HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Նախարարի հայտարարությունը «սիրողական մակարդակի և պոպուլիստական» է

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում իր վերջին ելույթի ժամանակ ասել էր, որ նախագահը մտադիր է Հայաստանում ստեղծել երկպալատանի խորհրդարան, որի վերին պալատում ներկայացված կլինեն սփյուռքահայերը: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքերով` եթե այդ խորհրդարանում ներգրավված են լինելու Հայաստանի քաղաքացիություն չունեցող մարդիկ կամ երկքաղաքացիներ, ապա դա միայն հարցեր է առաջացնում և ոչ թե խնդիրներ լուծում:

Ըստ ՀՀ սահմանադրության 64-րդ հոդվածի` պատգամավորները պետք է 5 տարի շարունակ բնակված լինեն Հայաստանում: Սակայն սփյուռքի ներկայացուցիչներից շատերը վերջին 5 տարվա ընթացքում չեն բնակվել Հայաստանում: ՀՀ Սահմանադրության մեկ այլ` 63-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը պատկանում է Ազգային ժողովին: 63-րդ հոդվածում չի նշում, թե խորհրդարանը մե՞կ, թե՞ երկու պալատ ունի: Սակայն Ալեքսանդր Մարկարովն ասաց, որ շատ դժվար է երկպալատանոց խորհրդարան գտնել մի պետությունում, որն ունի ունիտար կառուցվածք և 3 մլն-ը չգերազանցող բնակչություն: Երկպալատանոց խորհրդարանները սովորաբար իրականացնում են հստակ քաղաքական գործառույթ. անհրաժեշտության դեպքում խորհրդարանում ապահովում են այս կամ այն փոքրամասնության, այս կամ այն դաշնության, նահանգի անդամների, այս կամ այն շահի ներկայացվածությունը: «Մենք կարող ենք միայն ենթադրել, որ խոսքը այնպիսի մի կառույցի մասին է, որը կունենա հավաքագրման, ներկայացուցչական, կոնսուլտատիվ գործառույթ: Եվ այս ամենը հանդես է գալու այն հարցերի շուրջ, որոնք գուցե կարող են ունենալ համահայկական բնույթ և անդրադառնալ այն գաղափարին, որը հնչեցված է եղել նաև նախկինում որպես «հայկական աշխարհ»: Այս իմաստով գաղափարը հետաքրքիր է, որոշ չափով գուցե ընդունելի է»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Ալեքսանդր Մարկարովը: Ասուլիսի մյուս բանախոսը` քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ևս նշեց, որ չգիտի մի երկիր, որի խորհրդարանի վերին պալատի ներկայացուցիչը լինի այլ երկրի քաղաքացի: «Ես կարծում եմ, որ դրանք ուղղակի էմոցիոնալ խոսակցություններ են»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Նա կարևորում է, որ սփյուռքը առավելագույնս սերտ ինտեգրվի Հայաստանի տնտեսական, քաղաքական, հասարակական կյանքին, ինչից կարող են շահել և սփյուռքը, և Հայաստանը: Սակայն ինտեգրման ճանապարհները այլ պետք է լինեն: Երվանդ Բոզոյանը «սիրողական մակարդակի և պոպուլիստական» է համարում այն խոսակցությունները, թե «սփյուռքը ավելի ներգրավված կլինի Հայաստանի կյանքում, եթե սփյուռքի ներկայացուցիչը դառնա Հայաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ»: «Ես չեմ բացառում, որ դրանք ուղղակի սեղանի կողքը ասված խոսակցություններ են: Եվ ես կարծում եմ, որ այդ իմաստով, շատ ավելի լուրջ վերաբերվել այս ամենին չի կարելի»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Նրա կարծքիով «հայկական աշխարհ» կառուցելու համար լուրջ աշխատանք է պետք, իսկ այսօր այդ ուղղությամբ որևէ առարկայական բան չի արվում: Օրինակ` եթե Հայաստանում լինեին գրավիչ ներդրումային միջավայր ու կապիտալի շուկա, ապա սփյուռքից ինտեգրացիոն պրոցեսներ կսկսվեին: «Օրինակ, միջին շերտի ներկայացուցիչները, որոնք իրենց փողերը աշխատեցնում են դրսի բորսաներում, ուղղակի հեշտությամբ կարող էին աշխատեցնել հայկական բորսայում, և դա այնպիսի մի ինտեգրացիոն պրոցես կլիներ, որ ոչ մի սփյուռքի նախարարության անհրաժեշտություն չէր լինի»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter