաթների գիրք կառներ, մեծի համար` «Դինգո վայրի շունը», ու թքած կունենար, թե Նուրուշի աղբարկղի մեջ անանասի կճեպ էլ կա ու չէր շտապի աղբն առավոտ վաղ թափել, որ չլինի, թե հանկարծ Վազգուշը տեսնի, թե մեջն ինչ կա: Գոնե երեխաները Ձմեռ պապին հավատային, իր անունից խնդրեին նրան, որ նոր տարում հնար գտներ, մարդկանց միջից հաներ այս մրցակցության ախտն ու փոխարենը պարտադրեր Ամանորը տոնել ավանդական գաթայով, ուտեստներով ու՝ միասին, ուրախ սրտով: Այդ դեպքում չեղած տեղը կաշվից դուրս չէր գա ու մի քանի օրվա մեջ դատարկ գրպանով մնա... Վա՜յ քու տերը չմեռնի, մեկ էլ տեսար Լուլուշը էս հետամնաց մտքերս կարդաց ու տարավ թերթի տվեց: Խայտառակ կըլնի: Փայ կհավաքի, բայց դրան չի դիմանա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter