HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Սարդարապատը» ընդդիմությանը հորդորում է չմասնակցել որևէ ընտրության

«Մենք մի անգամ ենք փողոց իջնելու և այլևս դուրս չենք գալու այդ փողոցից, մինչև այս ռեժիմից չձերբազատվենք»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ներկա իշխանություններից ձերբազատվելը նա պատկերացնում է հետևյալ կերպ. ժողովուրդը պարտադրում է իր իշխանությունը` օկուպացիոն ռեժիմին հեռացնելով երկրից: Դրանից հետո տեղի են ունենում ընտրություններ:

«Մենք, մինչև պատրաստ չլինենք ամբողջական, համակարգային փոփոխության, հայտ չենք ներկայացնելու: Այժմ մենք պատրաստության ժամանակաընթացքի մեջ ենք: Մեր պատրաստությունը կարող է տևել 1 տարի, 6 ամիս, 2 տարի: Դա ժամանակը ցույց կտա: Բայց երբ մենք պատրաստ լինենք, մենք անպայման հայտը կներկայացնենք` գիտակցելով, որ մենք սխալվելու իրավունք չունենք»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա բերեց Թունիսի օրինակը, որտեղ օրեր առաջ իշխանափոխություն տեղի ունեցավ: Բանախոսի հավաստմամբ` Թունիստում ևս, ինչպես Հայաստանում, ընդդիմադիր որևէ կուսակցություն ոչ մի լծակ չուներ: «Ինչ Թունիսում տեղի ունեցավ, տեղի ունեցավ փողոցում, կուսակցություններից դուրս: Նույնն էլ Հայաստանում է լինելու, ես չեմ կասկածում: Եվ դուք չկասկածեք ժողովրդի հաղթանակին: Ժողովրդից հզոր ուժ չկա: Պարզապես մնում է ժողովրդին ճիշտ ուղղորդել, ճիշտ կազմակերպել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով` ժողովուրդը, փողոց դուրս գալով, կարող է իշխանափոխություն իրականացնել խաղաղ ճանապարհով: Իսկ իշխանությունն ինքը պետք է որոշի` հեռանալ բռնի ուժ գործադրելո՞վ, թե՞ առանց դրա: «Եթե այս իշխանությունները մի անգամ ևս համարձակվեն բռնի ուժ կիրառել ժողովրդին, այս անգամ ժողովուրդը պետք է բռնի ուժին պատասխանի բռնի ուժով: Կրակելու դեպքում ժողովուրդը պետք չէ ձեռքերը ծալած մնա»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Երբ լրագրողը նշեց, որ այդ դեպքում քաղաքացիական պատերազմ կբռնկվի, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ հնարավոր չէ, քանի որ Հայաստանը կեղեքում է ընդամենը մի քանի տասնյակ ընտանիք, իսկ բանակի ու ներքին զորքերի մեծամասնությունը ժողովրդի հետ է: «Մարտի 1-ին` կեսօրին` ժ: 12-ին (տակավին չեն էլ կրակել) ներքին զորքերի զորամասերի ավելի քան 50 %-ի զինվորները փախել էին տուն: Ընտանիքները վազում էին` իրենց երեխեքը փախցնելու այդ զորամասերից, հետո` «մարտադաշտից»: Ձեր մտքից հանեք, որ բանակը կարող է ժողովրդի դեմ դուրս գալ: Մարտի 1-ին բանակը կանգնեց կմ-երով հեռու ժողովրդից: Մինչև ժողովուրդը տուն չգնաց, նրանք չհամարձակվեցին բանակը մոտեցնել ժողովրդին, որովհետև եթե բանակը մոտեցնեն ժողովրդին, բանակը միավորվելու է ժողովրդին»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: «Սարդարապատ» շարժումը Հայաստանի ընդդիմությանը հորդորում է և մինչև 2012 թ. մայիս շարունակելու է հորդորել չմասնակցել հերթական խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև արտահերթ ընտրությունների: «Ըստ էության, մեր երկրէն ներս ընտրություններ չեն լինում: Տեղի է ունենում, այսպես ասած, ռազմական օպերացիայի նման մի գործողություն, որին իշխանությունները տարեցտարի իրենց հմտությունը կատարելագործում են, և այսօր արդեն իշխանությունները կարիք չունեն մեծ ցնցումներով վերարտադրվել»,- ասաց նա: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` Հայաստանում տիրող իրավիճակն այնքան ձեռնտու է իշխանություններին, որ նրանք արդեն ավելի քիչ միջոցներ են ձեռնարկում վերարտադրվելու համար: Ավելի ու ավելի շատ հայաստանցիներ են արտագաղթում, և օր օրի մեծանում է քվեարկության չգնացող քաղաքացիների թիվը: Ժիրայր Սեֆիլյանը բերեց 2009 թ. մայիսի 31-ին անցկացված Երևանի քաղաքապետի ընտրությունների և 2010 թ. հունվարի 10-ին անցկացված թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությանների օրինակը: Այս ընտրություններին, նրա խոսքերով, իշխանությունը հասել է իր ուզածին` առանց մեծ կեղծիքների: «Գիտակցաբար գնալով մի գործընթացի, որտեղ դու հաստատ ժողովրդին տանում ես պարտության` նույնքան մեղսակից ես դառնում, ինչքան իշխանությունն է կրում մեղքեր մեր ժողովրդի նկատմամբ: Ես շատ կափսոսայի, եթե մեր հորդորը մինչև վերջին օրը չլսեին ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը», նաև այսօր էլ` Տիգրան Կարապետյանը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Անդրադառնալով իր ընդդիմախոսների այն տեսակետին, որ ընտրությունները պետք է օգտագործել` որպես ժողովրդին մոբիլիզացնելու միջոց, որից հետո նոր ժողովուրդն իր կամքը կպարտադրի իշխանությանը` Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Եթե մենք ունակ ենք մոբիլիզացնել ժողովրդին, ապա երբ ուզենք, կարող ենք մոբիլիզացնել: Այսինքն` պետք չէ սպասել ընտրություններին: Դա կարող է լինել ընտրությունների շեմին կամ դրանից հետո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter