HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Պաշտոնապես հայտարարում եմ` Կոզեռն թաղամասը Հյուսիսային պողոտա չէ»

Այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Կոզեռն թաղամասի բնակիչները: Կոռեզնը, որը խառը կառուցապատված գոտի է, Կառավարության որոշմամբ ճանաչվել է պետության և հասարակության կարիքների համար օտարված գոտի և ընդգրկվել կառուցապատման ծրագրերի ցանկում: Իրացման գոտում ընդգրկված է 194 տնատիրություն, որոնց բնակիչները, սակայն, մտադիր չեն լքել իրենց տները: Այս պահին շինարարություն չի ընթանում, բայց կառուցապատումը ծրագրված է: Կառուցապատող կազմակերպությունը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփրզ»-ն է, որը և պետք է փոխհատուցում տրամադրի բնակիչներին: Կոզեռնի բնակիչներին մեկ քառակուսի մետրի դիմաց առաջարկվել է մոտ 300 դոլար: Բնակիչներն այս գումարը ծիծաղելի են համարում` միաժամանակ նշելով, որ իրենց տներից չեն հրաժարվի, եթե անգամ առաջարկվող գումարը հնգապատկվի:

«Մենք տեղում բնակարան ենք ուզում: Եվ թող որևէ փորձ չարվի` խաբելու ժողովրդին: Ես 70 տարի տվյալ թաղամասում բնակվում եմ: Թաղամասում 70 տարի բնակվող բնակիչը երբեք չի զիջի մայրապետյաններին, որ գան տնից հանեն ու քանդեն, իրենց ուզածը կառուցեն ու վաճառեն»,- ասաց ցուցարարներից Մացակ Հովհաննիսյանը: Բնակիչները դեմ չեն, որ Կոզեռնում բնակելի տներ կառուցվեն, բայց նրանք հրաժարվում են գումար վերցնելուց և պահանջում, որ իրենց բնակարան հատկացվի այդ նույն շինությունում` իրենց ունեցած բնակարանի տարածքին համարժեք` համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին: Ըստ օրենքի` օտարումը չպետք է լրացուցիչ վնաս պատճառի սեփականատիրոջը:

«Գնի խնդիրը չէ: Մենք այսօր ակցիա չենք կազմակերպում և չենք բողոքում այն բանի համար, որ քիչ եք գնահատել մեր տնատիրությունները: Աստված կսիրեք, մենք բնակարան վաճառող չենք: Մենք բնակարանը պատրաստ ենք փոխանակելու: Մենք ապրելու ենք մեր տնատիրություններում: Կառուցապատումից հետո մարդիկ կտեղափոխվեն նոր բնակարաններ, կհանձնեն իրենց հին տները»,- ասաց «Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, Կոզեռն թաղամասի բնակիչ Սամվել Մկրտչյանը: Բնակիչներն իրենց պահանջներով համապատասխան գրություն ուղարկեցին Կառավարություն: Նրանք ուզում են բանակցել ոչ միայն Կառավարության, այլև Սամվել Մայրապետյանի հետ:

Սամվել Մկրտչյանը մտավ Կառավարության շենք և հանդիպեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ: Հանդիպումից հետո Սամվել Մկրտչյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ առաջիկա 2 օրվա ընթացքում իրենց գրությանը կպատասխանեն, և տեղի կունենա նաև հանդիպում կառուցապատողի և բնակիչների միջև:

Նիստից հետո կառավարության շենքից դուրս եկավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նա շտապում էր դեպի իր մեքենան և փորձում էր խուսափել բնակիչների հետ հանդիպումից: Սակայն բնակիչները շրջապատեցին քաղաքապետին և փորձեցին ներկայացնել իրենց խնդիրը: «Շատ լավ, ես հասկանամ` որն է հարցը, ու կասեմ»,- ասաց Կարեն Կարապետյանը: «Մի հատ հանձնաժողով ստեղծեք, Դուք էլ հետն անցեք էս թաղով, նայեք` ինչ վիճակ է»,- քաղաքապետին ասաց բնակիչներից մեկը:

«Շատ լավ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը և հեռացավ: Կոզեռնը իրացման գոտի է ճանաչվել 2004 թ.: Այն ժամանակ, սակայն, օտարումը չիրականացվեց: 2004-ին իրացման գոտում հայտնված տնատիրություններից սեփական էր միայն 16-ը, իսկ մնացած կառույցներն ինքնակամ էին:

Այս ընթացքում բնակիչները բողոքի ակցիաներ իրականացրին և սեփականաշնորհեցին իրենց տները: Այն ժամանակ նաև ընդունված չէր «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, և բնակիչներին սոցիալական փոխհատուցումներ էին տրամադրվում Կառավարության որոշմամբ: 2006 թ. հոկտեմբերին ընդունվեց օրենքը, որի դրույթները, Սամվել Մկրտչյանի համոզմամբ, իրացվող տարածքների բնակիչների օգտին են, և խնդիրն օրենքի կիրառումն է:

«Մեզ ոչ ոք չի կարող տեղահան անել` հակառակ մեր կամքի: Մենք կհասնենք այն մոդելին, թե որպես մշակույթ և կուլտուրա` ինչպես պետք է իրականացնել իրացումը: Պաշտոնապես հայտարարում եմ` Կոզեռն թաղամասը Հյուսիսային պողոտա չէ: Կոզեռն թաղամասը չի նմանվելու մնացած մյուս թաղամասերին, որտեղ մենք ունեցել ենք բազմաթիվ պրոբլեմներ: Մենք գործընթացներում հետևողական կլինենք սկզբից մինչև վերջ, տեր ենք լինելու մեր իրավունքին, իսկ մեր իրավունքը նաև օրենքով ամրագրված է»,- ասաց Սամվել Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter