HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Վերջապես պետք է լինի ռեալ փոփոխություն, և մեր ժողովուրդը պետք է շնչի»

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի` ընդդիմությունը սխալ գնահատական է տալիս իշխանություններին

«Դժբախտաբար, մեր երկրում գլխավոր խնդիրը միշտ եղել է ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը և նախկինում, և այսօր չի կարողանում ճշգրիտ գնահատական տալ երկրի իրավիճակին, որովհետև ամեն ինչ գալիս է այս հանգամանքից. եթե ճիշտ չենք գնահատում իրավիճակը, բնական է, որ շեղված ուղով ենք գնում»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա համաձայն է իշխանությանը տրվող «ոչ լեգիտիմ», «ժողովրդի կողմից չընդունված» «կեղեքող օլիգարխներ» բնորոշումներին, սակայն միաժամանակ համոզված է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններին պետք է տալ «մենք այսօր ունենք օկուպացիոն ռեժիմ» գնահատականը, որը պարունակում է բոլոր բնորոշումները: «Եվ եթե մի օր ընդդիմությունը եզրահանգի այս գնահատականին, դրանից հետո կմնա միայն ու միայն ճիշտ մարտավարական քայլերի դիմել: Այսինքն` եթե ընդունում ենք, որ առկա է օկուպացիոն ռեժիմ, դասական քաղաքական գործելաոճով իշխանությունների խաղի կանոնների թելադրանքով, ի նպաստ ժողովրդի որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը սթափ գնահատական չի տալիս իշխանությունը: Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ` հայաստանյան քաղաքական, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտի գործիչների մեծամասնությունը դաշտ է եկել միայն առևտրի, տաք սենյակի և բարձր աշխատավարձի համար: Ոմանք էլ իշխանությանը ճիշտ գնահատական չեն տալիս դիտավորյալ, որպեսզի իրենց խաղաղ և կոմֆորմիստական ապրելակերպում փոփոխություն չլինի: Բանախոսի ասելով` «Սարդարապատ» շարժումը ստեղծվել է նաև ընդդիմության վերոնշյալ թերություններն ուղղելու համար: «Սարդարապատի» համոզմամբ` Հայաստանին պետք է ոչ թե պարզապես իշխանափոխություն, այլ համակարգային փոփոխություն: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` նախարարները, մարզպետները, ոստիկանները տասնյակ և հարյուր հազարավոր դոլարների կաշառք են վերցնում: Բանակի գեներալները, իրենց աշխատասենյակներում նստած, առավոտից գիշեր զբաղվում են բիզնեսով և ոչ թե բանակով: Այսօրվա խորհրդարանը, նրա խոսքերով, ամեն ինչ կարելի է անվանել` բացի խորհրդարանից: Ուստի նա սխալ ընթացքից ծնված նախաձեռնություն է համարում այսօրվա խորհրդարանում դասական ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելը, մի բան, որն արեց, օրինակ, «Ժառանգություն» խմբակցությունը` Ազգային ժողովին ներկայացնելով Արցախը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ: «Սարդարապատը» համոզված է, որ իշխող օղակում այսպիսի մարդկանց առկայության դեպքում հնարավոր չի լինի Հայաստանում համակարգային փոփոխություն կատարել: Միաժամանակ շարժումը դեմ է, որ այս մարդկիկ հեռանան, բայց նրանց տեղը գան լուրջ հայեցակարգ ու ծրագիր չունեցող այլ մարդիկ, քանի որ այդ դեպքում ևս ոչինչ չի փոխվի: «Պետք է լինի հստակ հայեցակարգ և մարդկանց միավորում: Վերջապես պետք է լինի ռեալ փոփոխություն, և մեր ժողովուրդը պետք է շնչի: Իսկ որ մեր երկրում հազարավոր մարդիկ են գտնվում, որոնք արժանի են ծառայելու մեր ժողովրդին, փաստ է: Դա ծառայություն է: Նախագահ լինելը ծառայություն է: «Իշխան» բառը նշանակում է «ծառա»: Այլընտրանքային իշխանություն պետք է ձևավորվի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: «Սարդարապատը» նախաձեռնել է այլընտրանքային խորհրդարան, որն ունի հանձնաժողովներ: Շարժումը շարունակում է համախմբել գաղափարակիցների, միաժամանակ մշակել ապագա Հայաստանի հայեցակարգային, ամբողջական փաթեթ: «Այդ հայեցակարգով և այդ գաղափարախոսությունը կրող մարդկանց համախմբումով է, որ շարժումը հռչակվելու է ինչ-որ ժամանակ հետո: Խնդիրը միայն սրանց տապալելը չէ: Հետո-ն է ավելի կարևորը: Շատ հեշտ է տապալելը: Կարապետիչը հանգիստ խոսում է, որ «գնանք փոխենք»: Հետո ի՞նչ ես անելու, ո՞ւմով ես անելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter