HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները

Հայրենաճանաչությունը` հայրենիքը սիրելու հիմք

Մեզ համար նկարագիր պահելու, հայրենիքին տեր լինելու հիմքում հայրենաճանաչությունն է, որովհետեւ կապվածությունը, արմատի զգացողությունը պայմանավորված է հայրենաճանաչությամբ: «Մեկը, որ իր հայրենիքը չի ճանաչում, իրենից չի կարելի ակնկալել լինել հայրենասեր, ճանաչումն է բերում սեր, կապվածություն»

,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով` պետք է հնարավորություն տալ երիտասարդներին ճանաչելու հայրենիքը` առանց կոչերի, բարոյախրատական խոսքերի:

Այդ առումով, Սամվել Կարապետյանի խոսքերով, միայն դասագրքային մակարդակով է բան արվում, որը շատ քիչ է. «Սա շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ, եթե այսպես շարունակվի: Ամեն ինչի հիմքում հայրենաճանչությունն է, որպեսզի չգաղթենք, որպեսզի պատվով ապրենք, նպաստենք մեր հայրենիքի զորացմանը: Եթե քաղաքացին իր քրտինքը իր հողի վրա է կաթեցնում, երկիրը շահում է»:

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ն նախորդ տարի մի քանի հրապարակումներ ունեցավ, այդ թվում `«Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» գրքույկը:

«Մենք սովոր ենք ասել` ինչ-որ մահմեդական է, գործ չունենք, բայց այդ կառույցի մեջ կենտրոնացած են հայ մարդու ճարտարապետական փորձը, գեղարվեստական ընկալումները, ճաշակը: Սա ցույց է տալիս, որ պատվիրատուն մահմեդական է, կառուցվել է գուցե մի շեյխի պատվերով, բայց կառուցվել է հայ մարդու ձեռքով: Ոչ թե այդ հուշարձանները ինչ-որ ազդեցություն ունեն, այլ դրանք հայ ճարտարապետների ձեռքով կառուցված մահմեդական հուշարձաններ են»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Սկսած 14-րդ դարից մինչեւ 16-րդ դարի սկիզբ` Արցախի տարածքում եղել են մահմեդական հուշարձաններ, որոնք հայ ճարտարապետության գործեր են եւ վերագրվում են թուրքմենական ցեղին: 16-րդ դարից մինչեւ 18-րդ դարի վերջը Արցախում հանդիպում ենք պարսկական հուշարձաններին, բայց սրանք ավելի քիչ են:

«Եթե պարսկական հուշարձանների դեպքում ակնհայտորեն պարսիկ ճարտարապետներ  են եղել, բայց կա նաեւ հայերի մասնակցությունը, ապա մահմեդական հուշարձանները  բացառապես հայերի ձեռքով են ստեղծված»,- ասում է հուշարձանագետը: Վերջին շրջանի հուշարձանները`19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբ,  կովկասյան թաթարների կառուցած գյուղական մզկիթներն են: Հուշարձանների ընդհանուր թիվը հաշվառված չէ, օրինակ` թուրքմենականները մոտ երկու տասնյակ են: «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները»  գիրքը ապագա լուրջ աշխատության նախօրինակը կամ կոնսպեկտ տարբերակն է, որն ունի զբոսաշրջային նշանակություն, այդ իսկ պատճառով էլ հայերեն եւ անգլերեն է: Զուգահեռ պատրաստվում է նաեւ գիտական աշխատություն, որը շատ ավելի ծանրակշիռ է լինելու` լի վերլուծություններով: Հրատարակել է նաեւ «Արցախի հրաշալիքները», որտեղ ընտրված են  Արցախի ձեռակերտ եւ անձեռակերտ հուշարձաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter