«Սառի, սատկի մայթին ... Միտինգ ա»
Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին, ես փորձում էի Էջմիածնից վերադառնալ մայրաքաղաք:
Շուրջ կես ժամ սպասեցի Էջմիածին-Երևան երթուղային տաքսուն, որը մշտապես գրաֆիկով է աշխատել և ծանրաբեռնված գրեթե չի եղել: Ուսանողները, աշխատանքի շտապող մարդիկ ճարահատյալ սկսեցին տաքսի կանգնեցնել:
«Սառի, սատկի մայթին... Միտինգ ա»,- բողոքեց էջմիածնեցի պապիկը ու սկսեց տաքսու վարորդին համոզել, որ իրեն գոնե 300 դրամով Երևան հասցնի:
Իսկ տաքսիների վարորդներն այսօր ուղևորներից գանձում էին ոչ թե 300, ինչպես ընդունված է, այլ 500 դրամ:
Կանգ առանք Կենտրոնական ավտոկայանում: Էջմիածին-Երևան երթուղային գծի հարթակում կանգնած էր Թեհրան ուղևորվող երկու ավտոբուս:
Ավելի ուշ, զանգահարելով Կենտրոնական ավտոկայանի տեղեկատու հեռախոսահամարով, խոսեցի նախ մի տղամարդու հետ, ով ասաց, որ ինքը պատասխանատու չէ և չի կարող այս հարցին պատասխանել, այնուհետև հեռախոսը փոխանցեց «պատասխանատուին».
-Ու՞մ հետ եմ ես խոսում:
-Դիսպետչերի:
-Ինչո՞ւ այսօր Էջմիածին-Երևան երթուղային գիծը չի գործում:
-Մենք էստեղից պատասխանատու չենք, աղջիկ ջան, որ էնտեղից մեքենա չեն ուղարկում:
-Իսկ դուք չե՞ք բարձրաձայնում խնդրի մասին:
-Ես ասել եմ իմ վերադասին:
-Վաղը խնդիրը լուծված կլինի՞:
-Ես ինչ իմանամ՝վաղն ինչ կլինի:
Քաղաքացիներն այս ու այն կողմից փորձում էին տաքսի գտնել և վարորդին համոզում էին ավելի ցածր գնով տանել իրենց:
Մեկնաբանել