HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էմմա Սարգսյան

Ոսկու տենդն առաջացնում է առողջապահական խնդիրներ եւ գործազրկություն

Նրանք լուռ մահանում են. արարատցիները դժվարանում են ապրել պոչամբարի հարեւանությամբ

Աշխարհում ոսկու գնի աննախադեպ աճին հավասար Արարատ քաղաքում աճում են բնապահպանական և առողջապահական խնդիրները:

Որքան էլ առողջապահության և բնապահպանության մասնագետները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցություն են գործում ավելի գլոբալ երևույթներ, որոնց դեմ անհնար է պայքարել, արարատցիների մտահոգության առարկան շարունակում է մնալ արդյունաբերության պատճառած վնասներն ու դրանց չափը:  

Շրջակա միջավայրն ուղղակիորեն գտնվում է հանքարդյունաբերության և ոսկու վերամշակման ազդեցության տակ: Դրանք զգալիորեն ազդում են կենսական կարևորագույն բաղադրիչների վրա` ջրի, հողի, օդի, ինչպես նաև մարդկանց առողջության վրա: Արդյունաբերության թողած վնասների մասին հասարակական կարծիքի ձևավորման պակաս է զգացվում: Այդ վնասները կարծես վերաբերում են միայն տեղի բնակչությանը:  

Բնապահպանական օրենքներն ու այլ օրենսդրական ակտերը մնում են թղթի վրա: Արարատի բնակիչներից գրեթե ոչ մեկը տեղեկացված չէ իր իրավունքների և օրենքների մասին: 

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային փորձը հատուկ տեխնոլոգիաներով ոսկու վերամշակման բազում օրինակներ է տվել, որոնք նվազագույնի են հասցնում դրա առաջացրած վնասները: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» (ԱՈԱՁ) նման տեխնոլոգիաներ չկան: 

Արարատի բնակչության համար գնալով դժվարանում է այդտեղ ապրելը: Այսօր նրանք բազմաթիվ խնդիրներ են հաղթահարում հանապազօրյա հացը վաստակելու համար` անվերջ պայքարելով հիվանդությունների դեմ, որոնք առաջանում են քաղաքում տեղակայված ոսկու վերամշակման գործարանի գործունեության հետևանքով: 

«Եթե ես հնարավորություն ունենայի, ապա նույն րոպեին կվերցնեի կնոջս և երեխաներիս ու կմեկնեի Արարատից: Պայքարել այդքան շատ առողջապահական խնդիրների դեմ, համարյա անհնար է,- ասաց քաղաքի բնակիչ 47-ամյա Աշոտ Ծառուկյանը,- ես անվերջ մտածում եմ, որ իմ աղջիկներն այստեղ թունավորվում են, բայց չեմ կարող տունս փոխել»: 

Մայրաքաղաքից 42 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Արարատ քաղաքը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ դեռևս Սովետական Միության տարիներին կառուցվել են ցեմենտի գործարանը, ոսկու կորզման ֆաբրիկան և շինանյութ արտադրող այլ ձեռնարկություններ: Քաղաքը կուտակել է արդյունաբերական բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև` ջրամատակարարման, թափոնների և կանաչ գոտիների նվազման այլ հիմնահարցեր:

Արարատի ոսկու գործարանի պոչամբարը, որտեղ թափվում է քիմիական նյութերով լի հեղուկը ոսկու կորզումից հետո, պարունակում է այնպիսի նյութեր, որոնք վտանգավոր են տեղի բնակչության առողջության համար, դրանցից տուժում են նաև քաղաքի ֆաունան և ֆլորան: 

«Այդ պոչամբարը լի է նյութերով, որոնք բերում են շնչառական օրգանների, արյան հետ կապված հիվանդությունների, ժառանգական լուրջ խնդիրների, մինչև անգամ` հրեշածնության»,- ասաց «Հայաստանում Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Պոչամբարում կան ցիանիդ, կադմիում, երկաթ և արսենիում (մկնդեղ):  

Ըստ ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ղեկավար Էմիլ Բաբայանի` նման ձեռնարկությունների գործունեության ընթացքում անջատվում են առողջության համար վտանգավոր նյութեր: «Օրինակ` սիլիկոզը «արդյունաբերական» հիվանդություն է, որն առաջանում է հանքանյութի փոշին շնչելուց: Շատ են նաև տղամարդկանց սեռական օրգանների հիվանդությունները, որոնք պայմանավորված են կապարի ու մոլիբդենի առկայությամբ»: 

2007 թվականի նոյեմբերի 13-ին Արարատ քաղաքի բնակչության շրջանում հարցում ենք անցկացրել` պարզելու, թե բնակչության որ տոկոսն է տեղեկացված պոչամբարի հետևանքով քաղաքին և իրենց առողջությանը հասցված էկոլոգիական վնասի մասին, և ինչ են նրանք մտածում: Հարցմանը մասնակցել է 50 մարդ: 

Հարցմանը մասնակցած մարդկանց 100%-ը տեղյակ էր, որ քաղաքից քիչ հեռու տեղակայված ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը պարունակում է այնպիսի քիմիական նյութեր, որոնք վնասակար են իրենց առողջության համար: Ավելին, նրանք գիտեին, որ այդ նյութերը վնասակար են կենդանիների և բնության համար:

«Ինչ նյութեր են այնտեղ կուտակվում» հարցի պատասխանը մեկն էր` ցիանիդ: 

Տեղի բնակչությունը, սակայն, տեղյակ չէ մնացած ոչ պակաս վտանգավոր նյութերի առկայության մասին, որոնք, օրինակ, արդյունաբերական գործարաններով հարուստ Լոռվա մարզում հրեշածնության էին հանգեցրել:

«Մարդիկ այսօր իրական վտանգը թողել են և խոսում են այլ նյութերից: Չէ որ ցիանիդից էլ վտանգավոր նյութեր կան, որոնք բավական հմտորեն լռեցվում են գործարանի ներկայացուցիչների կողմից: Կապարն ու մոլիբդենը, իհարկե, ինչ-որ քանակով օգտակար են կենդանիների և բույսերի համար, բայց դրանց չարաշահումը 92%-ով սպանում է հողի բերրիությունը»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Քաղաքի միակ հիվանդանոցի բժիշկները չցանկացան ներկայանալ, բայց հաստատեցին, որ պոչամբարում կուտակվում են վնասակար նյութեր, որոնք առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում: Ըստ նրանց տրամադրած տվյալների` վերջին 4 տարիների ընթացքում Արարատ քաղաքում արձանագրվել է օնկոլոգիական հիվանդությունների աճ` 2004 թվականի 211 հիվանդի փոխարեն 2007 թվականին գրանցվել է 290 դեպք: Նրանք ավելացրեցին, որ սրանք ընդամենը պաշտոնական տվյալներ են, կան մարդիկ, ովքեր պարզապես չեն գրանցվել:   

Ըստ բժիշկների` վերջին 10 տարիների ընթացքում ո’չ ձեռնարկատերերը, ո’չ էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը որևէ բժշկական փորձաքննություն չեն իրականացրել: Բժիշկները նշում են, որ փորձաքննությունները պետք է պարտադիր բնույթ կրեն, որպեսզի ճիշտ ժամանակին հիվանդությունը կարողանան ախտորոշել: 

Հարցման արդյունքում պարզվեց, որ քաղաքի բնակիչներն այնքան էլ չեն վստահում իրենց բժիշկներին: «Բժիշկներն իրենց հաշիվներն ունեն էդ գործարանից, դրա համար նրանցից ոչ ոք ճիշտ չի ասում և չի արձանագրում դեպքերը: Նրանք բոլորն էլ տեսականորեն են նշում այդ նյութերի մասին, սակայն հրաժարվում են լուրջ քայլեր ձեռնարկել և ասել, որ այդ բիզնեսն ունի փակ կողմ, որն անմիջականորեն կապված է մեր առողջության հետ»,- ասաց քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Վարդանյանը, ով ներկայումս աշխատում է տաքսի ծառայությունում:

Քաղաքի բնակչությունը փաստում է, որ Արարատում նորածնից մինչև մեծահասակ հիվանդ են: «Ես, օրինակ, իմ կնոջը տարել եմ Երևան` ծննդաբերելու, քանի որ մեր քաղաքում ղեկավարությունը դեռևս դիահերձարանով է զբաղված»,- ասաց 36-ամյա անհատ ձեռներեց Արմեն Գինոսյանը: 

Ի դեպ, նշենք, որ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մեզ տված հարցազրույցում նշեց, որ «հոյակապ» դիահերձարան են կառուցել: 

Բնապահպանության նախարարության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մայրաքաղաքից դուրս «քիմիական որոշ տարրերի ու փոշու մակարդակը գերազանցում է սահմանված թույլատրելի նորմերը հատկապես Արարատում, Ալավերդիում, Քաջարանում»: 

Ըստ կենտրոնի` Ալավերդի քաղաքում, որտեղ շահագործվում է պղնձաձուլական կոմբինատ, 2001-ին գրանցվել է շնչառական հիվանդություններով մինչև 14 տարեկան 679 երեխա, իսկ 2003-ին` 1239: 

Քաջարան քաղաքի բնակիչների մտահոգության առարկան քաղաքում տարածված հազն է: Այստեղ շահագործվում է պղնձամոլիբդենային կոմբինատը: 

Այս արդյունաբերական քաղաքներն իրարից տարբերվում են արդյունաբերության տարբեր ճյուղերի շահագործմամբ: Արարատի բնակիչների բողոքի առարկան, սակայն, չի սահմանափակվում միայն տեղի ոսկու ֆաբրիկայով, նրանց պակաս անհանգստություն չի պատճառում ցեմենտի գործարանի փոշին:

«Քաղաքի վիճակը բնապահպանական տեսանկյունից վատ է: Մարդկանց առողջության, ծննդաբերության տոկոսի, կենդանական աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեն ցիանիդը և ցեմենտը»,- ասաց Ա. Գինոսյանը:

Արարատ քաղաքը «թաղված» է առողջապահական խնդիրների մեջ, որը, ըստ մասնագետների, կարելի է տեսնել անզեն աչքով: «Ցեմենտի գործարանը մի իսկական բնապահպանական ոճիր է մյուսների կողքին: Այն դեպի մթնոլորտ է արձակում մեծ քանակությամբ մասնիկներ, որոնք լուրջ բացասական հետևանքներ կունենան տեղի բնակչության համար»,- ասաց միջազգային փորձագետ ավստրալացի Ֆիլիպ Փեքը, ով 2007 թ. նոյեմբերի 12-15-ը գտնվում էր Հայաստանում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP/GRID-Arendal) կողմից կազմակերպված «Բնապահպանական լրագրություն» դասընթացի անցկացման համար: 

Եթե ոսկու պոչամբարի վնասների մասին պետք է իմանալ, ապա ցեմենտի գործարանի առաջացրած փոշին պարզապես երևում է` խողովակից դուրս են գալիս փոշի` լի ցեմենտի մասնիկներով, և գոլորշի. ըստ էության` գոլորշին պետք է արագ անհետանա մթնոլորտում, բայց դա տեղի չի ունենում` օդի մեջ երկար ժամանակ նկատելի են ցեմենտի սև մասնիկները, որոնք պարզապես նստում են քաղաքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter