HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Եթե Արցախը դարձնում ես 3-րդ կողմ, չի նշանակում, որ բոլոր հարցերը մի անգամից կլուծվեն»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` եթե Արցախը ակտիվ ներգրավված լիներ հակամարտության կարգավորման բանակցություններում, ապա հայկական կողմը մանևրելու ավելի մեծ հնարավորություններ կունենար, սակայն այլ խնդիր կարող էր առաջանալ: Օրինակ` այն ժամանակ, երբ Արցախը բանակցությունների կողմ էր, միջնորդները փորձում էին տարանջատել ՀՀ-ի և ԼՂՀ-ի դիրքորոշումները և հակասություններ գտնել` հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է, իսկ Արցախը` ոչ:

«Արդյունքում փուլային տարբերակը հենց դրա համար էլ առաջացավ այն ժամանակ: Նույն բալկանյան կոնֆլիկտի բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ եթե դու Արցախը դարձնում ես 3-րդ կողմ (գուցե կարող է սխալ ընկալվել դա. ես կողմ եմ, որ նա լինի այդ 3-րդ կողմը), չի նշանակում, որ բոլոր հարցերը մի անգամից կլուծվեն: Իհարկե, դրական կլինի մեզ համար, բայց նաև որոշակի մտահոգիչ էլեմենտներ կարող են առաջանալ այստեղ»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Երվանդ Բոզոյանը: Նրա համոզմամբ` Արցախի` բանակցություններից դուրս մնալը պետք է դիտարկել ոչ թե որպես ձևի, այլ բովանդակության խնդիր: Ենթադրենք` Արցախը բանակցություններից դուրս չի մնացել: Միևնույն է` հնարավոր չէր լինի կոմպրոմիս հաստատել, և ոչինչ էլ չէր փոխվի, քանի որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են: Իսկ որ Արցախը բանակցությունների վերջին փուլում կմիանա գործընթացին, ակնհայտ է: Դա չեն հերքում նաև միջնորդները: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, նշեց, որ թեև ՀՀ-ն բանակցություններին մասնակցում է որպես Արցախի շահերի ներկայացուցիչ և անվտանգության երաշխավոր, սակայն Մինսկի խմբի միջնորդները տարածաշրջան այցելելիս պարտադիր լինում են նաև Ստեփանակերտում: «Այսինքն` կամա թե ակամա Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ներգրավված են այս բանակցային գործընթացի մեջ` տվյալ պարագայում իհարկե ոչ որպես բանակցող կողմերից մեկը, այլ որպես կոնսուլտացիոն օղակներից մեկը, որի հետ համանախագահողները մշտական կապի մեջ են: Վերջնական փուլում միանշանակորեն վերջին խոսքը պետք է ներկայացված լինի` Լեռնային Ղարաբաղի ներկայացվածությունը հաշվի առվելով»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը: Անդրադառնալով Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքին` նա հիշեցրեց, որ ըստ Ռիչարդսոնի սպառազինությունների մոդելի` սպառազինությունների կտրուկ ու անվերահսկելի աճը ոչ թե ուղղակիորեն մեծացնում է պատերազմի հավանականությունը, այլ այդ հավանականությունը կախման մեջ է դնում կողմերի հնարավորություններից: «Այսինքն` սպառազինության այս մրցավազքը կարող է հանդես գալ որպես կողմնակի չափանիշ, որը ցույց է տալիս, թե ինչքանով են կողմերը պատրաստ իրականացնել ռազմական գործողությունները»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը: Նմանատիպ կարծիք ունի նաև Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքերով` պատերազմն անխուսափելի կլինի այն ժամանակ, երբ երկու կողմի սպառազինությունների հավասարակշռությունը խախտվի: Իսկ ինքնին այն հանգամանքը, որ երկու կողմն էլ շեշտակիորեն մեծացնում է իր ռազմական ներուժը, դեռ չի նշանակում, որ պատերազմ է լինելու: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի սպառազինությունների մրցավազքը հասավ իր գագաթնակետին, սակայն այդ երկու երկրի միջև պատերազմ չծագեց, քանի որ դիսբալանս չէր առաջացել: Երվանդ Բոզոյանի կարծիքով` քանի որ ոչ ԱՄՆ-ի, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրամիության համար շահավետ չէ Արցախում պատերազմը, նրանք ամեն ինչ կանեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիսբալանս չառաջանա: «Պատերազմի վտանգը միշտ էլ կա, որովհետև Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ ինքը պատրաստվում է պատերազմի: Մեր նպատակը պետք է լինի պատրաստվել, որ այդ պատերազմի ժամանակ չպարտվենք: Պատերազմի պատրաստվելու այդ գաղափարն է, որ ծնում է սպառազինության մրցավազքը, և այստեղ օբյեկտիվորեն` ուզես թե չուզես, այդ մրցավազքը ընթանալու է»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Պատերազմը հավանականությունը, ըստ նրա, կախված է նաև երկրի ընդհանուր` տնտեսական ու քաղաքական զարգացման աստիճանից: Եթե Հայաստանը շարունակի թուլանալ, ապա այդ դեպքում պատերազմի վտանգը էապես կարող է մեծանալ: «Սառը պատերազմի վիճակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Ալեքսանդր Մարկարովի կանխատեսմամբ` առաջիկա 6 ամսում շփման գծում սադրանքները կշարունակվեն, իսկ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հավանականությունը քաղաքագետը շատ փոքր է համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter