HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ժողովրդական կուսակցությունն» ընդդիմություն է

Հայտարարել է Տիգրան Կարապետյանը «ԱԼՄ» հեռուստաընկերության հիմնադիր, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի` Գյումրիում հրավիրած հանրահավաքը մարդաշատ էր: Չնայած ցրտին, «ԱԼՄ»-ի գյումրեցի երկրպագուները եկել էին սատարելու իրենց բնորոշմամբ` «հեռուստացույցից ճիշտն ասող, իշխանություններին քննադատող, իրա արդար քրտինքով ապրող Տիգրան Կարապետիչին»: «Եկել ենք Տիգրան Կարապետյանին պադերժկա անելու, ինքն իրավունք ունի մնալու,- հայտնեց գյումրեցի Կառլեն Իգիթյանը,- ես մշտական «ԱԼՄ» նայող եմ, ես էն Հ1, Հ2…ըդոնց չեմ հավատա: Էս մարդն արդար մարդ է, ըդուր համար էլ իշխանությունները չեն ուզե, որ մնա»: Դժվար է ասել, թե հանրահավաքի մասնակիցները հիմնականում ինչ էին ակնակալում լսել Տիգրան Կարապետյանից, սակայն բավականին ակտիվ արձագանքում էին հնչող տարատեսակ արդարության և իշխող օլիգարխների հեռանալու վերաբերյալ պահանջ-կոչերին: «Գուցե դուք մտածում եք, որ Կարապետյանը զգացմունքային է խոսում, բայց էս տարվա ընթացքում ինձ հասցրեցին էն տեղը, որ ես հիմա հայտարարում եմ, որ «Ժողովրդական կուսակցությունն» ընդդիմություն է: «ԱԼՄ»-ն փակեցին, 20-ից հետո էլ չի լինի, բայց սա թողնենք մի կողմ, խնդիրն այլ է, ինչքան պիտի հանդուրժենք, որ մեր հաշվին մարդիկ հարստանան, դղյակներ կառուցեն, իսկ մենք թողնենք, գնանք,- հավաքվածներին դիմեց Տիգրան Կարապետյանը,- Գյումրին էսօր աղքատության մեջ է, ինչո՞ւ, հարց եմ տալիս: Ինչո՞ւ չպետք է ձգտենք աշխատատեղեր ունենալ, որ բոլորն էլ լավ ապրեն: Ես էսօր, հաշվի առնելով բոլոր անարդարությունները, նաև «ԱԼՄ»-ն փակելու ցինիկ անարդարությունը, ուզում եմ խնդրել ձեզ, որ մենք բարձրաձայն ասենք, որ մենք դեմ ենք անարդարությանը: Ասենք` «ոչ», ու պիտի խնդրեմ չամաչենք բարձրաձայն կրկնել ձեր «ոչ»-ը, որովհետև դրանք տեսնելու և լսելու են նաև մայրաքաղաքում: Եկեք ասենք «ոչ` մենաշնորհին», եկեք ասենք` «ոչ` կամայականությանը»»: Հանրահավաքում հնչեցին նաև քննադատություններ` կապված ավանդների հետ վերադարձման խնդրի հետ: Սա երևի ամենացավոտ հարցերից մեկն էր գյումրեցիների համար, քանի որ հավաքված կանանցից մի քանիսն անմիջապես հիշեց Արթուր Բաղդասարյանին` չմոռանալով շեշտել, թե ինչպես վերջինս նույն այդ ավանդների վերադարձման խոստումով` խաբելով այդքան ձայն տարավ Գյումրիից: Իսկ «Ժողովրդական կուսակցությունն» ընդդիմիություն հռչակած Տիգրան Կարապետյանը ներկաներին հրավիրեց հունվարի 19-ին մասնակցել Երևանում անցկացվելիք հանրահավաքին, որպեսզի իշխանությունները չմտածեն, որ «կարող են ժողովրդին էշի տեղ դնել»: «Ժողովուրդը որբ չէ, որ ոնց ուզեն գլուխը խուզեն: Ես հայտարարում եմ, որ պայքարելու եմ մինչև վերջ անարդարության, մենաշնորհի դեմ: Այն, որ փակել են «ԱԼՄ»-ն, դա պատիժ չէ, դա ի վերուստ է,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը,- թող բոլորն էլ հասկանան, որ եթե այսօր փակել են մեզ, վաղը հերթով իրենց են փակելու, որովհետև միակ բիզնեսմենն ու գլխավոր փողատերն էս երկրում իշխանությունները մենակ իրենք են ուզում լինել: Ես ասում եմ, որ իրենք գլխավոր խաբեբաներն են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter