HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գեղամ Բաղդասարյան. «Ղարաբաղը օբյեկտի է վերածվել գրեթե բոլոր հարթություններում»

«Վերջին տասնամյակում, փաստորեն, վերացել է ղարաբաղյան գործոնը: Ղարաբաղը գործոն չէ ոչ միայն բանակցային գործընթացում այլև համահայկական հարթության մեջ: Որոշ դեպքերում գործոն չէ նաև ներպետական կյանքում: Ցավոք սրտի, Ղարաբաղը օբյեկտի է վերածվել գրեթե բոլոր հարթություններում: Ղարաբաղը դադարել է սուբյեկտ լինելուց»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը:

Նա համարում է այս պահին շատ ավելի կարևոր է ղարաբաղյան գործոնի ճանաչումը, քան պարզապես ԼՂՀ ճանաչումը: Բանախոսի համոզմամբ` Արցախը պիտի իր խոսքն ասի ոչ միայն բանակցային գործընթացում, այլև համահայկական հարթության մեջ իրեն վերաբերող ցանկացած հարցում, մի բան, որ այսօր չկա: Գեղամ Բաղդասարյանը, ստեղծված իրավիճակը բացատրում է նրանով, որ Արցախի իշխանությունները ինքնուրություն քաղաքականություն վարելու քիչ ռեսուրս ու ցանկություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում իշխանությունը ձևավորվում է ՀՀ իշխանությունների միջամտությամբ: «Անալիտիկոնի» խմբագրի խոսքերով` Հայաստանում միշտ մեծ անտարբերությամբ են վերաբերվել Արցախի ժողովրդավարացմանը: ՀՀ իշխանությունները լուրջ վտանգ են տեսնում Արցախի ժողովրդավարացման մեջ և Արցախի այսօրվա միաբևեռ վիճակը համարում իրենց իշխանության պահպանման լծակներից մեկը: «Բայց թե ինչու է հայաստանյան հանրությունը անտարբեր Արցախի ժողովրդավարացման հարցում, ինձ համար մինչև այսօր էլ մնում է առեղծված: Ինտեգրվել են երկու հայկական պետությունների բարձրագույն իշխանությունները: Բայց 2 հանրությունները ոչ միայն չեն ինտեգրվել, այլև շարունակում են խորթ մնալ, իրար չեն ճանաչում մեծ հաշվով: Պիտի ինտեգրվեն 2 հայկական հանրությունները: Եվ սա է այն հիմքը, որի վրա կարող է վերածնվել ղարաբաղյան գործոնը»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը: Նրա համոզմամբ` հայկական երկու կողմերը` հատկապես ղարաբաղյան կողմը, որը շատ ավելի մեծ պատասխանատվություն է կրում այս հարցում, գրեթե ոչինչ չի արել ԼՂՀ միջազգային ճանաչման համար` ամեն ինչ պայմանավորելով նրանով, թե կա ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթաց: Մինչդեռ Գեղամ Բաղդասարյանը համոզված է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի բանակցային գործընթացին: Տարբեր ժամանակներում Արցախի արտգործնախարարներն ասել են, ինչ-որ տեղ սպառնացել, որ «եթե Ադրբեջանը այսպես շարունակի, ապա մենք ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման համար»: Գեղամ Բաղդասարյանն այս «սպառնալիքներին» պատասխանում է, որ երբ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անկախության հանրաքվե էր անցկացվում, ժողովրդին չեն հարցրել. «Դուք կո՞ղմ եք ԼՂՀ անկախությանը, եթե Ադրբեջանը այսպես շարունակի»: «Մենք հստակ ու միանշանակ հարց էինք դրել, և ժողովուրդը միանշանակ պատասխանել է այդ հարցին, որ կողմ է ապրելու անկախ պետությունում: Այնպես որ միջազգային ճանաչման գործընթացը բանակցային գործընթացից կախման մեջ դնելը ղարաբաղյան կողմի ամենալուրջ ու ամենամեծ սխալն է, որն այսօր էլ չի ուղղվում»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը: Այս 2 գործընթացները չեն հակասում և պետք է զուգահեռ ընթանան ՀՀ-ի ու Արցախի արտաքին քաղաքականության մեջ: Իսկ քանի դեռ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի արտաքին քաղաքականության մեջ նման գործընթաց գրեթե չկա, Գեղամ Բաղդասարյանի համար ողջունելի ու դրական է Արցախը ճանաչելու ցանկացած փորձ, այդ թվում նաև «Ժառանգություն» խմբակցության խորհրդարանական նախաձեռնությունը: Նա կարծում է, որ ներկայումս ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում որևէ նոր միտումներ ու զարգացումներ չկան, և միջնորդների ջանքերն ուղղված են բանակցային գործընթացը պահպանելուն, քանի որ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ գործընթացից ու պատերազմի ճանապարհն ընտրել: Այսօր հայկական կողմից էլ են հնչում կարծիքներ, որ քանի դեռ չի փոխվել բանակցային գործընթացի մեթոդաբանությունը, հայկական կողմը, մեծ հաշվով, անելիք չունի այդ գործընթացում: Հայկական կողմը, սակայն, խոսում է բանակցային գործընթացից դուրս գալուց հետո ոչ թե պատերազմ սկսելու, այլ Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար բոլոր ջանքերը ներդնելու մասին: Առաջին հայացքից պարադոքսային է թվում այն, որ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն ուժեղանում է բարձր մակարդակով որևէ հանդիպումից առաջ, կամ այն ժամանակ, երբ խոսք է լինում բանակցային գործընթացում ոսկի հնարավորության մասին: Իրականում Ադրբեջանը, ավելացնելով ռազմաշունչ հայտարարությունները, հասկանալ է տալիս, թե «խաղաղ կարգավորումն առավելագույն զիջումն է իր կողմից, և ինքը դրանով սպառվում է իր զիջումների զինանոցը»: «Իրականում ուժի չկիրառումը ոչ թե պիտի կողմերից որևէ մեկի զիջում լինի, այլ պիտի լինի ամենագլխավոր պայմանը բանակցային գործընթացում: Պայման, որը պիտի վերաբերի բոլոր կողմերին, առավելապես այն կողմին, որը հաղթանակ է տարել պատերազմում: Թե չէ ստացվում է, որ ուժի չկիրառումը իր համար կռվան է սաքրել պատերազմում պարտված կողմը: Մինչդեռ շատ ավելի տրամաբանական կլիներ, որ ուժի չկիրառումը իր համար զիջում համարեր պատերազմում հաղթած կողմը: Սա է աբսուրդը»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը: Նա համարում է, որ պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց այսօր պատերազմի վերսկսման համար բարենպաստ պայմաններ չկան, քանի որ ոչ Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը իրենց կշիռով այն պետությունները չեն, որ կարողանան պատերազմ վերսկսելու ինքնուրույն որոշում կայացնել: «Վտանգ, իհարկե կա: Վտանգ կա նաև այն առումով, որ կարող է ամեն ինչ կանխատեսված չլինել, կարող է ամեն ինչ ինքնըստինքյան լինել, կարող է սահմանային որևիցե միջադեպ ընդլայնվել ու լուրջ սպառնալիք դառնալ: Բայց լայնածավալ պատերազմի վերսկսման բավարար հիմք ես այսօր չեմ տեսնում»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը: Նա համամիտ չէ այն տեսակետին, որ Ռուսաստանն աննախադեպ ակտիվացել է բանակցային գործընթացում, իսկ մյուս միջնորդները հաշտվել են այդ իրավիճակին: Չնայած միջնորդների միջև հակասություններին ու տարբեր շահերին` փոխըմբռնում կա այն հարցում, որ ստատուս քվոն, չլինելով լավագույն լուծում, նախընտրելի է պատերազմից: Իսկ Ռուսաստանը միշտ էլ ակտիվ է եղել: Պարզապես ավելի տեսանելի է ամեն ինչ անում, քան ԱՄՆ-ը: Բանախոսը ԱՄՆ-ի միջնորդական ակտիվության թուլացման միտում չի տեսնում: Գեղամ Բաղդասարյանի համոզմամբ` Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն հիմնականում նախադեպ չէ Արցախի համար, քանի որ Սուդանում բոլոր կողմերն էին համաձայն, որ հանրաքվե անցկացվի: Այս առումով Արցախի համար նախադեպ են Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսեթիան: «Բայց բոլոր դեպքերում Սուդանը ևս մասամբ նախադեպ է այն առումով, որ աշխարհի քարտեզի վրա հայտնվելու է նոր պետություն: Իմ գործընկերներից մեկը դիտարկում է արել, որ երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, կար ՄԱԿ-ի անդամ 150 պետություն: Հիմա` 2011 թ., կա մոտ 200 պետություն: Այսինքն` աշխարհի քաղաքական քարտեզը գնալով հարստանում է, և սա ինքնին նախադեպ է բոլոր առումներով»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter