HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլուխդ պատին ես տալիս»,- հոխորտում է տնօրենն ուսուցիչների վրա, իսկ Երևանի քաղաքապե՞տը…

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետին ուղարկել է նամակ, որը ներկայացվում է ստորև:

««Առավոտ» թերթի սեպտեմբերի 24-ի համարում տպագրված «Գլուխդ պատին ես տալիս» վերնագրով լուրը լուրջ ահազանգ է Երևանի թիվ 27 դպրոցում առկա, կրթական հաստատությանը ոչ հարիր մթնոլորտի մասին: Կործանարար է, երբ մանկավարժական խորհրդի անդամ ուսուցիչն իր հասցեին լսում է այդ արտահայտությունն ու շարունակում է լռել:

Ոչ միայն այս դպրոցի, այլև հանրապետության շատ այլ դպրոցների ուսուցիչներ կարծես կորցրել են արժանապատվության զգացումը, չեն կարողանում պաշտպանել իրենց արժանապատվությունն ու տարրական իրավունքները հատկապես այն տնօրեններից, ովքեր, զարմացած իրենց օրենքով տրված իշխանությունից, չունենալով ամենակարևորը` ուսուցչապետին վայել նկարագիր և կրթությունը կազմակերպելու ոչ սեփական գիտելիք, ոչ հմտություն, ինքնադրսևորվելու այլ ճանապարհ չեն գտնում, քան որպես գործատու սուր ճոճելն ու դիմացինին նվաստացնելը:

Ուսուցիչներն ու ծնողները՝ որպես քաղաքացիներ, հանդուրժելով իրենց նվաստացնողին, շատ վատ օրինակ են աշակերտների համար, ովքեր, ունենալով դպրոցում կատարվող անցուդարձի մասին սեփական տեղեկատվական աղբյուրները, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում այդ արտահայտությունը արած տնօրենի ու դրա հետ լռելյայն համաձայնվող ուսուցիչների մասին (հետո ասում ենք` այս սերունդն ուսուցչին չի հարգում):

«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով հանրակրթության բնագավառում պետության հռչակած քաղաքականությունը երաշխավորում է հանրակրթության մարդասիրական բնույթը, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը և աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականութունը և այլն:

Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների հիման վրա, կրթության բնագավառում, որպես պարտադիր լիազորություններ, Երևանի քաղաքապետը կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև կրթական այլ կազմակերպությունների գործունեությունը:

Հարգելի պարոն Քաղաքապետ, ասացեք խնդրեմ, մի՞թե ՀՀ օրենքներով ամրագրված վերոնշյալ երաշխիքները Դուք՝ որպես կրթության բնագավառում գործունեության կազմակերպման պարտադիր լիազորություն կրող պետական մարմին, կարող եք կյանքի կոչել և ապահովել օրենքի պահանջների իրականացումը նման դպրոցներում, որտեղ թագավորում են ստրկամտությունը, շողոքորթությունը և Քաղաքացուն անհարիր այլ ախտեր: Նույնը վերաբերվում է տնօրեններին` քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ: Կարծում եմ` առաջինը Դուք պետք է շահագրգռված լինեք ամենուրեք և հատկապես կրթօջախներում արմատախիլ անելու վերոնշյալ ախտերի մետաստազները:

Կրթության բնագավառում գործունեության կազմակերպման պարտադիր լիազորության իրականացումը ենթադրում է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որը բացառի հովանավորչությունը, լինի զգոն ու ուշադիր թե ուսուցչից, թե ծնողից եկած ցանկացած ահազանգի նկատմամբ, որի քննարկումը աշխատակազմի հանրակրթության վարչության յուրաքանչյուր ծառայողի կողմից պետք է կատարվի արդարամտորեն, առանց հովանավորչությունների և այլ կասկածելի մեթոդների:

Հանրակրթության վարչությունը պարտավոր է դպրոցներում ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ ուսուցիչը ոգևորվի իր ձեռքբերումներով, գնահատվի նրա գործունեությունը, իսկ աշակերտը հաճույքով գա դպրոց` գնահատելով այնտեղ կրթության իր իրավունքի պատշաճ բավարարումը: Այսինքն՝ նրանք պարտավոր են աշխատել ՀՀ Օրենքներով և հետևել, որ դպրոցներն իրականացնեն օրենքների պահանջները:

Այնինչ, կոնկրետ վերոնշյալ դպրոցի դեպքում ակնհայտորեն  խախտվել է օրենքը, և ոտնահարվել ուսուցիչների արժանապատվությունը: Նշեմ, որ չնայած տնօրենը հանձնել է օրենքների իմացությունը հավաստող քննությունները, սակայն դրանց կիրառելու կամքն ու հմտությունները, ինչպես խոստովանել է, չունի:

Դպրոցից հնչած յուրաքանչյուր ահազանգին պատշաճ, առանց ծածկադմփոցի գնահատական տալը պետք է սկզբնավորվի քաղաքապետարանից կամ կրթության նախարարությունից` կախված պատկանելիությունից: Այնինչ, ահազանգերը, եթե իրավունքը ոտնահարված անձը թիկունք չունի կամ դրանք լրատվությամբ աղմուկ չեն բարձրացրել, ինչպես եղավ վերջերս այն ուսուցչի հետ, ով դասարանում կտրել էր երեխաների մազերը, քաղաքապետարանի կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում և առաջնորդվում են «յոլա գնացեք» հանձնարարականով:

Ելնելով վերոնշյալից` խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել և ներկայացնել արձանագրություն այն մասին, թե

1. ի՞նչ միջոցներ է ձեռնարկել քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը գործող տնօրենի նկատմամբ, ով «խոսակցական հայերենով, այսպես ասած, տնավարի հնչած» «տեղն է դրել» բոլորին, ովքեր համարձակվում են առանց իր գիտության ծնողական ժողով հրավիրել:

2. ո՞վ է տնօրենին ծնողական ժողովներ հրավիրելու վերաբերյալ նման հանձնարարական տվել:

3. քննարկվե՞լ է արդյոք հատկապես վերոնշյալ հայտարարության օրինականությունը:

4. լուրի մեջ նշված ուսուցչուհին` Անահիտ Հովհաննիսյանը, սույն թվականի հունիսի 28-ին գրավոր ահազանգել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանն այն մասին, որ տնօրենի և դպրոցի մայրենիի ուսուցչուհի Խլոպուզյանի կողմից մանկավարժական խորհրդի նիստին իր նկատմամբ հնչել է զրպարտություն: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել վարչությունը այդ ահազանգում նշված փաստերը պարզելու համար: Աշխատակիցներից ո՞ւմ է հանձնարարվել քննարկել այն, և ի՞նչ ուսումնասիրության եզրակացության հիման վրա են ուսուցչուհուն գրավոր պատասխանել, թե ահազանգում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

5. ի՞նչ գնահատականի է արժանացել ուսուցչապետին անհարիր ու անվայել արտահայտություն արած տնօրենը քաղաքապետի կողմից:

Ակնկալում եմ սպառիչ պատասխան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»:

Մեկնաբանություններ (1)

Andranik Karapetyan
@TENCEL CHHASHTR PARTUTYAN@T HET ARMINE IVANYAN......U @TENC MINCHEV UR??????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter