HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վերջին 3 տարում Հայաստանում արձանագրվել է մայրական մահացության 30 դեպք

Ըստ գլխավոր մասնագետի` այս դեպքերից ոչ մեկի պատճառը բժշկի սխալը չէ

2008 թ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 15 դեպք, 2009-ին` 12, իսկ 2010-ին` 3 դեպք: Այս մասին ասաց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը Ծաղկաձորում Առողջապահության նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կազմակերպած սեմինարի ժամանակ:

Նրա խոսքերով` 2010 թ. Հայաստանում արձանագրված մայրական մահացության ցուցանիշը մոտենում է եվրոպականին:

«Հուսանք, որ այդ ցուցանիշը կարող ենք պահպանել»,- նշեց Գայանե Ավագյանը: «Հետքը» նրան հարց ուղղեց, թե որո՞նք են եղել վերջին 3 տարվա ընթացքում արձանագրված մայրական մահացության 30 դեպքի պատճառները, և որևէ բժիշկ պատասխանատվության ենթարկվե՞լ է այդ դեպքերի համար: Գայանե Ավագյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունում գործող և նախարարի կողմից ղեկավարվող Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը վերլուծել է մայրական մահվան բոլոր դեպքերը: «Եվ բժշկական սխալ, որը պատճառ է դարձել մայրական մահվան, մենք չունենք»,- նշեց նա:

Միաժամանակ նա ասաց, որ եղել են դեպքեր, երբ կինը արդեն ծանր վիճակում դիմել է շրջանային բուժհաստատությանը, սակայն շրջանային բուժհաստատությունը ի վիճակի չի եղել անել այն, ինչ կարող էին անել Երևանի բուժհաստատությունում` երրորդ մակարդակում:

«Սա կա: Սրան մենք ուշադրություն դարձնում ենք: Փորձում ենք այդ խնդիրը լուծել ոչ թե պատժելով, այլ բարեփոխումով և պատճառը վերացնելով»,- ասաց Գայանե Ավագյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում ամեն տարի գրանցվում է մահվան մոտ 5.000 դեպք, որից մայրական մահվան դեպքերը մոտ 10-15-ն են, իսկ անցյալ տարի` 3-ը: «Հետևաբար, համակարգը շատ արդյունավետ է աշխատում»,- ասաց Գայանե Ավագյանը:

Նրա խոսքերով` մայրական մահացության այս դեպքերի պատճառների մեջ գերակշռում են էքստրագենիտալ հիվանդությունները: Այսինքն` կինը ունեցել է սրտի ախտաբանություն, որը հղիության հետ անհամատեղելի է եղել:

«Ունեցել են ծանր հիպերտոնիկ հիվանդություն: Ամբողջ անկետայի մեջ 20 անգամ առաջարկվել է հղիությունը ընդհատել, որովհետև այդ հղիությունը այդ հիվանդության հետ համատեղելի չէ: Մարդը հրաժարվել է, դա իր իրավունքն է: Եվ դժբախտաբար, ծննդաբերությունից հետո` հետծննդյան շրջանում` մինչև 5-րդ օրը, մահ է արձանագրվել»,- ասաց Գայանե Ավագյանը:

Մայրական մահացության այս 30 դեպքի մեջ կան նաև ինֆարկտի, տրոմբոէմբոլիայի, H1N1-ի պատճառով առաջացած մահեր: Այս պատճառները, Գայանե Ավագյանի հավաստիացմամբ, հնարավոր չէ կանխատեսել: Նա նշեց, որ եղել է դեպք, երբ կինը բուժօգնության է դիմել շատ ուշ, երբ արդեն արյունաքամված է եղել, և զարգացել է ԴՎՍ:

«Այսօր էմբոլիայից մահերը ամբողջ աշխարհում էլ կան: Ես չեմ ուզում վախեցնել մեր հանրությանը, բայց ծննդաբերության ժամանակ կարող է և պտղաջրերով էմբոլիա լինել, կներեք` սա էդ կնոջ ճակատագիրն է: Անցյալ տարի շատ մեկնաբանվեց «Մարգարյան» հիվանդանոցում զույգ երեխաների մոր մահը: Պտղաջրերով էմբոլիա էր: Բժիշկը չէր կարող ոչ կանխատեսել, ոչ էլ կանխել պտղաջրերի թափանցումը արյան հունի մեջ»,- ասաց Գայանե Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter