HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանում աշխատելը պատժամիջո՞ց

ՀՀ Արդարադատության խորհուրդը (ԱԽ) 2010 թ. դեկտեմբերի 24-ին կայացրած որոշումով հաստատել է դատավորների պաշտոնների փոխանակման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկը: Ըստ այդմ` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսուհետ կպաշտոնավարի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ այդ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նրա փոխարեն կստանձնի Կենտրոն դատարանի դատավորի լիազորությունները: ԱԽ-ի կայացարած այս որոշմանը նախորդել են որոշ իրադարձություններ, որոնք էլ, մեր կարծիքով, հիմք են հանդիսացել հիշյալ տեղափոխությունը կատարելու համար:  Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դիմումի հիման վրա մոտ երեք ամիս առաջ Կարգապահական հանձնաժողովը դատավոր Ա. Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել: Հանձնաժողովը ԱԽ-ին ներկայացրել է եզրակացություն, որ դատավոր Ա. Խաչատրյանը դատապարտյալ Դ. Դավթյանի քրեական գործով թույլ է տվել «դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում», խախտել է նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածը: ԱԽ-ն 2010 թ. նոյեմբերի 5-ին քննարկել է դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ դատավոր Ա. Խաչատրյանին հայտարարել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25%-ից զրկելով: Կարգապահական հանձնաժողովի ներկայացրած եզրակացության համաձայն` դատապարտյալ Դ. Դավթյանը ձերբակալվել է առանց իրացնելու նպատակի 0,6 գրամ քաշով «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով: Քննիչի որոշումով Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 2010 թ. հունիսի 22-ին քրեական գործը ուղարկվել է դատարան: Հուլիսի 7-ի որոշմամբ դատավոր Ա. Խաչատրյանը Դ. Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին թողել է անփոփոխ: Դատարանը բավարարել է նաեւ պաշտպան ներգրավելու համար դատական նիստը հետաձգելու մասին ամբաստանյալ Դ. Դավթյանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալը կրկին միջնորդել է հետաձգել դատական նիստը` պատճառաբանելով, որ իր պաշտպանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին: Ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել է, եւ դատական նիստը նշանակվել է 2010 թ. հուլիսի 26-ին, սակայն այդ նիստում ամբաստանյալը խնդրել է իրեն ապահովել հանրային պաշտպանով, քանի որ միջոցներ չունի իր հաշվին պաշտպան ներգրավելու համար: Դատարանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը` գործի քննությունը հետաձգել է եւ հանրային պաշտպան է հրավիրել: Միաժամանակ, ամբաստանյալի պաշտպան ունենալու սահմանադրական իրավունքը դատավորը մեկնաբանել է դատական գործի քննությանը խոչընդոտելու միջոց եւ որոշում է կայացրել ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու մասին: Որոշման պատճառաբանական մասում դատավոր Ա. Խաչատրյանը նշել է, որ «վերջինս դատական նիստերն անհարկի հետաձգելով, դրսեւորում է ոչ պատշաճ վարքագիծ, ինչով խոչընդոտում է դատարանում քրեական գործի քննությանը, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, իսկ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը, դատական նիստերը անհարկի հետաձգելով եւ ազատության մեջ մնալով, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, ուստի դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ 0163/01/10 քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է փոխել կալանավորմամբ»: Արդեն պաշտպանի մասնակցությամբ օգոստոսի 6-ին նշանակված դատական նիստի ժամանակ դատարանը քննության է առել ամբաստանյալի` իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը եւ այն բավարարել է: Այս անգամ հակասելով օրեր առաջ կայացրած իր որոշմանը դատավորը նշել է. «Տվյալ դեպքում ամբաստանյալ Դավիթ Դավթյանին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, ազատության մեջ գտնվելովչի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հայտնի է նրա անձը, ուստի դատարանը գտնում է, որ Դավիթ Դավթյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել թույլատրելի եւ գրավի գումար նշանակել 500.000 դրամ»: Գրավի դիմաց Դ. Դավթյանն ազատվել է կալանքից: Դատարանը նրան դատապարտել է 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: ԱԽ որոշման համաձայն` դատարանն իր որոշման հիմքում դրել է նաեւ այն փաստարկը, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով: «Այս առումով անհասկանալի է դատարանի մոտեցումը. միջին ծանրության հանցանք կատարելը նա մի դեպքում դիտում է որպես հիմք` խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու համար, մյուս դեպքում դիտում է որպես հիմք` խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու համար»,- եզրակացրել է ԱԽ-ն: Այս «կամայականության» համար պատժի արժանացած դատավորի նկատմամբ մոտ երկու ամիս հետո Վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկով նոր պատժամիջոց է կիրառվել` ԱԽ-ն որոշել է նրան Կենտրոն դատարանից տեղափոխել Արաբկիր դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter