HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ եւ ի՞նչ առաջարկ է արել Տիգրան Կարապետյանին

Այսօր «ԱԼՄ» հեռուստաընկերության եթեր հեռարձակման վերջին օրն է: Երեկ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը սեփական` «ԱԼՄ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե իշխանություններն իրեն տարբեր առաջարկներ են արել: «Հետքը» Տ. Կարապետյանից հետաքրքրվեց, թե ո՞վ եւ ի՞նչ առաջարկ է նրան արել: «Ճիշտն ասած, ես դեռ չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ խոսել: Ասենք` «Երեւան» ստուդիայի առաջարկ է եղել, որ մասնաբաժին ունենամ, որ հետո, կամաց-կամաց կարողանամ փողը տամ, գնեմ: Ես մերժել եմ, քանի որ համարել եմ վիրավորական»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Նա երեկ մատենադարանի հարակից տարածքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ 15 կետից բաղկացած վերջնագիր է ներկայացրել իշխանություններին: Այս առնչությամբ Տ. Կարապետյանն ասաց, որ խստորեն պահանջելու են արտահերթ ընտրությունների անցկացում, եթե այդ պահանջն էլ մերժվի, իշխանափոխության համար կձեռնարկեն քաղաքական բոլոր միջոցները: «Ամեն գնով փորձելու ենք հասնել նրան, որ արտահերթ ընտրություններ լինեն: Գտնում ենք, որ հերթական ընտրությունները նորից հերթական անգամ պիտի կեղծվեն»,- ավեացրեց «Ժողովրդական» կուսակցության նախագահը: Անդրադառնալով գալիք ընտրություններին` Տիգրան Կարապետյանն ասաց, թե ընտրություններին դաշինքով չի գնալու` բերելով իր պատճառաբանությունները: «Եթե ներկա դրությամբ քաղաքական ուժերը չեն կանգնում իմ կողքը, ինչո՞ւ պիտի ես իրենց հետ դաշինք կազմեմ: Դե ՀԱԿ-ը վտանգ է տեսնում, այն առումով, որ ասում են` մեր չափ մարդ է հավաքում, մարդիկ մոլորվել են, չգիտեմ ինչ: Դա շատ վիրավորական է, ինչ է նշանակում մարդիկ մոլորվել են: Երբ իրենց մոտ մարդիկ էին հավաքվում մենք չէինք ասում, որ մարդիկ մոլորվել են, ասում էինք, որ ճիշտ են անում: Դա վիրավորական է նաեւ այն առումով, որ մարդիկ ոչ թե հանուն Կարապետյանի կամ Տեր-Պետրոսյանի համար են հավաքվել, այլ հանուն գաղափարի, հանուն ժողովրդի ու պահանջների»: Տիգրան Կարապետյանն ասաց, թե իրենք միտված են համագործակցելու բոլորի հետ, բայց ոչ այնպես, որ ինչ որ մեկն ունենա առաջնահերթություն: Նա այդ համագործակցությունը տեսնում է հավասարը հավասարի հետ ձեւաչափով` առանց առաջնորդի: «Դա պետք է լինի շարժում, որը կարող է ղեկավարվել խորհրդի, կոմիտեի կամ նմանատիպ այլ մարմնի միջոցով, բայց ոչ լիդերի: Եթե այդպես լինի` չեմ բացառում դաշինք կազմելը, բայց այնպես չստացվի, որ որեւէ մեկի թրի տակով պիտի անցնենք, որովհետեւ իշխանությունը Սերժի թրի տակ է, ընդդիմությունն էլ` Լեւոնի, մենք ուզում ենք, որ դա լինի ժողովրդական»,- ամփոփեց «Ժողովրդական կուսակցության» ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter