Ժամանակակից կենսաբանության հսկաները կդասախոսեն Երևանում
Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ Երևանում կազմակերպվում է արտահամալսարանական դասախոսությունների շարք` ուսանողների և երիտասարդ կենսաբանների համար, որի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան ինչպես տեղացի ճանաչված կենսաբաններ, այնպես էլ արտերկրից ժամանած, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ:
Արտասահմանցի գիտնականների թվում են Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը, Ռոբին Վայսը, Մայքլ Նեուբերգերը, Փիթեր Մաքհյուջը ( Մեծ Բրիտանիա), Վիրջինիա Զաքյանը, Էրիկ Գրինը, Գրեգ Համփիկյանը, Սուսան Ուոլեսը ( ԱՄՆ), Միցուհիրո Յանագիդան (Ճապոնիա), Վալտեր Դոերֆլերը (Գերմանիա), Լորենսո Պուրին (Իտալիա), Յանոս Շաբադը (Հունգարիա) և Նոռա Գուսենը (Հոլանդիա):
Արտահամալսարական դասախոսությունների շարքը կազմակերպվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից` Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) աջակցությամբ: Դասախոսությունների թեմատիկ ուղղվածությունը ժամանակակից գենետիկան է և հատկապես` գենետիկական անկայունությունը, որը վերջին տասնամյակում ամենաշատ ուսումնասիրվող թեմաներից մեկն է:
Քաղցկեղի առաջացումը և իմունային համակարգի նորմալ կենսագործունեությունը պայմանավորված են մարդու գենոմում պատահական և նպատակաուղղված մուտացիաների (փոփոխությունների` անկայունության) առաջացումով:
Ավելին, գենետիկական անկայունության ուսումնասիրությունները թույլ են տվել ստեղծել մի շարք մեթոդներ, որոնք լայնորեն կիրառվում են այնպիսի ասպարեզներում, ինչպես օրինակ` դատական գենետիկան և մարդաբանությունը:
Բոլոր վերը նշված թեմաները կներկայացվեն դասախոսությունների ընթացքում: Կքննարկվի նաև գենետիկական անկայունության առաջացման պատճառները և մեխանիզմները, ինչպես նաև այն միջոցները, որոնցով կենդանի օրգանիզմը հակազդում է գենետիկական անկայունությանը:
Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը, ով հանդիսանում է մեկ տասնյակից ավել ակադեմիաների անդամ և Մեծ Բրիտանիայի ասպետ, հանդես կգա բաց դասախոսությամբ, և կներկայացնի ցիկլին սպիտակուցների դերը բջջի բաժանման մեջ: Այս սպիտակուցը հայտնաբերվել է Թիմ Հանթի կողից 1982թ., երբ վերջինս ուսումնասիրում էր ծովաոզնու ձվաբջիջները:
Մի քանի տարի անց նա, այլ գիտնականների հետ համատեղ, պարզեց ցիկլինի գործունեության մեխանիզմը և դրա դերը բջջի բաժանման կարգավորման մեջ: 2001թ. Նոբելյան կոմիտեն բժշկության կամ ֆիզիոլոգիայի ասպարեզում Նոբելյան մրցանակը հանձնեց Թիմ Հանթին, Փոլ Ներսին և Լելանդ Հարտվելին իրենց կատարած մեծ գիտական ներդրման` բջջի բաժանման ուսումնասիրության համար:
Միցուհիրո Յանագիդան իր գիտական ճանապարհը սկսել է` ուսումնասիրելով T4 վիրուսների մոլեկուլային կենսաբանությունը և մորֆոգենետիկան Ժնևի համալսարանում, որտեղից տեղափոխվելով Կյոտոյի համալսարան` փոխել է իր հետազոտությունների ուղղությունը և սկսել է զբաղվել քրոմոսոմների վարքի ուսումնասիրությամբ: Հանդիսանում է շուրջ 300 գիտական հոդվածների հեղինակ, անյպիսի գիտական պարբերականներում ինչպես են Nature, Science և Cell:
Իր ղեկավարած երկու գիտական լաբորատորիաներում կիրառվում են կենսաբանության ժամանակակից մեթոդներ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել քրոմոսոմների վարքը բջջի միտոզում: Այս ասպարեզում ունեցած մեծ գիտական ավանդի համար Յանագիդան պարգևատրվել է մի շարք հեղինակավոր կառույցների կողմից, որոնց թվում են ԱՄՆ –ի և Ճապոնիայի գիտությունների ակադեմիաները:
Հայազգի գիտնական Վիրջինիա Զաքյանը (Փրինստոնի համալսարան) երկար տարիներ ուսումնասիրում է քրոմոսոմների եզրային հատվածները, որոնք կոչվում են թելոմերներ: Հայտնի է, որ բջջի ամեն բաժանումից հետո թելոմերները կարճանում են, և մի քանի տասնյակ բաժանումներից հետո թելոմերներն այնքան են կարճանում, որ անհնար է դառնում բջիջների նորմալ կենսագործունեությունը` թելոմերներին հարակից գեների շարքից դուրս գալու պատճառով, որի արդյունքում դրանք մահանում են:
Թելոմերները չեն կարճանում միայն երկու տեսակի բջիջներում` սեռական և քաղցկեղային, որոնցում գործում է թելոմերազ անունով սպիտակուցը, որը բջջի ամեն բաժանումից հետո վերականգնում է կարճացած թելոմերները: Թելոմերազի ակտիվ լինելը քաղցկեղային բջիջներում թույլ է տալիս վերջիններին դառնալ «անմահ» և անվերջ թվով բաժանվել (ինչը քաղկեղային բջիջների հիմնական հատկանիշն է): Երկար տարիներ անհայտ էր, թե ինչու թելոմերազները չեն գործում մյուս բջիջներում: Զաքյանի լաբորատորիայում հայտնաբերվեց մի սպիտակուց` Pif1p, որը պարզվեց ճնշում է թելոմերազի գործունեությունը խմորասնկերում:
Հետագայում հայնաբերվեցին Pif1p անալոգները այլ կենդանական տեսակների մոտ: Զաքյանի այս հայնագործությունը հայտնի դարձրեց իրեն և իր լաբորատորիան` գիտական լայն շրջանակներում: Այսօր, Վիրջինիա Զաքյանը մեկ տասնյակից ավել մրցանակների դափնեկիր է, հանդիսանում է բազմաթիվ ասոցիացիաների և գիտական պարբերականների խմբագրական կազմի անդամ:
Անգլիացի հայտնի վիրուսաբան Ռոբին Վայսը Երևանում հանդես կգա վերջին շրջանի իր հետազոտությունների արդյունքների զեկույցով, որոնք նվիրված են գենետիկական անկայունությանը քաղկեղային բջիջներում: Այս թեմային զուգահեռ Վայսը երկար տարիներ հետազոտում է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) ախտաբանությունը: Նա առաջինն էր, որ ցույց տվեց բջջի մակերեսի վրա գտնվող CD4 ռեցեպտորների (սպիտակուցներ, որոնց կապվում են վիրուսները և մտնում բջիջ) կարևորությունը ՄԻԱՎ ախտաբանության մեջ: Բացի այդ Վայսի ուշադրության կենտրոնում են եղել քաղցկեղածին վիրուսները:
Պատահական չէ, որ այդ ասպարեզում ունեցած մեծ ավանդի և հեղինակության շնորհիվ նա 1980-1989թթ. գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենազդեցիկ գիտական կառույցներից մեկը` Քաղցկեղի ուսումնասիրության կենտրոնը: Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղցկեղի ուսումնասիրության ասոցիացիայի և մանրէաբանների ասոցիացիայի նախագահ: Նրա ղեկավարած գիտական խմբերը մինչ այսօր զբաղվում են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցների մշակմամբ: 2007թ. ղեկավարում է Բիլ Գեյցի կողմից ստեղծված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կոնսորցիումը:
Մնում է հավելել, որ դասախոսությունները տեղի կունենան այս տարվա փետրվարի 20-26 ընկած ժամանակահատվածում Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Միջոցառման շրջանակներում կկազմակերպվի նաև կլոր-սեղան քննարկում «Գիտությունը և հասարակությունը ապագայում» թեմայով, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ժամանակացույցը, դասախոսությունների թեմաները և այլ հետաքրքրող տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման կայքում` www.febs.yba.am
Հովակիմ Զաքարյան
Ռաֆայել Ազիզյան
Արսեն Գասպարյան
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել