HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ովքեր են թալանել Վանաձորի մաքրման կայանը, եւ ինչու իրավապահները չեն ուզում բացահայտել

Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի թալանման պատմությունը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների էջերում: Վանաձորցիներն այսօր էլ շարունակում են մաքրման կայանի թալանից խոսել, նույնիսկ այդ չարաբաստիկ շինության հետ են կապում Լոռու մարզի նախկին գլխավոր դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը։

Այժմ գտնվել է մեկը, ով պատմում է մաքրման կայանի (աչիսնոյ) թալանի մասին եւ տալիս թալանչիների անունները: 2010 թ. հոկտեմբերի 7-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Մելսիկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ոստիկանապետին, արդարադատության նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Հաղորդման մեջ ներկայացված են Վանաձոր քաղաքի մաքրման կայանի գույքի կողոպուտի եւ իրացման մանրամասները, ինչպես նաեւ Մելսիկ Այվազյանից շանտաժի եւ սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերը:

Ըստ Մելսիկ Այվազյանի հաղորդման` գործի մեջ ներգրավված է Սպիտակ քաղաքի ներկայիս ոստիկանապետ (նախկինում Վանաձոր քաղաքի քրեական հետախուզության պետ) Արթուր Շահվերդյանը: Նա համագործակցում էր «հանցագործ» աշխարհի ներկայացուցիչների հետ: Մ. Այվազյանը նրանց նախկին գործընկերն է, ով այժմ հաղորդում է տալիս նրանց դեմ, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, իրեն «քցել են»:

«Օչիսնոյը իրանք են թալանել՝ քաղաքի լավ տղերանցով։ Սաղ իրանք են տարել՝ Շայբեն իրա կամանդով»,- ասում է վանաձորցի Մելսիկ Այվազյանը (Մստո), ով 1972 թ.-ից աշխատում է որպես վարորդ՝ բեռնափոխադրումներ է կատարում։

Մելսիկ Այվազյանը «Պզեի» (Սամվել Աբգարյան) եւ «Կիլկիի» (Արթուր Աղաջանյան) հետ ծանոթ է մանկությունից. 1996 թվականից սկսել է համագործակցել նախ մեկի, ապա մյուսի հետ՝ տեխնիկական ապրանքներ տեղափոխելով Ռուսաստանի Դաշնություն։ Այդ ապրանքների թվում նաեւ տուրբո կոմպրեսոր է եղել։

«2002 թ. «Պզեի»՝ Սամվել Աբգարյանի հետ որոշինք գործ սկսենք՝ գումարը իրանից, գործը՝ ինձանից։ 6500 դոլարով Ախուրյանից կամազ առանք, ու որ մեքենան դատարկ չտանենք, Գյումրիի ու Վանաձորի գործարաններից պաչեւնիկներ, մեքենայի պահեստամասեր առանք։ Վանաձորի հաստոցների գործարանում տեսանք խառատային հաստոցի վալեր։ Մենք ուզեցինք տնօրենից, տնօրենը չտվեց։ «Պզեն» ասավ՝ եթե լավ ապրանք ա, ես կարամ վերցնեմ, ու մի երկու ժամ հետո «Շայբի» (Արթուր Շահվերդյանի) աշխատողները վալերը բերեցին մեր տուն։ «Շայբեն» էր «Պզեին» կրիշավատ անում։ Ես նրա հետ «Շայբի» խաթեր եմ հընգերություն արել, որ «Շայբեն» ինձ էլ ա թիկունք»,- գործի ու գործընկերների մասին է պատմում վարորդը` Մելսիկ Այվազյանը։ Ըստ պայմանավորվածության՝ բոլոր գնումները կատարելիս է եղել «Պզեն», նա էլ լուծել է բոլոր ֆինանսական հարցերը։ Իսկ Մելսիկ Այվազյանը զբաղվել է ՌԴ ապրանքների տեղափոխությամբ ու վաճառքով։ «Առաջվա սովխոզտեխնիկայի պահեստներից վերցրինք 2 մեծ տուրբո կոմպրեսոր, ամենքը՝ 6 տ 320 կգ, որոնք արտադրված էին Տաշքենդի Չիչիկ քաղաքում»,- շարունակում է Մելսիկ Այվազյանը։ Այդ սարքավորումներից երկրորդ անգամ ՌԴ են տեղափոխել 2003-ին, արդեն «Կիլկիի» հետ։ «Էդ ժամանակ մետալոբազայի տարածքում «Շայբի» հըմար կամազներ էին հավաքում։ «Կիլկին» ասավ, որ «Շայբեն» իրան էրկու հատ կամազ ա տալիս, եւ առաջարկեց էդ կամազները տանենք ՌԴ, քանի որ «Պզեն» նրանց պատմել էր Ռուսաստանում իմ հնարավորությունների մասին։ Վանաձորի մետալոբազայում «Շայբի» կամազները բարձել ենք տրակտորի պահեստամասերով։ Սովխոզտեխնիկայի տարածքից էլի երկու հատ տուրբո կոմպրեսոր բարձեցինք։ Դրանցից երկու հատ էլ «Շայբի» մետալոբազայից ենք բարձել իրա կռանով։ Դրանք տարել եմ Էրեւան, փոխանակել եմ «Մերսեդես բրաբուս»-ի հետ, էդ էլ տարել եմ կամազների հետ եմ փոխել իրա հըմար, բերել»։ Մելսիկ Այվազյանի պատմելով՝ երկու դեպքում էլ իրենք տուրբո կոմպրեսորները Ռոստով են տարել եւ վաճառել նույն մարդկանց։ «Գնի մասին ես չգիտեմ։ «Պզեն» ասավ՝ հատը 5 հազար դոլարով եմ տվել։ Ասավ՝ դա ուրիշ մարդու ապրանք ա, փողերը հետո կտան»։ Մելսիկ Այվազյանը հավաստիացնում է, թե ինքը հետո է իմացել, որ այդ սարքավորումները Վանաձորի մաքրման կայանինն են, երբ 2004-ին Հայաստան է վերադարձել՝ մասնակցելու աներոջ թաղմանը. «Սաղ ասում էին՝ աչիսնոյի գործը բացվել ա, Էդոն աչիսնոյի գործով ա փախած։ Պասպորտ սեղանում էլ Էդոյի նկարը տեսա, որ ռոզիսկի տակ ա։ Նոր ես գլխի ընկա, որ իմ տարած տուրբո կոմպրեսորները մաքրման կայանինն էին։ Ընդեղ մեծ քանակությամբ նույն տիպի տարբեր չափի տուրբո կոմպրեսորներ, վինտիլներ կային. ինչ էղել ա, էղել ա աչիսնոյինը. էս քաղաքում ուրիշ տուրբո կոմպրեսոր չի եղել»։ Հանցակիցները ժխտում են, որ Մելսիկ Այվազյանի հետ գործարք են ունեցել, նրա հետ ՌԴ են մեկնել եւ որ նույնիսկ ծանոթ են նրա հետ։ Բայց Մելսիկ Այվազյանն ապացույցներ ունի. «Ես Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի մաքսատան բոլոր թղթերը հանել եմ արխիվներից թե՛ «Պզեի» հետ երթի, թե՛ «Կիլկու»։ Բոլոր թղթերը ունեմ. բա ես որտեղի՞ց գիտեմ, որ տուրբո կոմպրեսորները Տաշքենդի Չիչիկ քաղաքի արտադրանք են. տամոժնուց։ «Պզեն» իրա ձեռով գրել ա՝ ինչքան ծախս ենք արել. էդ էլ կա. հազար ձեւի թուղթ եմ բերել տվել Ռուսաստանից։ Ուղղակի գիտեն, որ «Մստոն» էն տղեն չի, որ բողոքի։ Սաղ կյանք բողոք չեմ արել, բայց էլ տեղ չեն թողել։ Հըմի էլ չեմ բողոքում, ինչ ճիշտն ա, էն եմ ասում»։

Այդ թղթերի գոյության մասին իմանալով՝ «Շայբեն», Մելսիկ Այվազյանի կնոջ խոսքով, սկսել է սպառնալ իրենց. «Եկել ա մեր տուն, բոլորիս ներկայությամբ ասել ա՝ եթե էս թղթերը «Մստոն» տա, եթե բողոքի էլ, մեկ ա՝ էս գործից ես կպրծնեմ, ինքը 5-6 տարի կնստի։ Իրա գլխին կշինեն. իրա ասած խոսքը»,- պատմում է Կարինե Այվազյանը։

Մելսիկ Այվազյանը նաեւ նախապատմություն է անում, թե ինչու են գժտվել նախկին գործընկերները. «Պզեն» «Շայբի» ընգերն ա, «Կիլկին» «Շայբի» ընգերն ա, ես էլ դրանց բիզնես թագավորն եմ։ Ես եմ դրանց տարել Ռուսաստան։ Սրանք սաղ կյանքը ով են էղել, որ Ռուսաստան գնան։ Ով էր տեսել՝ 50-60 հազար դոլար մի ռեսին փող առնեն. դրանք տեսան իմ մեծ փողերը, որոշեցին ինձ «քցեն»։ Սկսեցին ուրիշ ձեւի սարքել. 25 տարվա աշխատանքս՝ տնով-տեղով, հողով-մողով սաղ ձեռիցս խլեցին. մեծ փողեր տեսան, փողերս առանձին տարան, տներս էլ առանձին, որ վեր կենանք գնանք չոլերում բոմժություն անենք։ Էնա չոլերն են գցել. Նոր տարու օրը էրեխես չեկավ, բանակի հըմար հետախուզվում ա. 40 տարեկան մարդ ա, ռոզիսկը վրիցը դուրս ա էկել արդեն, բայց մինչեւ հըմի էրեխես չի կարում Հայաստան գա։ Դատախազը չի մակագրում, ասում ա՝ չենք կարում «Պզեին» կանչենք միլիցիա, որ քննենք. դա կեղծ ցուցմունք ա տվել, որ տղուս տեղը գիտի, որ ուրիշի անունով ա Ռուսաստանում ապրում, թղթերը էկել են, որ ընդեղ տենց մարդ չկա։ Մաֆիա ա, իրանց մաֆիան ա՝ իրար հետ կապված՝ դատախազով, դատարանով. «Շայբի» մաֆիան ա։ 50%-ը Կիրովականի խլել են՝ զավոդներով, բանով։ Ես սաղ կյանք վախ չեմ ունեցել, ինչ ընգել եմ դրանց ձեռը, վախեցել եմ արդեն, ամեն ձեւի տուպիկ են տվել, երբ էլ ուզենան, կբռնեն։ Բայց ես զադնի խոդ չունեմ։ Ես սաղ կյանք ոչ մեկի վրա մի հատ բան գրած չեմ, ստիպեցին, որ ես իրանց վրա գրեմ։ Փող են ուզում ինձանից, ասում են՝ պարտք ես. ես դրանց փող պարտք չեմ, ես էդ փողերը «Շայբին» եմ ուղարկել՝ իրանց «պապային». ես էդ փողը որ ղըրգած չըլնեի, մինչեւ 2004 թիվը դրանք ինձ խեղդած կըլնեին. բա ո՞նց են հանգիստ թողել։ Նոր եմ հաղորդում տալիս, որովհետեւ ստորությամբ էս տունն էլ՝ աներոջս օջախն էլ խլեցին»։

Մելսիկ Այվազյանի աներոջ հարեւան Նորիկ Ռեզյանն այդ մասին ասում է. «Մստոյի» պատմելով էլ, կողքից լսելով էլ գիտեմ, որ «Պզեի» հետ գործ են արել, գումարի խոսակցություն ա էղել. թե հըմի «Մստոն» էդ փողը չի կարողացել տեղ հասցնի, թե ինչ, չգիտեմ, եկան զոքանչին խաբեցին, տունը ձեռից վեր կալան։ Դատախազությունը էն վախտ զբաղվում էր էս գործով՝ վաղամեռիկ Ղազարյանն էր։ Մտանք մոտը, շատ լավ ընդունեց, գործը լսեց, ասավ՝ իյա, էս տունը հլա ձերը չի՞։ Դրա երրորդ օրը խաբարն էկավ, թե էդ մարդին սպանել են»։ «Պզեի» ու «Շայբի» մասին էլ ասում են. «Ընդով ոչ մի բան էին, իսկ հըմի հզոր են, փողատեր տղեք են դառել»։ Իմ նման տղեքին քցին, զավոդները կերան, մանկապարտեզները կերան, անցկացան տների վրա։ Ո՞վ էր «Պզեն». սաղ օրը տաքսավատ էր անում, որ սրանից-նրանից մի բան զապիս անի։ Սրա-նրա ջեբերը բան-ման գցելով բռնել են տալիս բիլիարդանոցում. «Պզեն» ջեբն ա գցում, «Շայբի» տղեքը գալիս բռնում են»,- ասում է Մելսիկ Այվազյանը։ «Պզեին բոլորը ճանաչում են որպես մի կեղտոտ մարդու։ Մարդկանց փողեր ա տվել տոկոսով, տները որպես կալանք վերցրել։ Տոկոսով փող տվող ա, հետն էլ՝ նելեգալ։ Սաղ քաղաքը գիտի էլի, ո՞վ չի ճանաչում»,- ասում է Նորիկ Ռեզյանը։

Հաղորդում տալուց հետո Մելսիկ Այվազյանը հարցաքննվել է Լոռու մարզի քննչականում, դրանով ամեն ինչ վերջացել է, փաստի առթիվ քրեական գործ էլ չի հարուցվել: Վանաձորի կիսակառույց մաքրման կայանից հափշտակություն կատարելու մասին հաղորդման վերաբերյալ մինչ օրս որևէ գրություն չի ստացվել Հատուկ քննչական ծառայությունից։ Դատախազությունն էլ հաղորդումն ուղարկել է Լոռու մարզի քննչական բաժին, որտեղ այն կցվել է մինչ այդ այլ հաղորդմամբ նույն մաքրման կայանից կատարված գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործին։ Այդ գործի նախաքննությամբ պարզվել էր հանցագործություն կատարած անձի ինքնությունը և հայտարարվել էր հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցվել էր։

Մելսիկ Այվազյանի հաղորդումը կցելով այդ նույն քրեական գործին՝ վարույթը վերսկսվել էր, բայց այն դարձյալ կասեցվեց։ Ըստ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գ. Իսպիրյանի՝ Մելսիկ Այվազյանի դիմումի համաձայն կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները. հարցաքննվել են վկաներ, կատարվել են առերեսումներ, տրվել են հանձնարարություններ, որոնք, ըստ նրա, որևէ դրական արդյունք չեն տվել հանցագործության բացահայտման ուղղությամբ։

«Կատարված նախաքննության ընթացքում այլ հանցագործության մասնակիցներ չեն հայտնաբերվել»,-ասում է քննչական բաժնի պետը։ Մելսիկ Այվազյանի նախկին գործընկեր «Պզեն» նույնպես հարցաքննության ժամանակ ժխտել է նրա հանցակիցը լինելու փաստը։ Այնինչ փաստաթղթերով ապացուցվում է, որ «Պզեն» ու «Կիլկին» Մելսիկ Այվազյանի հետ մեկնել են ՌԴ և եղել այն քաղաքներում, որոնք Մելսիկ Այվազյանն է մատնանշում։ Վերջինիս պատմելով՝ մաքսակետերով ապրանքը ՌԴ անցկացնելիս իրենք դրանց վրայից հանել են արտադրապիտակները, և ապրանքները, փաստորեն, չեն գրանցվել։ Բայց նա պնդում է, որ գիտի ու կարող է ցույց տալ, թե որտեղ են տեղադրված իրենց կողմից ՌԴ տարված սարքավորումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter