HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գնաճ. բանավիճում են մասնագետները

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը եւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Վերջինս, անդրադառնալով նախորդ տարի Հայաստանում արձանագրված գնաճի ցուցանիշին` 9,5 տոկոս, նշեց, թե սա բացառիկ բացասական երեւույթ է` աննախադեպ մեր նորագույն պատմության մեջ: Հիմնական պատճառը, ըստ նրա, իշխանությունների վարած ապաշնորհ տնտեսական քաղաքականությունն է` ոչ թե վերջին մեկ տարվա, այլ տարիներ շարունակ իրականացրած: «2010թ. գնաճի վրա, իհարկե, որոշակի դերակատարություն ունեցավ նաեւ միջազգային գների բարձրացումը: Բայց եթե ասում ենք միջազգային գործոն, դա պետք է վերաբերվեր ամբողջ աշխարհին, մասնավորապես նաեւ մեր հարեւաններին: Օրինակ` եվրոպական երկրներում, Արեւելյան Եվրոպայում նման գնաճային դրսեւորումներ չեն եղել: Իսկ Հայաստանը տարվա կտրվածքով ԱՊՀ երկրների ցանկում 2-րդն է` գնաճի մեծության ցուցանիշով: Այսինքն` այստեղ իրենց դերակատարությունն են ունեցել ներքին գործոնները. մոնոպոլիզացված, օլիգարխիկ, կոռումպացված համակարգը, որը նպաստում է մի խումբ մարդկանց շահերի սպասարկմանը: Հայ հասարակությունը միջոց է էդ մարկանց որոշակի ծավալի եկամուտներն ապահովելու համար»,- ասում է Բագրատ Ասատրյանը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տնտեսական ճգնաժամի պատճառով շատ երկրներում, կոնկրետ ԱՄՆ-ում, Եվրոպայում շատ խոշեր բիզնեսներ քայքայվեցին: Իսկ Հայաստանում, թեեւ տնտեսությունն ավելի վատ վիճակում է, նման բան չեղավ: «Հայաստանում խոշորներից մեկը վատ վիճակում հայտնվե՞ց, կամ նրանցից մեկի եկամուտները պակասեցի՞ն: Ոչ մեկինը, եւ չէր էլ կարող պակասել, որովհետեւ համակարգն այսպիսին է»,- նշում է Ասատրյանը եւ մանրամասնում համակագի էությունը: Կա բարձր պաշտոնյա` երկրի նախագահը, որը, օրինակ, բիզնեսմեն Պողոսին ասում է` աշխատիր, այսքան եկամուտ ունեցիր եւ այսքանը կբերես կուսակցական դրամարկղ` ընտրությունների համար, ավելի ստույգ` ընտրակաշառքների փոնդին: Մեր պետությունը, ըստ Բ. Ասատրյանի, այսօրինակ ռեժիմով է աշխատում, եւ արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ աշխարհում որեւէ ապրանքի գին բարձրանում է, Հայաստանը հետ չի մնում: Բայց երբ աշխարհում այդ նույն ապրանքի գինն իջնում է, մեր երկրում այն շարունակում է բարձրանալ, «որովհետեւ կոնկրետ անձինք պետք է ստանան իրենց եկամուտները»: Ասուլիսի մյուս բանախոսի` հանրապետական Հակոբ Հակոբյանի կարծիքով էլ` ստեղծված իրավիճակի համար փաստարկներ բերելը հարցի միայն մեկ կողմն է, եւ շատ ավելի կարեւոր է խոսել այն խնդիրների շուրջ, թե ինչպես է պետք պայքարել կոնկրետ դեպքում գնաճի բարձր ցուցանիշի դեմ, որպեսզի այս տարի դրանից կարողանանք խուսափել: ՀՀԿ-ական Հակոբյանի խոսքերով` անցյալ տարի գնաճի բարձր ցուցանիշը պայմանավորված էր նաեւ մի շարք այլ գործոններով, օրինակ` Հայաստանի արտաքին պարտքի մեծացմամբ: «Սա էլ է պատճառ, երբ դու շրջանառության մեջ ես դնում գումարներ, որոնք համապատասխան չեն քո արտադրության բազային,- ասում է Հ. Հակոբյանը եւ հավելում,- իհարկե, որոշ երկրներում գնաճը եղել է քիչ: Բայց դա կախված է երկրի ունեցած արտադրական հզորություններից: Ուստի, անհրաժեշտ է ներդրումները, վարկային ռեսուրսները, տնտեսությունը զարգացնել այն ուղղություններով, որ կարողանանք ի սկզբանե արտադրության պրոցեսում գնաճի դեմն առնել: Հակառակ դեպքում` մեր օրենքով գնաճը կարգավորում է Կենտրոնական բանկը, իսկ 2010թ. ցույց տվեց, որ այդ գործիքները բավարար չեն»: Բագրատ Ասատրյանն էլ նշում է, թե մեր երկրի լուրջ պրոբլեմներից մեկը հենց ԿԲ-ն է. «Ի՞նչ կատարվեց 2010-ի ընթացքում: 9,5 տոկոս գնաճ ունեցանք հետեւյալ պայմաններում. տարվա ընթացքում ունեցել ենք դրամի էական արժեւորում, դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Եթե միջինացնենք, մոտավորապես դրամն արժեւորվել է 10 տոկոսով: Երկրորդ` ԿԲ-ն վատնել է մեր փողը: Արտաքին պահուստներից տարվա ընթացում իրացվել է մոտ 150 մլն դոլար: Այսինքն` ԿԲ-ն գնում է գնաճի զսպմանն այն մեթոդներով, որոնք օրենքով արգելված են: Մենք վաղուց հռչակել ենք, որ գնում ենք լողացող փոխարժեքի ճանապարհով, բայց կրկին դիմում ենք այս միջոցներին, ինչի պարագայում տարիներ հետո կտեսնենք, որ չեղած արտահանումը նվազելու է, ներմուծումը` աճելու»: Օրինակ բերելով Ռուսաստանը` Ասատրյանը հիշեցնում է, որ այնտեղ դատախազությունը քրեական գործ հարուցեց` պարզելու համար, թե ինչքանով են ԿԲ-ի կիրառած մեթոդները համապատասխանում օրենքին: Իսկ մեզ մոտ այս թեմայով խոսելն անգամ արգելված է: «Իտալիայում էլ այլ բան կատարվեց, Հունաստանը, Իռլանդիան քայքայվեցին: Շատ երկրներում շատ բան կատրվեց, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին»,- հակադարձեց պատգամավոր Հակոբյանը, ինչին ի պատասխան` Ասատրյանը նկատեց. «Որովհետեւ Հայաստանն աշխարհի 10 ամենաբարձր գնաճ ունեցող երկրների ցուցակում է»: Իսկ գնաճի ի՞նչ ցուցանիշ կունենան այս տարի: Հարցին Հակոբ Հակոբյանը դժվարանում է պատասխանել` նշելով, որ ավելի ճիշտ կլինի մտածել, թե ինչպես է պետք պայքարել գնաճի դեմ: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է տնտեսության մեջ, բացի ԿԲ-ի ունեցածից, ներդնել այնպիսի գործիքներ, որոնք արդյունավետորեն կպայքարեն հիշյալ խնդրի դեմ: «Օրինակ` գյուղատնտեսական արտադրանքի խթանում, սուբսիդավորում: Մեզ հարկավոր է հստակ հաշվարկ. եթե 3 կամ 10 միլիարդ դրամ վաղը պետք է փոխհատուցենք, ասենք, գազի թանկացման համար, ի՞նչ կտա մեզ այն եւ եթե այդ գումարն ամբողջովին ներդնենք գյուղատնտեսության մեջ, արդյոք ավելին չի՞ լինի»,- ասում է Հակոբյանը: Բ. Ասատրյանն էլ նշում է, թե արդեն տեսանելի է, որ 2011 թվականին գնաճը նախատեսված բարձր շեմից ավելի բարձր է լինելու: Պատճառը, ըստ նրա, առաջին հերթին սպասվող գազի գնի թանկացումն է, ինչը բացասաբար է ազդելու ամբողջ շուկայի վրա: Երկրորդ` անբարենպաստ է միջազգային ֆոնը. մասնագետները, նավթի գնից բացի, արդեն իսկ կանխատեսում են, որ այս տարի մի շարք պարենային ապրանքներ թանկանալու են` հաց, բրինձ, ձեթ, շաքարավազ… «Սա կրկնակի էֆեկտ է ունենալու Հայաստանի տնտեսության համար, որովհետեւ մենք չունենք ճկուն համակարգ, կառավարությունը չի համարում, որ ինչ-որ անելիք ունի գնաճը զսպելու առումով եւ ոչ մի բան չի արել»,- ասում է Ասատրյանը եւ հավելում, որ մեր կառավարության ոչ մի բան չանելու դիմաց ժողովուրդը շատ մեծ գին է վճարում. «Այս «տաղանդավոր» քաղաքականության արդյունքում անցյալ տարվա ընթացքում արտագաղթեց  մոտավորապես 4 տարվա բնական աճի չափով մարդ. 65 հազար մարդ` հոկտեմբերի 1-ի դրությամբ»: «Ձեր աշխատաոճը սա է, դուք ի վիճակի չեք որեւէ խնդիր դնել եւ լուծել, բարի եղեք, հեռացեք»,- դիմելով պատգամավոր Հակոբյանին` ասաց ԿԲ նախկին նախագահը: «Մենք չենք հեռանա, որովհետեւ մեր քաղաքական ծրագրերը կատարում ենք: Չենք հեռանա, որովհետեւ փոխարինող չունենք: Ինչքան ուզում ենք փոխարինող գտնել, չենք կարողանում»,- հակադարձեց ՀՀԿ-ական Հ. Հակոբյանը եւ հիշեցրեց, որ այն տարիներին, երբ Բ. Ասատրյանը ԿԲ նախագահն էր, «Հայաստանից մարդիկ հեռանում էին միլիոններով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter