HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Կարապետյանի ողբը

Բազմաչարչար հայ հասարակությունը, կարծում եմ, մի կերպ կդիմանա ճակատագրի անողոք հարվածին. թվային հեռարձակման կապուղիների մրցույթում պարտություն կրած ԱԼՄ-ն հունվարի 20-ից հետո եթեր չի ունենա: Միջին վիճակագրականից ցածր ճաշակի տեր սպառողն այլեւս կարոտ կմնա Կարապետիչի անհոդաբաշխ խոսքին ու բազմանշանակ հազերին: Ավաղ, որքա~ն հարցեր դեռ կան, որ այդպես էլ չեն գտնի իրենց պատասխանները, որքա~ն պարմանիներ մնացին անադամանդ, որքա~ն ծերեր` անհեռուստացույց եւ անսեւան... Ոմանց համար այս ալիքը թերեւս հավիտենապես կմնա իբրեւ քաղցր հուշ, իսկ ոմանց համար` իբրեւ մոռացության աղբարկղ նետված անպետքություն, որը գրեթե մեկ տասնամյակ աղտոտում էր եթերն ու ապականում մարդկանց հոգիները: Ինչ արած` ճաշակին ընկեր չկա: Ամեն դեպքում տխուր է, երբ լրատվամիջոց է փակվում` ասես պակասում է ծիածանից գույներից մեկը: Կարեւոր չէ` հատկապես որը եւ ոչ էլ նույնիսկ այն, թե ինչով է իր կյանքի այդ անդառնալի կորուստը լրացնելու հազարումի տառապանք տեսած մեր ժողովուրդը: Կարեւորը տվյալ դեպքում այն պահվածքն է, որ դրսեւորում է եթերազրկված հոլդինգի հիմնադիր նախագահը, ով ամեն Աստծո օր մի քանի ժամ շարունակ հեռուստապաստառին կպած` իր դարդն ու նզովյալ բախտն է լացում, հետն էլ լացացնում թույլ նյարդեր ունեցող իր երկրպագուներին` ԱԼՄ-ի ավարտվող երկրային կյանքի վերջին վկաներին: Հետաքրքիր է, որ Տիգրան Կարապետյանի ողբի հիմնական լեյտմոտիվը, որը գերակայում էր նաեւ նախորդ շաբաթ նրա կազմակերպած հանրահավաքում (խոստովանենք, որ այն բավական մարդաշատ էր), հայաստանյան դառն իրականությունն է, մանավանդ այդ իրականության մեջ թեւածող անարդարությունը: Կարապետիչի առաջիկա հանրահավաքային գործունեությունը, ըստ էության, հիմնված է լինելու հատկապես այդ` «Ոչ անարդարությանը» կարգախոսի վրա: Տպավորությունն այնպիսին է, կարծես Ժողովրդական կուսակցության նախագահի աչքերը նոր բացվեցին, հենց որ տրորեցին նրա ոտքը: Այսինքն` եթե հեռուստահաճախությունների մրցույթում հաղթում է «Երեւանը», նշանակում է համատարած անարդարություն է, իսկ այ, եթե հաղթողը ԱԼՄ-ն լիներ, ուրեմն հայաստանցին ուղղակի կխեղդվեր արդարության ծովում: Մեկ հարցում, սակայն, Կարապետյանն իրավացի է. իշխանությունները ԱԼՄ-ն փակելով` նրան հերոսացրին: Եթե Կարապետիչն այդքանը հասկանում է, ապա պետք է հաստատ իմանա նաեւ, որ հերոսացնելուց հետո մեզանում մարդուն նրբորեն օգտագործում են` այնքան նրբորեն, որ իրեն նույնիսկ կարող է դուր գալ: Օգտագործողներն էլ կարող են լինել կամ իշխանությունը, կամ իշխանությունից նեղացածները` այսպես կոչված «աբիժնիկները», չէ որ հերոսի ճամփան միշտ փշոտ է, մեր օրերում` առավելապես: Պատահաբար չեն շրջանառվում այդօրինակ մի քանի վարկածներ: Բայց, իհարկե, Տիգրան Կարապետյանին հերոս չես անվանի, առավելեւս` սուրբ, որքան էլ ինքն այսօր այդպիսին ձեւանա: Եթե մեկն իր եթերից պատվերով կամ պարզապես ներքին չարությամբ լի անընդհատ լուտանքներ է թափում հայրենասեր ու առաքինի մարդկանց հասցեին, որոնց ճկույթն իսկ ինքը չարժե, ուրեմն թող գոնե լուռումունջ զբաղվի քաղաքական իր «գրդոնով» եւ չփորձի մոմավառության կամ այլ կարգի «քյանդիրբազություններով» բարեպաշտ քրիստոնյա հայի քղամիդ հագնել: Եթե մեկը հիմա էլ էժանագին պոպուլիզմ է ուզում խաղալ երեւանցիների տեղայնական նուրբ լարերի վրա` առաջադրելով հայրենակցական միություն ստեղծելու գաղափարը, ինչն ազգը պառակտելու եւ նրան հեշտ կառավարելի դարձնելու հին ու արատավոր հնարք է, ուրեմն ավելի լավ է քաղաքականության փոխարեն վերադառնա հեռավոր պատանության շրջանի իր ավելի «ռոմանտիկ» արհեստին: Այդպես ժողովուրդն ավելի պակաս կտուժի: Գեւորգ Լալայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter