HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակության լյումպենացում, կամ անտեր ընտրազանգվածի գործոնը

Արմեն Առաքելյան Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքները, Կառավարության, նախագահականի, քաղաքապետարանի առջեւ պարբերաբար կազմակերպվող ցույցերը վկայում են, որ Հայաստանում ձեւավորվում է քաղաքականության մի նոր շարժիչ ուժ` ի դեմս լյումպենի կամ լյումպենացվող զանգվածների: Ընթանում է հասարակության աստիճանական լյումպենացման գործընթաց: Ինչո՞վ է դա պայմանավորված, եւ ի՞նչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ: Հասարակության լյումպենացումն առաջին հերթին վարվող պետական քաղաքականության հետեւանք է, որի էությունը սոցիալական բեւեռացման խորացումն է կամ այս միտումը կանգնեցնելու` իշխանության անկարողությունը: Տնտեսական, սոցիալական եւ իրավական քաղաքականությունն ուղղված է սոցիալական շատ որոշակի, «էլիտար» շերտի հետաքրքրությունների եւ շահերի բավարարմանը եւ, որպես կանոն, նպատակաուղղված է գործարար, տնտեսական հիմնական բոլոր ոլորտների մենաշնորհացմանը: Արդյունքում, որպես այդպիսին, վերանում է միջին եւ մանր բիզնեսը` իր հետ վերացնելով նաեւ միջին խավը: Հասարակությունը բաժանվում է հարուստների` ի դեմս օլիգարխիկ-մոնոպոլիստների սահմանափակ հատվածների, որը դառնում է իշխանության պահպանման գործնականում միակ երաշխավորը, եւ աղքատների` ի դեմս պետական կառավարումից ու իշխանությունից օտարված հասարակական լայն զանգվածների: Նման հարաբերակցության պարագայում հենց վերջիններս էլ գրեթե ամբողջությամբ իրենց վրա են կրում օբյեկտիվ պատճառներով սոցիալական վիճակի ցանկացած վատթարացում` պայմանավորված բարձր գնաճով, ցածր վարձատրությամբ եւ այլն: Հասարակության փաստացի ապասոցիալականացումը հնարավոր է դառնում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբերակումներ մտցնելու միջոցով, ինչն արտահայտվում է արտոնյալների եւ պատասխանատվության ամբողջ բեռն իրենց վրա կրող «մնացածների» միջեւ ոչ ֆորմալ բաժանարարներ անցկացնելու միջոցով: Հայաստանում ստեղծված այս իրավիճակը օբյեկտիվորեն առաջին պլան է մղում սոցիալական արդարության թեմատիկան, մարդու տարրական կենցաղային սոցիալական վիճակի, իրավունքների պաշտպանության հարցը` ետին պլան մղելով ազգային, քաղաքական, գաղափարախոսական, մշակութային բոլոր խնդիրները: Եթե նախկինում շաբաթը մեկ-երկու անգամ կարելի էր տեսնել իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարող այս կամ այն սոցիալական փոքր խմբի հավաքներ ու բողոքի ակցիաներ պետական հաստատությունների առաջ, ապա հիմա դա կրում է ամենօրյա բնույթ: Ընդ որում` դրանց ընթացքում ավելի ու ավելի են հաճախակիանում ծայրահեղ քայլերի գնալու սպառնալիքները: Ակնհայտ է, որ այս խմբերն սկսել են դիմադրողական հասարակական շարժում, որն առայժմ անկազմակերպ, հախուռն բնույթ է կրում: Կոնսոլիդացիան առայժմ տեղի է ունենում նմանատիպ խնդիրներ ունեցող, սոցիալական նույն «կաստայի» նեղ շրջանակներում, ինչն առայժմ համահասարակական ընդգրկում ձեռք չի բերում: Դա պայմանավորված է երկու իրողությամբ. նախ` որովհետեւ շարժումը ինքնաբուխ է, ակնհայտորեն քաղաքական բովանդակությունից զուրկ եւ չի առաջնորդվում որեւէ քաղաքական ուժի կողմից: Երկրորդ` գործում է տիպիկ հայկական «խալխի հետ գործ չունեմ» մենթալային սկզբունքը: Եվ ստացվում է այնպես, որ փողոցային առեւտրով զբաղվողներն իրենց իրավունքների համար առանձին են պայքարում, Թուրքիայից ապրանք բերողները` առանձին, այս կամ այն համայնքի ներկայացուցիչներն` առանձին, եւ նրանցից ոչ մեկը մյուսին օժանդակել, ընդհանուր պայքար ծավալել չի ցանկանում: Հենց այս իրողություններն էլ իշխանությունների մոտ ձեւավորել են այն կարծիքը, թե անկախ նրանից` ինչպիսի ընդգրկում կունենան բողոքի անջատ-անջատ այս դրսեւորումները, համահասարակական բողոքի, անհնազանդության չեն հանգեցնի, ինչը եւ թույլ է տալիս շարունակաբար անտեսել բողոքների բուն շարժառիթներն ու պատճառահետեւանքային կապերը: Իր այս մոտեցման մեջ իշխանությունն ինչ-որ իմաստով ճիշտ է: Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերը լյումպենացման միջոցով ինքնաբերաբար կոնսոլիդացվող հասարակությունից եկող ազդակների նկատմամբ առայժմ անտարբեր են: Որոշ ուժեր պարզապես ի վիճակի չեն ստանձնելու շարժման ղեկավարումը` մարգինալ վիճակում գտնվելու պատճառով: Իշխանական, կոալիցիոն ուժերը ոչ թե շարժումն առաջնորդելու, այլ հանգցնելու, նվազագույնը` կառավարելի պահելու խնդիր ունեն, որպեսզի հավելյալ գլխացավանքից զերծ մնան: Դա էլ դրդում է օգտագործել Կարապետիչի ֆենոմենը` մի կողմից արժեզրկելով ու բովանդակազրկելով շարժումը, մյուս կողմից` դրանում ներգրավված զանգվածներին մանիպուլացնելու եւ ապաքաղաքականացնելու նպատակներով: Ընդդիմադիր ընդամենը երեք ուժ շարժումը քաղաքական հունի մեջ դնելու պոտենցիալ ունի` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը: Սակայն առաջին երկուսն ակնհայտորեն սպասողական վիճակի մեջ է եւ, ըստ էության, մի կողմից այս փուլում ակտիվանալու ցանկություն չունի, մյուս կողմից` պարզապես պատրաստ չէ դրան: ՀԱԿ-ը բոլոր նախադրյալներն ունի ղեկավարելու հասունացող շարժումը: Սակայն սկզբունքորեն սխալ մոտեցում է ցուցաբերում` այս շարժման մեջ ոչ թե քաղաքացիական հասարակության ակտիվացում, այլ միայն անկառավարելի լյումպեն տեսնելով: Իրականում, սակայն, լյումպենացման գործընթացն ունի նույն պատճառները, որոնց դեմ պայքարում է ՀԱԿ-ը: Սկսվածը նույնպես քաղաքացիական իրավունքների համար մղվող պայքար է` գերսոցիալականացված պաստառով: Սակայն ակնհայտ է, որ համակարգային, ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու պարագայում այս ինքնաբուխ սոցիալական շարժմանը հնարավոր է քաղաքական բովանդակություն հաղորդել, որովհետեւ որքան էլ ցավալի է, իսկապես լյումպենացվում է այն զանգվածը, որը պետք է միջին խավի դերակատարում ունենար երկրում: Արհեստականորեն այս երկու կատեգորիաների միջեւ տարբերակում մտցնելով` ՀԱԿ-ը պարզապես զրկվում է ակտիվանալու առիթ-հնարավորությունից եւ առհասարակ օտարվում հասարակական իրական պահանջներից: Դա առհասարակ կարող է վերջնականապես մարգինալացնել ՀԱԿ-ին, որովհետեւ ակնհայտ կդառնա նրա ծավալած գործունեության ինքնանպատակ լինելը: Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ Կոնգրեսում տեղի է ունեցել տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստ, որը քննարկել է «փողոցային առեւտրի բռնի դադարեցման, իշխանությունների կողմից մաքսային տուրքերի անօրինական բարձրացման, տնտեսության մոնոպոլիզացիայի եւ օլիգարխիզացիայի վերջին քայլերը», ինչի հետ կապված ՀԱԿ-ը փորձում է հստակեցնել իր դիրքորոշումներն ու լուծումերը: Դա նշանակում է, որ Կոնգրեսում չեն բացառում շարժմանը «տիրություն անելու» հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter